Հա

Համայնք

28/01/2020 - 14:30

«Հայ Դատի եւ Արցախի բարեկամներ» խորագրով հանդիպումը՝ Նոր Ջուղայում

Չորեքշաբթի՝ 2020 թւականի յունւարի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիում կայացաւ «Հայ Դատի եւ Արցախի բարեկամներ» խորագրով հանդիպումը՝ Հայ Դատի յանձնախմբի հիմնադրման 75-ամեակին նւիրւած։

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ 2020 թւականի յունւարի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիում կայացաւ «Հայ Դատի եւ Արցախի բարեկամներ» խորագրով հանդիպումը՝ Հայ Դատի յանձնախմբի հիմնադրման 75-ամեակին նւիրւած։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, Իրանի Իսլ. Խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ռոբերտ Բեգլարեանը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներ։

Երեկոյի բացման խօսքն ընթերցեց Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի անդամ Նարինէ Տէր-Գրիգորեանը։ Նա անդրադառնալով Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ իրագործւած հայկական կոտորածներին՝ սկսած 1919 թւականի Ագուլիսի հայկական ջարդից մինչեւ 1988-1990 թւականներին Ադրբեջանում տեղի ունեցած կոտորածները, նշեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայ Դատի յանձնախումբն իր օրակարգում ներառելով Հայաստանի, Արցախի եւ ընդհանրապէս հայութեան դիմագրաււած հարցերի լայն շրջագիծը, միջազգային հանրութեանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանութիւնից բխած բոլոր հետեւանքները եւ յետագայ տարիների հայկական կոտորածները՝ որպէս անպատիժ մնացած ոճրագործութեան արդիւնք։

Այնուհետեւ 2019 թւականի հոկտեմբերին Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Արցախի արտգործնախարարութեան կազմակերպութեամբ Ստեփանակերտում կայացած «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամներ համաժողովի կապակցութեամբ զեկոյցով հանդէս եկան նոյն խորհրդաժողովի մասնակիցներից, Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի անդամներ՝ Զօրիկ Յովսէփեանն ու Լորիս Նաւասարդեանը։ Զեկուցաբերները հիմնականում անդրադարձան երկօրեայ համաժողովի ընթացքում արծարծւած թեմաների կարեւորագոյն բաժիններին եւ ձեռքբերումներին, յատկապէս ընդգծելով, որ առաջին անգամը լինելով աւելի քան 150 ոչ հայ քաղաքական մտաւորականներ եւ մամլոյ գործիչներ զանազան երկրներից ներկայ էին գտնւել սոյն համաժողովին, ովքեր իրենց  զօրակցութիւնը յայտնեցին Հայ Ժողովրդին՝ ի մասնաւորի Արցախին։

Զեկուցաբերներն աւելացրեցին նաեւ, որ համաժողովում ընդհանուր պատկեր է ներկայացւել նաեւ Իրանի Հայ Դատի գրասենեակների աշխատանքներից։

Յաջորդիւ սփռւեց Մոսկւայի, Եւրոպայի եւ Ամերիկայի Հայ Դատի գրասենեակների աշխատանքներից տեսանիւթ, որից յետոյ բանախօսութեամբ հանդէս եկաւ ազգային գործիչ եւ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի անդամ Սոնիկ Բաղումեանը։

Նա նշելով, որ 1944 թւականի դեկտեմբերին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնութեամբ եւ յաջորդաբար ձեռնարկած գործողութիւններով, Նիւ Եորքում ստեղծւեց Հայ Դատի յանձնախումբը, որի գործողութեան սկիզբը հանդիսացաւ 1945 թւականի սկզբին, անդրադարձ ունեցաւ սոյն գրասենեակի նախնական գործունէութեանը եւ աւերացրեց, որ կենտրոնի առաջին նախաձեռնութիւնը եղաւ՝ ամերիկեան, անգլիական եւ Խորհրդային Միութեան կառավարութիւններին յուշագրերի ներկայացումը եւ համապատասխան բացատրութիւնների փոխանցումը։

Սոնիկ Բաղումեանն ընդգծեց նաեւ, որ քաղաքական քայլերից բացի, Հայ Դատի յանձնախումբն իր հիմնադրման առաջին տարիներից սկսած, մեծ ջանք գործադրեց Հայ Դատի մասին հանրային միտքը լուսաբանելու ուղղութեամբ՝ մամուլով, ռադիոյով եւ զանազան այլ միջոցներով։ Յանձնախումբը թափ հաղորդեց անգլերէն լեզւով հրատարակութիւններին՝ երկու տարւայ ընթացքում տպելով եւ հազարաւոր հաստատութիւններին, թերթերին, ռադիոկայաններին եւ պետական գործիչներին ուղարկելով տասնեակ հրատարակութիւններ՝ գրքեր, յօդւածներ, հաղորդագրութիւններ եւ յուշագրեր։

Բանախօսն իր զրոյցի երկրորդ բաժնում բացատրութեամբ հանդէս եկաւ 2019 թւականի աւարտին Ամերիկայի Ներկայացուցիչների տան եւ Ծերակոյտի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունման գործընթացի շուրջ։

Շարունակութեան մէջ Հայ Դատի աշխատանքների զանազան փուլերի, ինչպէս նաեւ Հ.Յ.Դ. 20-րդ Ընդհանուր Ժողովում Հայ Դատի հետապնդման շրջագծում կայացած որոշումների մասին մի շարք տեղեկութիւններ փոխանցեց ազգային, քաղաքական եւ հասարակական գործիչ Թաթուլ Օհանեանը, իսկ վերջում կազմակերպիչների խնդրանքով Ռոբերտ Բեգլարեանը բացատրութեամբ հանդէս եկաւ վերջին ժամանակներում Իրանի ժողովրդին յուզող հարցերի կապակցութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։