Հա

Համայնք

16/04/2012 - 10:51

Ծաղկազարդ եւ Դռնբացէք

Կիրակի, ապրիլի 1-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Աստւածածին ու Ս. Յովհաննու եկեղեցիներում եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ ու տօնւեց մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակը:
altՍ. Ստեփանոս եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը:
Ս. պատարագի աւարտին եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ մանուկների թափօրի արարողութիւն, որի ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրն իր օրհնութիւնը տւեց մանուկներին:
Երեկոյեան ժամը 5:30-ին առաջնորդ Սրբազան Հայրը ներկայ գտնւեց Ս. Յովհաննու եկեղեցում եւ նախագահեց Դռնբացէքի արարողութեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց: Մեծ պահքի ամբողջ տեւողութեամբ փակւած մնացած եկեղեցու վարագոյրը հանդիսաւոր արարողութեամբ բացւեց, որով սկսւեց Աւագ շաբաթւայ խորհրդաւոր ժամանակաշրջանը:

Տասը կոյսերի յիշատակի օր

Երեքշաբթի, ապրիլի 3-ին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի եկեղեցիներում կատարւեց տասը կոյսերի յիշատակը: Ս. Աստւածածին եկեղեցում արարողութեանը նախագահում էր Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը:
Արարողութեան ընթացքում Ս. Աւետարանի ընթերցման պահին, երբ Քրիստոսի պատմած տասը կոյսերի առակն էր կարդացւում, տասը աղջիկներ, ովքեր ներկայացնում էին առակի հինգ իմաստուն եւ հինգ յիմար կոյսերը, եկեղեցական շապիկ հագած, իրենց ձեռքերում մոմեր բռնած, ներկայացան եկեղեցու դաս: Վիճակահանութեամբ խորհրդանշականօրէն յայտնւեցին իմաստուն եւ յիմար կոյսերը, ովքեր, ինչպէս Ս. Աւետարանն է պարզում, պատկերացումն են Աստծու Արքայութեանը դիմաւորելու պատրաստ եւ անպատրաստ մարդիկ: Վերջում առաջնորդ Սրբազանն իր պատգամը տւեց եւ օրւայ խորհուրդը բացատրեց հաւատացեալներին եւ մանաւանդ հայոց դպրոցի ուղեցոյց օղակի աշակերտուհիներին, որոնք եկել էին մասնակցելու եկեղեցական արարողութեանը եւ տասը կոյսերի թատերական պատկերը ներկայացնելու:

Վերջին ընթրիքի յիշատակի օր

Աւագ հինգշաբթի, ապրիլի 5-ին եկեղեցիներում տեղի ունեցաւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի, ընդորում Ս. Հաղորդութեան հաստատման, Ոտնալւայի եւ Խաւարման արարողութիւնները:
altԱռաւօտեան ս. պատարագի ժամանակ առաջնորդ Սրբազան Հայրը յաջորդաբար ներկայ եղաւ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եւ Ս. Մինաս եկեղեցիներում, նախագահեց արարողութեանը եւ իր օրւայ պատշաճ քարոզը փոխանցեց ներկայ հաւատացեալներին: Եկեղեցիներում ներկայ էր հայոց դպրոցների աշակերտութիւնը՝ իրենց ուսուցիչների հետ, ովքեր ստացան Ս. Հաղորդութիւն, որը յիշեցնում էր Վերջին Ընթրիքի պահին մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով օրհնւած հացն եւ գինին՝ որպէս Իր Մարմինն ու Արիւնը եւ փրկութիւն՝ իրեն հաւատացողների համար:
Երեկոյեան առաջնորդ Սրբազան Հայրը ներկայ եղաւ Ս. Յովհաննու եկեղեցում, որտեղ հանդիսաւոր կերպով կատարւեց Ոտնալւայի արարողութիւնը: Առաջնորդ Սրբազան Հայրը արարողութեան պահին, օրինակ ստանալով Յիսուս Քրիստոսից, ղենջակ կապեց եւ ծունկի գալով լւաց 12 պատանիների ոտքերը, ովքեր ներկայացնում էին Յիսուսի 12 առաքեալներին: Արարողութեան պահին երգւող եւ ընթերցւող շարականները, աղօթքներն ու գրքերը բոլորը փոխանցում էին մեր Տիրոջ սովորեցրած սիրոյ եւ խոնարհութեան դասերը, որոնք անհրաժեշտ են մարդուն՝ աստւածահաճոյ կեանք ունենալու համար:
Երեկոյեան ժամը 7:30-ին առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացաւ Ս. Ստեփանոս եկեղեցում՝ նախագահելու Խաւարման արարողութեանը: Աւետարանական ընթերցումներով եւ խորիմաստ շարականների ու մեղեդիների երգեցողութեամբ առլեցուն այս արարողութիւնը խորհրդանշում է մեր Տիրոջ ձերբակալութիւնն ու չարչարանքը, որը յանձն առաւ մարդկութեան փրկութեան համար:
Երկարատեւ արարողութեան ընթացքում մարեցին եկեղեցու բոլոր լոյսերը՝ ի նշան Յիսուս Քրիստոսի խաչի վրայ Իր հոգու աւանդման: Այդ խորհրդաւոր պահին առաջնորդ Սրբազան Հայրն իր յուզիչ խօսքն արտասանեց՝ ներկայ հաւատացեալներին յիշեցնելով, որ Քրիստոսը խաչւեց մեր մեղքերի թողութեան համար, որի պատճառով՝ պէտք է առաքինի եւ մեղքերից հեռու կեանք որդեգրենք՝ Քրիստոսի սիրոյ մէջ մնալու համար:

Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի թաղման յիշատակի օր

Աւագ ուրբաթ, ապրիլի 6-ի երեկոյեան ժամը 6:30-ին Սպահանի հայոց թեմի բոլոր հոգեւորականաց դասը մէկտեղւել էր Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում, ուր տեղի ունեցաւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի թաղման յիշատակի արարողութիւնը: Արարողութեանը նախագահում էր Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը:
Տեղի ունեցաւ թաղման խորհրդանշական կարգը եւ եկեղեցու դասի կենտրոնում տեղադրւած Քրիստոսի գերեզմանը խորհրդանշող ծաղկազարդեալ դագաղի առջեւ ծունկի եկած՝ հոգեւորականաց դասը յուզիչ կերպով երգեց «Սուրբ Աստւած»-ը: Թաղման կարգի աւարտին առաջնորդ Սրբազանն իր պատգամը տւեց հաւատացեալներին՝ յիշեցնելով, որ «Անմահութիւն պարգեւող Քրիստոսը այսօր մահւան հողի մէջ խոնարհւեց: Անմատոյց լոյսի մէջ բնակւողը այսօր երկրի սրտում թաղւեց»: Իր խօսքի աւարտին շեշտեց, որ այսօրւայ ծաղկազարդեալ գերեզմանը մեզ համար խորհրդանիշ է անմահութեան: Ապա հոգեւորականաց դասը ծունկի եկած երգեց «Խաչի Քո Քրիստոս» շարականը:

Ճրագալոյց Ս. Զատկի

Մեծ պահոց ժամանակաշրջանն իր աւարտին հասաւ շաբաթ, ապրիլի 7-ի երեկոյեան հայոց եկեղեցիներում մատուցւած Ճրագալոյցի սուրբ եւ անմահ պատարագով: Նոր Ջուղայի եւ Շահինշահրի եկեղեցիներում հանդիսաւոր ս. պատարագ տեղի ունեցաւ, որին մասնակցեցին հաւատացեալներ՝ իրենց խուռներամ շարքերով՝ Ողջոյնի պահին լսելու «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» յաղթանակի աւետիսը:
Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայ էր եւ ս. պատարագին նախագահում էր Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում: Ս. պատարագի ընթացքում կատարւեց Զղջման արարողութիւնը, որից յետոյ ներկայ հաւատացեալներն ստացան Ս. Հաղորդութիւն:
Տեղին է անդրադառնալ, որ նոյն օրը նաեւ Ս. Աստւածածնի Աւետման տօնն էր, ինչպէս նաեւ Մայրերի տօնն էր: Առաջնորդ Սրբազանն իր խօսքում յիշեց մեր բոլոր մայրերին եւ շնորհաւորեց՝ նրանց մաղթելով երկար կեանք եւ քաջառողջ օրեր: Ս. պատարագի աւարտին Եկեղեցեաց վարչութեան կողմից Տիկնանց յանձնախմբերը մէկական ծաղիկ նւիրեցին բոլոր մայրերին:

Ս. Զատիկ

Կիրակի, ապրիլի 8-ի առաւօտեան, մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի յաղթական Յարութեան տօնի առթիւ, ս. պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց եկեղեցիներում:
Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, «Նարեկ» երգչախմբի ընկերակցութեամբ, հանդիսաւոր թափօրով մուտք գործեց սրահ եւ պատարագեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում եւ իր զատկական ոգեշունչ պատգամը փոխանցեց ներկայ հաւատացեալներին: Պատարագիչ Սրբազան Հօրը սպասարկում էին Շահինշահրի հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը եւ նորաօծ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը: Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում, Քրիստոսի Ս. Յարութեան խորհուրդը ներկայացնելուց բացի, յայտարարեց, որ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, Կրօնական խորհրդի եւ Շահինշահրի Համայնքային վարչութեան համախորհուրդ որոշմամբ, նշանակւել է որպէս Տ. Անանիա վրդ. Գուճանեանի օգնական եւ Շահինշահրի հոգեւոր հովիւ, որի կապակցութեամբ իր շնորհաւորանքները փոխանցեց Շահինշահրի հայ համայնքին:
Ս. պատարագի աւարտին, դարձեալ հանդիսաւոր թափօրով, պատարագիչ Սրբազան Հայրը դուրս եկաւ հայոց դպրոցի բակ՝ օրհնելով ներկայ հարիւրաւոր հաւատացեալներին եւ շարականի երգեցողութեամբ բարձրաձայն «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» աւետիսով խաղաղութեամբ արձակեց ժողովրդին:
Ս. պատարագից յետոյ, առաջնորդ Սրբազան Հայրն իր կողքին ունենալով Հայր Սուրբին, Տէր Հօրը եւ Շահինշահրի Համայնքային վարչութեան անդամներին, ընդունեց ժողովրդի շնորհաւորանքները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։