Հա

Համայնք

08/05/2012 - 11:08

altaltԵրեքշաբթի, ապրիլի 24-ի երեկոյեան, Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերի շարանում, տեղի ունեցաւ բանախօսական եւ գեղարւեստական ձեռնարկ՝ Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում։ Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, քահանայից դասը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչները, Սիրիայից ժամանած ազգային-հասարակական գործիչ Գրիգոր Տունկեանը եւ հոծ թւով ժողովուրդ։

alt

Որպէս բացման խօսք՝ օրւայ հաղորդավարուհի Լեռնիկ Ծատուրեանը Ոգեկոչման յանձնախմբի անունից ողջունելով ժողովրդի ներկայութիւնը՝ այսպէս արտայայտւեց. «Հայոց պատմութեան ողբալի էջերից 97 տարիներ անց, երբ դեռ թուրքական նենգամիտ արարքները սպառնում են հայի գոյութեանը, երբ դեռ միլիոնաւոր զոհերի արեան կանչը պահանջում է արդարութիւն, ինչքան էլ որ ցաւալի լինի, տեղի է ունենում ազգային-մշակութային եղեռն։ Սակայն, նրանք անկարող են մեզանից խլել հայ միտքն ու ոգին, քանզի մեր մշակոյթն անկողոպտելի է եւ յաւերժական»։ Այնուհետեւ հաղորդավարուհին ներկայացնելով օրւայ բանախօս Գրիգոր Տունկեանի կենսագրականը՝ հրաւիրեց նրան արտայայտւելու։
altՊրն. Տունկեանը Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման իւրաքանչիւր տարին նւաճած հանգրւանների ու իրագործումների վերանայման եւ մեր արդար դատի պահանջատիրութեան նոր օրերի հրամայականների համար նոր ծրագրերի մշակման պահ համարելով՝ աւելացրեց. «Երէկ եւ այսօր մենք ամենայն երկիւղածութեամբ մեր յարգանքը մատուցեցինք մեր Բիւրաւոր Նահատակների յիշատակին, սակայն նահատակները միայն մեր մատուցած յարգանքը չեն ուզում, այլ պահանջում են իրենց նահատակութեան արժանի հատուցումը, որը նաեւ մեր քաղաքական պահանջատիրութեան էութիւնն է»։ Բանախօսն իր խօսքի շարունակութեան մէջ աւելացրեց, որ այսօր մենք ոչ թէ կատարում ենք Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցի ոգեկոչումը, այլեւ նշում ենք մեր վերապրումի 97-րդ տարեդարձը։ Իսկ եթէ մենք չզգանք՝ 97 տարիները եւ այս ընթացքում մեզ շնորհւած վերապրումն ունեն նպատակ եւ ինքնանպատակ չեն, այն ժամանակ այս թւականը կը վերածւի միայն ոգեկոչման արարողակարգի, ինչը շատ հեռու է մեր պահանջատիրական ընթացքից։
Այնուհետեւ Գրիգոր Տունկեանը անդրադառնալով անցնող տասամեակների ընթացքում մեր ժողովրդի պատմութեան անսովոր իրադարձութիւներին՝ աւելացրեց. «Թուրքիայի կողմից մեր հայրենի անկախ պետականութեանը պարտադրւած շրջափակումը վերացնելու պահանջները, դժբախտաբար, ներկայացւել են որպէս հայ-թուրքական հիմնահարցի խնդիր եւ լուծման առաջադրանք։ Աղօտ ակնարկումները՝ մեր իրաւունքների մասին, ոչ միայն Հայոց Ցեղասպանութիւնը կը պարպեն իր բարոյական արժէքից, ոչ միայն թուրքին կը հեռացնեն իր ամբողջական պատասխանատւութիւնից, այլեւ տակաւին արեամբ վերանւաճւած հայկական երկրորդ անկախութիւնը՝ Արցախը, կը վտանգեն։ Որպէս ազգ եւ պետութիւն՝ պէտք է հաստատենք, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչումը, հայութեան իրաւունքների հատուցումը եւ հողային պահանջը համահայկական խնդիրներ են, որոնք պէտք է գոյութիւն ունենան հայկական ամէն տեսակի քաղաքականութեան թղթածրարներում»։
Բանախօսն իր խօսքը շարունակեց՝ նշելով Թուրքիայի որդեգրած հակահայ քաղաքականութեան կողմերը, ինչպիսիք են՝ Հայաստանի շրջափակումը եւ տնտեսապէս կղզիացումը, Հայաստանի եւ հայութեան մեկուսացման քաղաքականութիւնը, Արցախի հիմնահարցի կապակցութեամբ իր կողմից պարտադրւող լուծումները եւ Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ կիրառւող ճնշումները, այսպէս աւարտեց. «Այսօր Ցաղասպանութիւնից 97 տարիներ անց ժամանակն է մեր պահանջատիրական խնդիրը փոխադրել միջազգային իրաւական դաշտ։ Մենք իրաւունք ունենք մեզ պատկանողը ստանալ միջազգային օրէնքի չափանիշերով։ Մեր պահանջը Թուրքիայից Ցեղասպանութեան ճանաչումը եւ դատապարտումը չէ։ Մեր պահանջը հող է։ Եւ երեք տարի յետոյ, երբ պէտք է նշենք Ցեղասպանութեան 100-ամեակը, այնտեղ եւս պէտք է անդրադառնանք, որ մենք տօնակատարութիւն չենք իրականացնում, այլ նոր հանգրւան ենք տեղափոխում մեր պահանջատիրութիւնը»։
altԾրագրի գեղարւեստական բաժնում երգեցողութեամբ ելոյթ ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ խմբավար Համիկ Ալեքսանդրեանի։ Երգչախումբը անզուգական կատարմամբ՝ ազգային-յեղափոխական հինգ ոգեշնչող երգեր հրամցրեց ներկաներին, որոնք էին՝ «Խաղաղ դաշտի որդիք», «Նոյեան աղաւնին», «Ապրիլեան Նահատակներուն», «Սասուն» եւ «Քաջ Անդրանիկ» երգերը։
Այնուհետեւ «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի եւ պարի խումբը, համագործակցութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» պատանեկան երգչախմբի, իրականացրեց մի ներկայացում, որը սկիզբ առաւ Մետաքսէի «Դլէ եաման» բանաստեղծութեամբ՝ Կարէն Խանլարեանի կատարմամբ։ Ապա «Դլէ եաման» երգը կատարեց Թանիա Մինասեանը։ Վահագն Դաւթեանի գրչին պատկանող «Ռեքւիէմ» բանաստեղծութեամբ Ալինա Տէր-Սուքիասեանի միջոցով եւ պարախմբի անդամների պարային շարժումներով լաւապէս պատկերւեց դէպի անապատ տարւող կանանց դառն հոգեվիճակն ու նրանց տանջանքները։ Գեղարւեստական բաժնի շարունակութեան մէջ հայի պահանջատէր ոգին ներկայացւեց Պարոյր Սեւակի «Եռաձայն պատարագ» բանաստեղծութեան մի հատւածով՝ Մանիա Ղուկասեանի կատարմամբ։ Իսկ ներկայացման աւարտին Վանայ Շիրւանեանը կատարեց «Կիլիկիա» երգը։ Յատկանշական է, որ պարային շարժումներով հանդէս եկան՝ Վանէ Շահիջանեանը, Սօսէ Մինասեանը, Մեղեդի Հայրապետեանը, Անի Ասատրեանը, Սիւնէ Շահիջանեանը, Աւենիա Բաղրամեանը եւ Վանէ Իսաղուլեանը։ Վերոնշեալ ներկայացումը իրականացւեց ղեկավարութեամբ՝ Ռիմա Սիմոնեանի ու Կարին Տէր-Մարտիրոսեանի եւ համագործակցութեամբ «Կոմիտաս» երգչախմբի խմբավար Արմէն Ամիրխանեանի։

