Հա

Համայնք

15/02/2020 - 11:00

Սրբոց Վարդանանց տօնը՝ Նոր Ջուղայում

Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, ձեռամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի։

«alikonline.ir» - Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, ձեռամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Յատկանշական է, որ Սրբոց Վարդանանց տօնը զուգադիպելով Իրանի խորհրդարանական ընտրութիւնների նախօրեակին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի կարգադրութեամբ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում նշւեց մէկ շաբաթ շուտ։

Արարողութեանը մասնակցում էին նաեւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ թեմի դպրաց դասի ներկայացուցիչները։ Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Պատարագիչ քահանայ հայրն օրւան պատշաճ իր քարոզում անդրադառնալով Վարդանանց պատերազմին՝ ի մասնաւորի ընդգծելով այն փաստը, որ հայերը թշնամու մեծաթիւ եւ զանազան զէնքերով օժտւած զօրքին յաղթեցին իրենց հայրենասիրութեան կուռ ոգու եւ հաւատի շնորհիւ, շեշտեց, թէ Վարդանանց պատերազմը հայ ազգի պատմութեան ամենափայլուն էջերից է եւ այդ պատմութեամբ դարեր շարունակ դաստիարակւել են մատաղ սերունդները։ Նա շեշտելով, որ մարդ արարածը մահկանացու է, իսկ պատմութիւնը յաւերժական, կոչ արեց աշակերտներին՝ իրենց գիտութեամբ, իմաստութեամբ եւ մշակոյթով հայ ազգի համար կերտեն այնպիսի պատմութիւն, որով կը հպարտանան յետագայ սերունդները։

Աւարտին ներկաները հաղորդութիւն ստացան քահանայ հայրերի ձեռամբ։

Պատարագին ներկայ էին՝ ազգային մարմինների ներկայացուցիչները, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական կրթահամալիրի 4-րդ դասարանի եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներն ու պատասխանատուները եւ ժողովուրդ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։