Հա

Համայնք

04/02/2020 - 13:30

Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարի այցը Նոր Ջուղա

Երկուշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 3-ի կէսօրին, ներկայութեամբ Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար դոկտ. Մունեսանի, Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան Սպահանի գերատեսչութեան տնօրէն պրն. Ալլահեարիի, մի շարք այլ պետական բարձրաստիճան պաշտօնատարների ու Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների, պաշտօնական բացումը կատարւեց «Սէթ Եսայեան» աւանդական հիւրանոցի։

 «Սէթ Եսայեան» աւանդական հիւրանոցի պաշտօնական բացումը կատարւեց նախարար դոկտ. Մունեսանի ձեռամբ

 

«alikonline.ir» - Երկուշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 3-ի կէսօրին, ներկայութեամբ Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար դոկտ. Մունեսանի, Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան Սպահանի գերատեսչութեան տնօրէն պրն. Ալլահեարիի, մի շարք այլ պետական բարձրաստիճան պաշտօնատարների ու Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների, պաշտօնական բացումը կատարւեց «Սէթ Եսայեան» աւանդական հիւրանոցի։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Թեմական խորհրդի զբօսաշրջութեան ոլորտին առնչւող նախագծերի շրջագծում, «Քոչեր» հայկական թաղամասում գտնւող եւ պատմական անցեալ ունեցող թեմապատկան այս բնակարանը համապատասխան վերանորոգութիւններից յետոյ վերածւել է աւանդական հիւրանոցի եւ անւանակոչւել «Սէթ Եսայեան» անւամբ։ Հիւրանոցի տնօրէն է նշանակւել Զաւիկ Ղարախանեանը, ով կատարել է տեղի կահաւորումը։ 

«Սէթ Եսայեան» հիւրանոցի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ նախարարի ձեռամբ մուտքի ժապաւէնի յատմամբ, որից յետոյ ներկաները մօտիկից ծանօթացան կատարւած վերանորոգութեան բարձրորակ աշխատանքին ու հիւրանոցի հնարաւորութիւններին։ Դոկտ. Մունեսանը բարձր գնահատելով նախնական շինութիւնից որոշ բաժինների նոյնութեամբ պահպանումը՝ մի շարք մասնագիտական խորհուրդներ տւեց հիւրանոցին առաւել իւրայատուկ տեսք հաղորդելու համար։ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանն այցելուներին ներկայացրեց շէնքի պատմական անցեալը։

Այնուհետեւ հիւրերը ուղեւորւեցին դէպի Ս. Ամենափրկիչ վանք, որտեղ նրանց դիմաւորեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը։ Այցելութեան յաջորդ հանգրւանը հանդիսացաւ «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցին, ուր բոլորն իրազեկւեցին սոյն պատմական կոթողի անցեալի մասին։ Դոկտ. Մունեսանը դրւատանքի խօսք ասելով աւելի քան 400 տարի անցեալ ունեցող Նոր Ջուղայի եւ տեղի հայ բնակչութեան մշակոյթի ու արւեստի կապակցութեամբ, շեշտեց, որ Նոր Ջուղան, որպէս Սպահան քաղաքի զբօսաշրջութեան արհեստի առանցքներից, մեծ դէր ունի սոյն ոլորտի զարգացման գործում։ Նա նաեւ իր համաձայնութիւնը յայտնեց նմանատիպ նախագծերի հովանաւորման համար։

Յաջորդիւ ներկաներն այցելեցին վանքի մօտակայքում գտնւող «Արմենիա» աւանդական հիւրանոց, որը նոյնպէս պատմական անցեալ ունեցող թեմապատկան բնակարան է։ Սոյն հիւրանոցը վերանորոգւել եւ կահաւորւել է Սաքօ Սիմոնեանի եւ Ժորժիկ Ղազարեանի միջոցով։ Դոկտ. Մունեսանը ծանօթացաւ շինութեան պատմութեանը, վերանորոգման եւ մի բաժնի վերաշինութեան աշխատանքներին ու հիւրանոցի հետ կապւած ապագայ ծրագրերին։ «Արմենիա» աւանդական հիւրանոցի պաշտօնական բացումը կը կատարւի մինչեւ իրանական Նորուզի արձակուրդների մեկնարկը։

Այցելութիւնների աւարտին նախարարը, նահանգապետն ու պրն. Ալլահեարին (հիւրերն) իրենց հիացումն ու գնահատանքն արտայայտեցին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին՝ Նոր Ջուղայի զբօսաշրջութեան արհեստի զարգացման ուղղութեամբ կատարած ծաւալուն գործունէութեան կապակցութեամբ, իսկ պրն. Ռեզային թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների ներկայութեամբ հեռախօսազրոյց ունենալով աւիաչւերթի ոլորտի պատասխանատուներից մէկի հետ, վերջինից խոստում ստացաւ Սպահան-Երեւան չւերթի վերականգնման ուղղութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։