Հա

Համայնք

03/05/2012 - 10:36

Երկուշաբթի, ապրիլի 23-ի երեկոյեան

altՀայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի կողմից նախաձեռնւած ծրագրերի շարանում, ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Նոր Ջուղայի պահանջատէր հայորդիների խուռներամ մասնակցութեամբ, Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի տեղի ունեցաւ հսկման արարողութիւն, որն աւարտւեց Տէրունական աղօթքով: Այնուհետեւ խորհրդաւոր լռութեան եւ լոյսերի ներքոյ՝ ներկաները սկսեցին իրենց աւանդական ցոյցը՝ մոմերով երթը՝ դէպի Ս. Ամենափրկիչ վանք՝ առաջնորդութեամբ՝ Սրբազան Հօր, քահանայից դասի, Հայ Դատի յանձնախմբի անդամների, Իսլամական խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, ազգային մարմինների ներկայացուցիչների, Սիրիայից ժամանած ազգային-հասարակական գործիչ Գրիգոր Տունկեանի եւ Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի ջահակիր խմբի:

Քայլերթն ընթացաւ Սպահանի գլխաւոր պողոտաներից՝ Արեւելեան եւ Արեւմտեան Նազարներով եւ Ս. Ամենափրկիչ վանքի պողոտայով: Երթը աւարտւելուն պէս՝ մոմերը տեղադրւեցին Ս. Ամենափրկիչ վանքում վեր խոյացած Ապրիլեան Եղեռնի Նահատակների յուշարձանի մօտ, ինչպէս նաեւ պատւանդանին տեղադրւած Դեր Զորի մասունքների շուրջ:
Այնուհետեւ Ս. Ամենափրկիչ վանքում սկսւեց բողոքի համահաւաք, որը վարեց Լեռնիկ Ծատուրեանը: Նա Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի անունից ողջունելով ժողովրդի ներկայութիւնը՝ այսպէս արտայայտւեց. «Տարիներ անց, երբ դեռ շարունակւում է կոտորածը՝ հայերի դէմ, եւ թուրքը դեռ առիթ է փնտրում ոչնչացնել հայից մնացած եւ նրա գոյութեան ու առաւել եւս նրա մշակոյթի եւ արւեստի մասին վկայող կոթողները, ահա այսպիսի բուռն ներկայութեամբ հայը դառնում է աշխարհին ճանաչեցնելու 1915 թւականը, պատմութեան մի հատոր, որը հանւած է թուրքական գրադարանից»:

alt

Հաղորդավարի արտայայտութիւններին յաջորդեց Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի խօսքը, որն ընթերցւեց յանձնախմբի անդամ Հերմինէ Բաբայեանի միջոցով: Խօսքում կարեւորութեամբ ասւած էր. «Այսօր միջազգային հարթակներում խաղաղասէրի ու բարերարի դեր ստանձնած թուրք կառավարութիւնը փորձում է համոզել ամբողջ աշխարհին, որ գտնւում է այլ հարթութեան վրայ: Դժւար չէ կռահել, թէ թուրք կառավարութեան եւ նրա ծրագրերի յետեւում թաքնւած են նոյն՝ Էնւերը, Ջեմալը եւ Թալէաթն ու նրանց պանթուրքիստական գաղափարները: Ինչո՞ւ Թուրքիան, որ դատապարտում է Սիրիայում կատարւած վերջին իրադարձութիւնները, իր երկրում հանդուրժում եւ արդարացնում է անմեղ մարդկանց սպանութիւնը: Նա դատապարտում է ցեղասպանութիւնները՝ միեւնոյն ժամանակ ժխտելով Հայոց Ցեղասպանութեան փաստը»:
altԵլոյթների շարանում, յանուն Սպահանի հայոց թեմի եւ ազգային մարմինների, արտայայտւեց Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը: Ահա մէջբերումներ՝ այդ ելոյթից. «Թուրքիայի իշխանութիւնների եւ նրա հաւատաւոր եղբայր Ադրբեջանի կողմից Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի հիմնահարցի նկատմամբ կիրառւող ժխտման քաղաքականութիւնը, ամենուրեք տարւող հակահայկական քարոզարշաւը, պատմութեան խեղաթիւրումները, եւրոպական եւ միջազգային կառոյցների դռները բախելը եւ հնչեցւող սպառնալիքները վկայում են, որ Ցեղասպանութեան իրողութիւնը համայն աշխարհին ճանաչեցնելու ուղղութեամբ մեր ժողովրդի կողմից տարւած երկարատեւ եւ պահանջատիրական պայքարը լաւապէս արդիւնաւորւում է, որի հետեւանքով՝ օրըստօրէ ընդարձակւում է այն պետութիւնների թիւը, որոնք պաշտօնապէս ճանաչում եւ դատապարտում են Հայոց Ցեղասպանութիւնը»: Իսկ մի այլ տեղ՝ «Ահաւասիկ, մեզ մնում է վերակազմակերպւենք որպէս մէկ ամբողջական ժողովուրդ եւ համախմբւենք համահայկական ու համազգային բնոյթ կրող ծրագրերի շուրջ: Նոր թափ տանք Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման աշխատանքներին՝ յոյս ունենալով, որ մինչեւ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը Թուրքիային պարտադրելու ենք ընդունելու այն»:

