Հա

Համայնք

16/07/2013 - 10:40

altՎերջերս իրանահայ երիտասարդ ճարտարագէտ Նորվան Քեշիշեանի բացառիկ յաջողութիւնը՝ նանոհեղուկների առնչութեամբ կատարած մի շարք ուսումնասիրութիւնների շրջագծում, ընդունւեց որպէս բացայայտում, ինչը մեծ պատիւ բերեց ոչ միայն նրան, այլեւ՝ իրանահայութեանը։
Նորվան Քեշիշեանը ծնւել է 1987 թւականի յունիսի 15-ին՝ Նոր Ջուղայում: Տարրական, ուղեցոյց եւ միջնակարգ կրթութիւնն ստացել է Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում՝ աչքի ընկնելով որպէս գերազանցիկ աշակերտ, իսկ նախահամալսարանականը՝ «Փույանդեգան» պարսկական դպրոցում:

Նա 2005 թւականին ընդունւել է Շահրեզայի Ազատ համալսարանի քիմիայի ճարտարագիտութեան ճիւղում՝ պետրոքիմիայի թեքումով, եւ գերազանց միջինով աւարտել 2009 թւականին՝ լիսանսի աստիճանով:
Այնուհետեւ ուսումը շարունակելով գերլիսանսի մակարդակում Սպահանի Արդիւնաբերական համալսարանի քիմիայի ճարտարագիտութեան ճիւղում՝ փոխանցման երեւոյթների թեքումով, նոյնպէս յաջողել է ստանալ գերազանցիկ շրջանաւարտի կոչում: Նորվանը թւականիս մարտին պաշտպանել է իր գերլիսանսի աւարտաճառը, որն առնչւում է նանոտեխնոլոգիայի ոլորտին՝ «Ակտիւ էլեկտրոններ պարունակող եօների զանգւածի փոխադրումը՝ էլեկտրոլիտային նանոհեղուկի մէջ» խորագրով եւ արդիւնքում՝ արժանացել քսան գնահատականի:
Վերջին տարիների ընթացքում գիտնականները տարրալուծարանային պայմաններում լուրջ հետազօտական աշխատանքներ են նախաձեռնել ջերմութեան փոխադրման հարցում նանոհեղուկների դերակատարութեան բացայայտման կապակցութեամբ, եւ սոյն փոխադրման երեւոյթներում առկայ նմանութիւնները պատճառ են հանդիսացել, որ գիտաշխատողների մօտ առաջանայ հետեւեալ հարցը՝ արդեօք նանոհեղուկները նոյնպէս դերակատարութիւն ունե՞ն զանգւածների փոխադրման մէջ թէ՝ ոչ: Նորվան Քեշիշեանը եւ իր խորհրդատու դասախօս պրոֆ. Նասրէ Էսֆահանին անդրադառնալով վերոնշեալ տեսակէտին՝ տարբեր հետազօտութիւնների կիրառմամբ՝ կարողացել են առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որոնցով կարելի է արդարացնել զանգւածի ընդլայնման եւ կրճատման ընթացքը՝ նանոմասնիկների ներկայութեամբ: Սոյն գիտա-հետազօտական աշխատանքի արդիւնքը ոչ միայն գիտաշխատողների ուշադրութեան առարկայ է դարձել՝ որպէս նոր բացայայտում, այլեւ արժանացել է բազմաթիւ գնահատականների:
Նորվանն իր աւարտաճառի նիւթի ուսումնասիրման ընթացքում մասնակցել է մի շարք գիտական համագումարների եւ մինչ օրս իր աւարտաճառի կապակցութեամբ կազմել է երկու հեղինակային յօդւածներ, որոնցից առաջինը շուտով տպագրւելու է «International communications in heat and mass transfer» գիտական թերթում, իսկ երկրորդը նոյնպէս փոխանցւել է մի այլ պարբերաթերթի՝ հրատարակման համար:
Այս փայլուն յաջողութիւնից յետոյ՝ Նորվան Քեշիշեանը ցանկանում է իր ուսումը շարունակել աշխարհահռչակ համալսարաններից մէկում, որտեղ կարող է օգտւելով պատկան համալսարանի կրթաթոշակից՝ իր գիտելիքների մակարդակն առաւել բարձրացնել տեսական եւ փորձնական առումներով:
Այս բացառիկ յաջողութեան կապակցութեամբ շնորհաւորելով Նորվան Քեշիշեանին եւ նրա ծնողներին՝ երիտասարդ ճարտարագէտին մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ ու նւաճումներ՝ կեանքի բոլոր ասպարէզներում։

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։