Հա

Համայնք

26/04/2012 - 12:04

altՆոր Ջուղայի թղթակից - Ապրիլի 20-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները այս անգամ հանդիպում էին նախաձեռնել Նոր Ջուղայի հայ համայնքի հետ՝ իրենց գործունէութեան տարբեր բնագաւառների ու ապագայ ծրագրերի մասին զեկոյց ներկայացնելու եւ ժողովրդի տեսակէտներն ու առաջարկներն ունկնդրելու նպատակով:

Թեմի ազգային մարմինների ու ենթամարմինների անդամներից բացի՝ հանդիպմանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, քահանայից դասը, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ հոծ թւով ժողովուրդ:
Կայացած հանդիպումը, որ վարում էր Ադրինէ Ղեւեանը, սկիզբ առաւ Թեմական խորհրդի կողմից իրագործւած մի շարք աշխատանքներից պատրաստւած տեսանիւթի ցուցադրմամբ: Այնուհետեւ բեմ հրաւիրւեցին՝ Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Աշոտ Դաւթեանը եւ Կրօնական ու Թեմական խորհուրդների ատենապետեր՝ Արշալոյս Խուդավերդեանը եւ Նոէլ Մինասեանը՝ նշւած մարմինների զեկոյցը ներկայացնելու համար:
Նախ Աշոտ Դաւթեանը հակիրճ զեկոյց ներկայացրեց Պատգամաւորական ժողովի դիւանի գործունէութեան մասին, որում կարեւորութեամբ նշեց նաեւ կատարւած հանդիպումների եւ ապագայ ծրագրերի վերաբերեալ՝ ակնարկ նետելով Պատգամաւորական ժողովին ենթակայ յանձնաժողովների աշխատանքներին:
Հանդիպման շարունակութեան մէջ թեմի Կրօնական խորհրդի մէկամեայ գործունէութեան շուրջ զեկոյց ներկայացրեց Արշալոյս Խուդավերդեանը, որը հիմնականում անդրադարձաւ թեմի հոգեւոր եւ եկեղեցական կեանքին, Սրբազան Հօր գլխաւորութեամբ կատարւած հանդիպումներին ու աշխատանքներին եւ ընտանեկան անհամաձայնութիւնների լուծման ուղղութեամբ կեանքի կոչւած ատեանի, Կիրակնօրեայ դպրոցների ու Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի աշխատանքներին:
Հանդիպման վերջին զեկուցաբեր Նոէլ Մինասեանը մեծապէս գնահատելով համայնքի անդամների, ի մասնաւորի երիտասարդների ներկայութիւնը՝ սոյն հանդիպմանը եւ առհասարակ ազգային կեանքում՝ Թեմական խորհրդի մէկամեայ գործունէութեանն առնչւող զեկոյցը սկսեց՝ իրազեկելով խորհրդի կողմից հիմք ընդունւած սկզբունքների մասին: Այնուհետեւ ներկաների ուշադրութեանը յանձնեց 11 գլուխներից եւ 66 ենթագլուխներից բաղկացած խորհրդի ծրագիրը, որը միեւնոյն ժամանակ ցուցադրւում էր պաստառի վրայ: Սոյն ծրագրում ուշագրաւ էին՝ շինարարական նախագծերը, երիտասարդների խնդիրներով զբաղւող եւ ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման ուղղութեամբ աշխատող խորհուրդների նշանակման ու առաջնորդարանում իրաւական գրասենեակի հիմնադրման նախագծերը:
Հանդիպման երկրորդ բաժնում ներկաներից ոմանք գնահատելով ազգային մարմինների կողմից իրագործւած աշխատանքները՝ արծարծեցին իրենց տեսակէտներն ու առաջարկները եւ պատասխանատուներից ստացան իրենց յուզող հարցերի պատասխանները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։