Հա

Համայնք

09/02/2020 - 12:40

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առթիւ նահատակների հոգիների խաղաղութեան համար հոգեհանգստեան արարողութիւն՝ Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 6-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակների՝ ի մասնաւորի պարտադրեալ պատերազմի ընթացքում ընկած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

«alikonline.ir» - Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 6-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակների՝ ի մասնաւորի պարտադրեալ պատերազմի ընթացքում ընկած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում արարողութեան կազմակերպիչ յանձնախմբի անունից արտայայտւեց Արիս Դաւթեանը, ով  շեշտելով, որ Իրանի կրօնական փոքրամասնութիւններն իրենց անժխտելի դերակատարութիւնն են ունեցել երկրի հողային ամբողջականութեան պաշտպանման, ինչպէս նաեւ զանազան ոլորտներում զարգացման ու բարգաւաճման ուղղութեամբ, ընդգծեց, թէ իրանցիները երախտապարտ են իրենց նահատակներին, քանի որ երկրի այսօրւայ ապահովութիւնն ու խաղաղութիւնը ձեռք է բերւել նրանց թանկագին արեան շնորհիւ։

Օրւայ առթիւ խօսքով եւ ասմունքով հանդէս եկան նոր սերնդի ներկայացուցիչներ, «Քանանեան-Կատարինեան» դպրոցի աշակերտներ՝ Վանէ Յովսէփեանն ու Արթուր Քամարզարեանը, ապա թեմակալ առաջնորդի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։

Վերջում ներկաները խունկ ծխեցին Իրան-Իրանք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած թեմիս վեց զաւակներ՝ Վրէժ Բաղումեանի, Մկրտիչ Թումասեանի, Հրաչ Յակոբեանի, Ռայմոնդ Բաղրամեանի (Խաթուն-Նեժադ), Վարդան Աբրահամեանի եւ Հենրիկ Տէր-Յովհաննիսեանի յուշաքարերի առջեւ։

Արարողութեանը ներկայ էին Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան բարձրաստիճան պաշտօնատարները, ազգային մարմինների անդամները, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, հայ նահատակների հարազատները, «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի պատասխանատուներն ու աշակերտ-ուհիները եւ հայ ու պարսիկ հայրենակիցներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։