Հա

Համայնք

03/05/2012 - 11:32

Շաբաթ, ապրիլի 14-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Տ. Բաբգէն եպս. Չարեանի բարձր հովանաւորութեամբ, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առիթով կազմակերպւել էր հանդէս։ Ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ «Նարօտ» երգչախմբի ելոյթը՝ ղեկավարութեամբ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի եւ հիւրասիրութիւն։

alt

Ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, Սպահանի հայոց թեմի Կրօնական ու Կրթական խորհուրդների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Շահինշահրի Համայնքային վարչութիւնը, Շահինշահրի պատգամաւորները եւ մեծ թւով հիւրեր։
«Նարօտ»-ն արդէն դարձել է Շահինշահրի հայ համայնք-ընտանիքի լիիրաւ եւ սիրելի անդամը։ «Նարօտ»-ը սիրւել է թէ՛ փոքրերի, եւ թէ՛ մեծերի կողմից. դա է վկայում լեփ-լեցուն սրահը։
Համերգի սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ օրւայ հանդիսավար Այլին Քեշիշեանը։ Նա բարի գալուստ մաղթելով ներկաներին՝ շնորհաւորեց բոլոր հայ մայրերին։ Նա իր խօսքում նշեց. «Հայ մայրն իր պարզութեամբ եւ պարկեշտութեամբ միշտ ցանկացել է նմանւել Ս. Աստւածամօրը։ Հայ մայրերի շնորհիւ՝ հայ ընտանիքները դարձել են սրբութեան տաճար, սիրոյ բոյն, հայ հաւատքի եւ աստւածային երկիւղի սրբարան, ազգային աւանդոյթների վառ օջախ։ Այս խառնակ դարում հայ մօր պարտականութիւնն է հաւատք ներշնչել, յոյս փոխանցել, քրիստոնէութիւն եւ հայութիւն փոխանցել իր զաւակներին»։ Իր խօսքն աւարտելով՝ բարի վայելում ցանկացաւ եւ հրաւիրեց՝ դիտելու համերգը։
«Նարօտ»-ի անդամ-անդամուհիները մեներգերով, զուգերգերով եւ խմբերգերով երգեցին հայ մայրերի գովքը, երգեցին հայ մայրերի անսահման սիրոյ ու նւիրման մասին եւ արժանացան ներկաների հիացած ու երկարատեւ ծափողջոյններին։ Իսկ համերգի վերջում՝ մի գեղեցիկ անակնկալ։ Տ. Բաբգէն եպս. Չարեանի գրած բառերով եւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի գրած երաժշտութեամբ՝ մի սքանչելի երգ, որը կատարեց ինքը՝ Հայր Սուրբը։ Նրա ձայնը եւ երգի բառերը թափանցեցին իւրաքանչիւր հանդիսականի հոգու խորքը՝ անսահման յուզմունք եւ հիացմունք պարգեւելով։
Այլին Քեշիշեանը «Վարդանանց» դպրոցի ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի անունից շնորհակալութիւն յայտնեց Թեմական խորհրդին եւ Շահինշահրի Համայնքային վարչութեանը՝ իրենց մշտական հովանաւորութեան, Շահինշահրի «Նարօտ» երգչախմբին՝ ղեկավարութեամբ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի՝ իր գեղեցիկ ելոյթի համար, երգչախմբին նւագակցող Հարմա Կարապետեանին եւ երգչախմբի ծնողական խորհրդին՝ համագործակցութեան համար, Վոլգա Շահնազարեանին՝ զգեստների ձեւաւորման համար, Էմմանուէլ Քամարզարեանին եւ Նորվան Աղախանեանին՝ գեղեցիկ երգեցողութեան եւ Արգին Չհարմահալիին՝ բարձրորակ ձայն ապահովելու համար։ Բոլորի վարձքն ի կատար։
Ծրագրի վերջում իր հայրական խօսքը փոխանցեց Տ. Բաբգէն եպս. Չարեանը։ Սրբազան Հայրն իր խօսքում նշեց. «Ահաւասիկ, «Նարօտ»-ը դարձել է փորձառու երգչախումբ։ Եւ այսօր գեղեցիկ երգերի ծաղկեփունջ նւիրեցին իրենց մայրերին։ Իմ գնահատանքի խօսքն եմ ուղղում «Նարօտ» երգչախմբի անդամ-անդամուհիներին եւ յուսով եմ, որ այս զաւակները այսպէս մեծանան եւ բարիք բերեն՝ ձեզ, մեր ազգին, մեր եկեղեցուն։ Գնահատանքի խօսքս եմ ուղղում նաեւ խմբի ղեկավար Հայր Սուրբին, որ այդքան սիրով եւ նւիրումով է աշխատում եւ մենք վայելում ենք նրա աշխատանքի արդիւնքը։ Հայր Սուրբը ոչ միայն սովորեցնում է երգել, այլ տեսանք նաեւ, որ ինքն իր քաղցր ձայնով երգում է եւ այդ երգը նւիրում է բոլոր մայրերին։ Վարձքդ ի կատար, Հայր Սուրբ»։
Ծրագրի աւարտին բոլոր մայրերը հիւրասիրւեցին դպրոցի ծնողական խորհրդի կողմից։

Թղթակից՝ Ադրինէ Իսայեան

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։