Հա

Համայնք

25/04/2020 - 12:30

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի պատգամը Ցեղասպանութեան 105-ամեակի առթիւ

Հինգշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 7։00-ին, Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի Սպահանի հայոց թեմի ոգեկոչման յանձնախմբի ինստագրամի armeniangenocide_nj էջով, ուղիղ միացմամբ հեռարձակւեց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի պատգամը՝ Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի առթիւ։

Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը եւ Ժողովրդական մոմավառութիւն՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

 

«alikonline.ir» - Հինգշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 7։00-ին, Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի Սպահանի հայոց թեմի ոգեկոչման յանձնախմբի ինստագրամի armeniangenocide_nj էջով, ուղիղ միացմամբ հեռարձակւեց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի պատգամը՝ Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի առթիւ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սրբազան Հայրը նշեց. «Այս տարի Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը տեղի է ունենում արտակարգ պայմաններում՝ կորոնավիրուս համաճարակի պատճառով. համաճարակ, որի հետեւանքով այսօր ողջ աշխարհը անդամալուծւել է ու մինչեւ օրս աշխարհում մահացել են աւելի քան 150 հազար մարդ։ Մեծ պետութիւնների ղեկավարութիւնները փորձում են գտնել ու խստագոյնս պատժել այս համաճարակի տարածման պատասխանատուներին, սակայն միւս կողմից նոյն այդ ղեկավարութիւնները կոյր մտքով եւ մեռած խղճով են մօտենում Հայոց Ցեղասպանութեան հարցին. Ցեղասպանութիւն, որը մեզանից խլել է մեր հայրենիքի ամբողջ արեւմտեան բաժինն ու առաւել քան 1.5 միլիոն անմեղ զոհեր»։

Նա իր խօսքի աւարտին ասաց. «Եթէ վերապրել ու վերականգնել ենք Ցեղասպանութիւնից, դա տեղի է ունեցել մեր հաւատի եւ յոյսի շնորհիւ, իսկ եթէ այդ հաւատին ու յոյսին միախառնենք համերաշխութիւնը, հանդուրժողականութիւնը, յարգանքն ու յարատեւ ծրագրւած աշխատանքը, կարող ենք հասնել մեր պահանջատիրական Դատի ամբողջական լուծմանը»։

Նա աւարտին կոչ արեց բոլորին մասնակցել միասնական մոմավառութեանը։

Հեռարձակումից յետոյ, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, նախագահութեամբ առաջնորդ Սրբազան Հօր եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի, դռնփակ կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը, իսկ երկոյեան ժամը 8։00-ից տեղի ունեցաւ միասնական մոմավառութիւն, ուր Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը բնակարանների լուսամուտներին եւ պատշգամբներին վառած մոմերով, իրենց պահանջատիրութեան ձայնը միացրեցին համայն հայութեան արդար Դատը պահանջող ձայնին։

Հարկ է նշել, որ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան միջոցով մոմեր վառւեցին Սրբոց Վարդանանց եկեղեցու շրջափակում՝ Մեծ եղեռնի զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթողի առջեւ։

 

Լուսանկարիչ՝ Ստուդիա Գեւիկ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։