alt

Համահաւաքի շարունակութեան մէջ ասմունքով հանդէս եկան՝ Փերիոյ Կրթասիրաց միութեան ասմունքի խմբի անդամ Մարտունի Խաչիկեանը՝ ղեկավարութեամբ Անահիտ Կիրակոսեանի ու Ն. Ջ. Հայուհեաց բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամներ՝ Վեհանուշ Խուդաբախշեանն ու Արեգա Ծատուրեանը՝ ղեկավարութեամբ դոկտ. Սիլւա Ալլահվերդեանի, իսկ ազգային-յեղափոխական երգերով պահանջատէր ժողովրդին ոգեշնչեցին Շահինշահրի երգիչներ՝ Լիդուշ Քամարզարեանը, Նորվան Աղախանեանը եւ Էմմանուէլ Քամարզարեանը՝ ղեկավարութեամբ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի:
Համահաւաքի եզրափակիչ ելոյթը հանդիսացաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի հայրական օրհնանքը: Սրբազան Հայրը ժողովրդի խոնարհումը Դեր Զորից բերւած նահատակների աճիւների առջեւ յուզիչ պահ համարելով՝ ասաց. «Այսօր մենք Դեր Զորում չենք, սակայն Դեր Զորը մեր մէջ է, քանի որ Դեր Զորից բերւած մեր նահատակների աճիւնները մեզ հետ են»: Այնուհետեւ մէջբերում կատարելով 4-րդ դարի մատենագիր Ագաթանգեղոսի այն խօսքը, որով նահատակների մարմիններն ու ոսկորները Աստծոյ տաճար է անւանել, աւելացրեց. «1915 թւականի ապրիլի 24-ը՝ խաչի մկրտութեան թւականը, չմոռանալու օր է, քանի որ ամբողջ Արեւմտահայաստանը կորցրեց իր հարստութիւնը, իր հրաշակերտ կոթողներն ու ս. եկեղեցիները եւ ամբողջ արեւմտահայութիւնը իր ողջ դասակարգերով առարկայ դարձաւ թուրք պետութեան կողմից սառնասրտօրէն ծրագրւած ցեղասպանութեան: Չմոռանալու օր է, քանի որ կորցրինք մեր հողը եւ մեր հոգեւորականներին ու մտաւորականներին՝ մտքի, հոգու եւ սրտի սերմնացաններին: Ապրիլի 24-ը աշխարհին եւ թուրքին յիշեցնելու օր է նաեւ, որ ճշմարտութիւնը չի կարելի խեղաթիւրել ու գերեզմանել եւ արդարութիւնն է յաղթելու»: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին այս օրը ուխտի վերանորոգման օր անւանելով՝ կոչ ուղղեց միակամ կեցւածքով վերանորոգել մեր ուխտը, հաւատարիմ մնալ մեր նահատակների կտակին, Վարդանի սրին, մեր լեզւին ու ինքնութեանը եւ բռնցքացած հաւաքականութեամբ շարունակել պայքարը:
Սրբազան Հօր ելոյթից յետոյ՝ բոլոր ներկաների կողմից վառւած մոմերով ու Եղեռնի յուշարձանին մատուցւած ծաղիկներով մէկ անգամ եւս անմահացաւ Հայոց Մեծ Եղեռնի Բիւրաւոր Նահատակների յիշատակը:
Բողոքի համահաւաքին յաջորդեց «Ռուբէն» Երիտասարդական միութեան կազմակերպած բաց զրուցարանը (Talk show), որին մասնակցել էին տասնեակ երիտասարդներ: Սկզբում ցուցադրւեց Ցեղասպանութեանն առնչւող մի տեսահոլովակ, որից յետոյ զրուցավարութեամբ հանդէս եկան՝ Մանիա Ղուկասեանն ու Մհեր Խուդաբախշեանը: Նրանք զրոյցի ընթացքում խօսեցին ՄԱԿ-ի կողմից հաստատւած Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի գլուխներից, բացատրեցին Հայ Դատի եւ Հայկական Հարցի հոլովոյթները եւ հայոց պահանջատիրութեան առնչութեամբ երիտասարդներին յուզող մի շարք հարցեր՝ լսելով նաեւ ներկաների տեսակէտները՝ այդ ուղղութեամբ:

