Հա

Համայնք

25/10/2018 - 11:30

Մոհսէն Ռահիմի. «Ազատ տնտեսական գօտու հարցով իրանական ընկերութիւնների հետաքրքրւածութիւնը բարձր է»

Մեծ թւով իրանական ընկերութիւններ են ցանկանում աշխատել «Մեղրի» ազատ տնտեսական գօտում, սակայն այն գործարկելու համար ոչ մի ակտիւ քայլ չի արւել: Այս մասին հոկտեմբերի 24-ին «Եւրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրոյցում ասաց Հայաստանում Իրանի առեւտրի կցորդ Մոհսէն Ռահիմին: 

«alikonline.ir» - Մեծ թւով իրանական ընկերութիւններ են ցանկանում աշխատել «Մեղրի» ազատ տնտեսական գօտում, սակայն այն գործարկելու համար ոչ մի ակտիւ քայլ չի արւել: Այս մասին հոկտեմբերի 24-ին «Եւրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրոյցում ասաց Հայաստանում Իրանի առեւտրի կցորդ Մոհսէն Ռահիմին: 

Նա հաւաստիացրեց, որ համապատասխան ենթակառուցւածքների առկայութեան դէպքում իրանական ընկերութիւններն անպայման կը գան «Մեղրի» ԱՏԳ աշխատելու: Գրում է «news.am»-ը:

«Պատճառը, որ իրանական ձեռնարկատերերը «Մեղրի» Ազատ տնտեսական գօտիում ռեզիդենտութեան յայտ չեն ներկայացնում այն է, որ ԱՏԳ-ն համապատասխան ենթակառուցւածքներ չունի եւ իր զարգացման նախնական փուլում է գտնւում: Անձամբ եղել եմ սահմանին ԱՏԳ տարածքում եւ պէտք է ասեմ, որ այնտեղ ոչինչ արւած չէ»,- ասաց Հայաստանում Իրանի առեւտրի կցորդը:

Նրա խօսքով՝ իրանցիների համար «Մեղրի» ԱՏԳ-ում աշխատելը շահաւէտ է եւ գրաւիչ նրանով, որ դա շատ հարկատեսակներից է ազատում, դիւրացնում է մաքսային ընթացակարգերը, չի նախատեսում սակագնային որեւէ սահմանափակում: Ռահիմին նշեց, որ դրանից բացի, սահմանի միւս կողմում է գտնւում իրանական «Արաս» ԱՏԳ-ն, եւ երկու գօտիների տարածքային ձեռնտու տեղակայումը նրանց հնարաւորութիւն է տալիս արդիւնաւէտ համագործակցութիւն հաստատել:

«Մնում է միայն սպասել, որ «Մեղրի»ԱՏԳ-ն սկսի աշխատել»,- շեշտեց կցորդը:

Նա այնուհետեւ շարունակեց, որ իրանական կողմից ԱՏԳ-ի հանդէպ հետաքրքրութիւն են դրսեւորում ամենատարբեր ոլորտների ընկերութիւններ՝ աւտոկառուցման, մսամթերքի արտադրութեան, մեքենաշինութեան, դեղագործութեան եւ այլն:

«Միաժամանակ, Հայաստանի մասնակցութիւնը իրանական կողմին հնարաւորութիւն կը տայ դուրս գալ ԵՏՄ շուկայ»,- նշեց Ռահիմին:

Հարցին՝ որքա՞ն ժամանակ պահանջւեց, որպէսզի «Արաս» ԱՏԳ-ն գործի, նա պատասխանեց, որ Իրանում նման գործունէութիւնը շատ հեշտ է ծաւալւում, դրա համար համապատասխան պայմանները մեծ դիւրութեամբ են ստեղծւում:

«Մեղրի» ԱՏԳ տնօրէն Աշոտ Զարբաբեանն իր հերթին նշեց, որ աշխարհում եւ ոչ մի ազատ տնտեսական գօտի չի կարող աշխատել հիմնադրումից յետոյ 1-2 տարում՝ բերելով «Արաս» ԱՏԳ-ի օրինակը, որն ամբողջ հզօրութեամբ գործարկւել է հիմադրումից միայն 5 տարի յետոյ:

«Առայժմ պատրաստ է միայն վարչական շէնքը եւ ԱՏԳ ցուցադրութեան տարածքը, իսկ այն կը սկսի գործել, երբ բոլոր բաղադրիչները  իրար կը կցւեն: Սա տեխնիկական հարց է»,- հաւաստիացրեց «Մեղրի» ԱՏԳ տնօրէնը:

Նրա խօսքով՝ ազատ տնտեսական գօտու հարցով իրանական ընկերութիւնների եւ ԵԱՏՄ-ից ընկերութիւնների հետաքրքրւածութիւնը բարձր է, սակայն իրենց կողմից կոնկրետ քայլեր դեռ չեն արւել. ազատ տնտեսական գօտում ռեզիդենտութեան համար ձեռնարկատէրերը պէտք է կոնկրետ ներդրումային նախագծեր եւ բիզնես ծրագրեր ներկայացնեն:

Զարբաբեանն ասաց, որ իրանական կողմից պասիւութիւնը կարող է պայմանաւորւած լինել Իրանից արտահանման արգելքի հետ, քանի որ մինչ ԱՏԳ-ի ստեղծումը բազմաթիւ իրանական ընկերութիւնների հետ քննարկումներ են անցկացւել, ինչպէս նաեւ «Արաս» ԱՏԳ-ի հետ համագործակցութեան մասին յուշագիր է կնքւել:

Տնօրէնը յիշեցրեց, որ միայն դեռ մէկ ընկերութիւն՝ «Բոնւարոն» ՍՊԸ-ն է «Մեղրի» ԱՏԳ-ում աշխատելու յայտ ներկայացրել, որը կառավարութեան կողմից դրական եզրակացութիւն է ստացել:

Այս ընկերութիւնը յաջորդ տարւանից կը սկսի աշխատել ԱՏԳ-ի շրջանակներում: Այն նախատեսում է Իրանից հումք ներկրել Հայաստանում կաթնամթերք արտադրելու եւ այլ երկրներ արտահանելու համար:

Սիւնիքի մարզում «Մեղրի» ԱՏԳ-ն բացւել է 2017-ի դեկտեմբերի 15-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։