alt

alt

Որպէս եզրափակիչ ելոյթ՝ իր հայրական օրհնանքը փոխանցեց Տ. Բաբգէն եպս. Չարեանը։
Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնելով բոլոր այն անձնաց, ովքեր անցնող օրերի ընթացքում մասնակցել էին ոգեկոչման ծրագրերին, աւելացրեց. «Գնահատանք ձեզ, որովհետեւ դուք փաստեցիք, որ տէրն էք մեր սրբութիւնների, դուք փաստեցիք, որ ձեր ձայնը կարող էք լսելի դարձնել թուրքին եւ աշխարհին»։ Այնուհետեւ նա իր խօսքի շարունակութեան մէջ արտայայտւելով, որ 1915 թւականի կատարւածը իր դաժանութեան եւ հետեւանքների առումով հնարաւոր չէ համեմատել մեր պատմութեան մէջ արձանագրւած այլ աղէտների հետ, աւելացրեց. «Ժողովուրդները չեն մեռնում, երբ տարագիր են դառնում, երբ հայրենազուրկ են լինում։ Նրանք մեռնում են, երբ հայրենիքի գաղափարն է մեռնում նրանց մէջ, երբ մեռնում է նաեւ նրանց ոգին ու հաւատքը։ Մենք պէտք է շարունակենք մեր ճանապարհը եւ փաստենք, որ մեր ժողովուրդը կարող է ստեղծագործող ու ապրող ժողովուրդ լինել եւ կարող է իր պայքարը շարունակել»։
Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին գնահատանքի խօսք ուղղեց 97-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբին եւ այն բոլոր անձանց, ովքեր յանձնախմբի հետ միասնաբար՝ աշխատել էին՝ ոգեկոչման ծրագրերի կազմակերպման համար։

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։