alt

Յատկանշական է, որ այդ օրը երեկ. ժամը 5-ից վանքի շրջափակում 24-ժամեայ նստացոյցի էին դիմել «Թադէոս Թադէոսեան» Պատանեկան միութեան անդամները, որոնք համահաւաքի ամբողջ ընթացքում իրենց վանկարկումներով ու յեղափախական երգերով ոգեւորում էին ներկաներին: Իսկ անմար ջահերը ձեռքներին բռնած՝ Եղեռնի զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի շուրջ հսկման արարողութիւն տեղի ունեցաւ Նոր Ջուղայի «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով: Նախորդ տարիների նման՝ տեղի ունեցաւ նաեւ արեան տւչութիւն:
Ուշագրաւ էր նաեւ Ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ յուշարձանի շրջափակում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան լուսանկարների ցուցահանդէսը, որով Ս. Ամենափրկիչ վանք այցելող զբօսաշրջիկներին առիթ է ընձեռւում՝ դիտելու Ցեղասպանութեան իրողութիւնը փաստող լուսանկարները եւ անմեղ զոհերի յիշատակին մէկական մոմ վառելու:

 

Երեքշաբթի, ապրիլի 24-ի առաւօտեան

altԱպրիլ 24-ի առաւօտեան Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի նախագահութեամբ եւ քահանայից ու դպրաց դասերի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն: Արարողութեանը երգեցողութեամբ մասնակցում էր նաեւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի: Հոգեհանգստեան արարողութեանը յաջորդեց ազգային մարմինների, միութիւնների եւ դպրոցների պատասխանատուների ծաղիկների մատուցումը:

alt

altԱյնուհետեւ սկիզբ առաւ քաղաքական բողոքի համահաւաքը եւ հաղորդավար Լեռնիկ Ծատուրեանը հրաւիրեց Շաքէ Մովսիսեանին՝ նստացոյցի դիմած «Թադէոս Թադէոսեան» Պատանեկան միութեան խօսքն ընթերցելու: Սոյն խօսքում այս հաւաքը նոր ուխտի եւ յանձնառութեան վերահաստատման առիթ համարելով՝ ասւած էր. «Ցեղասպան Թուրքիան ձախողել է իր հայակործան ծրագիրը աւարտին հասցնելու մէջ քանի որ մենք ու մեր հասակակիցները Հայաստանում, Արցախում, Ջաւախքում եւ Սփիւռքի տարբեր համայնքներում գոյութիւն ունենք ոչ միայն ֆիզիկապէս, այլեւ՝ մեր անբեկանելի կամքով, մեր հաստատ ու նպատակաուղղւած պայքարով, մեր անքակտելի կապւածութեամբ հայ մշակոյթին, լեզւին ու փառապանծ պատմութեանը, մեր անվիճարկելի հաւատարմութեամբ անկախացած մեր հայրենիքին՝ Հայաստանին եւ ազատագրւած սուրբ հողին՝ Արցախին եւ որ ամենից կարեւորն է՝ ապագայի նկատմամբ անսպառ յոյսով, որ այո մենք ի վիճակի ենք հաստատել արդարութիւնը»:
altՀամահաւաքի մի այլ հանգրւանում ելոյթ ունեցաւ Իրանի Իսլամական խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Ահա մէջբերումներ՝ այդ ելոյթից. «Հայերը Ցեղասպանութեան հետեւանքով առաջացած ցնցումի պատճառով՝ այդ ոճրին յաջորդող հանգրւաններն անց են կացրել պոռթկումներով, ինքնաուրացումներով, վերագտնումներով եւ վերյիշումներով, իսկ հետագայում վրէժխնդրութեամբ լցւած զգացմունքներով ու գաղափարներով մինչեւ անցել են պահանջատիրութեան հանգրւանին եւ այսօր ներկայացնում են հատուցման պահանջը: Դա ինքնին վկայում է, որ ազգն էլ ինչպէս անձը, կարող է իրեն վերագտնել, վերակազմակերպել եւ նպատակասլաց հետեւել իր առաքելութեանը: Բայց, ոճրագործ թուրքը ի՞նչ է ստացել այս 97 տարիների ընթացքում: Կարելի է տարբեր մեկնաբանութիւններով յայտնել, թէ նրանք ունեցել են հողային ամբողջականութիւն, կերտել են պետականութիւն, շփումների մէջ են միջազգային կառոյցների եւ այլ երկրների հետ, սակայն Թուրքիան այսօր տառապում է ինքնութեան եւ ինքնագիտակցութեան նկատմամբ ունեցած թերահաւատմամբ»:

alt

Պատգամաւորի ելոյթից յետոյ՝ ներկաները վեր բարձրացրած բռունցքներով վանկարկեցին դատապարտող ու հատուցում պահանջող կարգախօսներ եւ նրանց պահանջատիրական ցոյցը շարունակւեց նաեւ Վանքի փողոցում: Բողոքի համահաւաքն աւարտւեց վերածնունդ ներշնչող «Սարդարապատ» երգով:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։