Հա

Համայնք

30/05/2020 - 14:10

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 102-ամեակի տօնակատարութիւնը՝ Նոր Ջուղայում

Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 102-ամեակի Սպահանի հայոց թեմի Տօնակատարութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, սոյն պանծալի տօնի բուն միջոցառման տեսանիւթը, հինգշաբթի՝ 2020 թւականի մայիսի 28-ի երեկոյեան ժամը 8։00-ին, տեղադրւեց «national.events_nj» ինստագրամի էջում, ինչպէս նաեւ թեմի Ազգային առաջնորդարանի կայքէջում (norjugha.ir)։

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 102-ամեակի Սպահանի հայոց թեմի Տօնակատարութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, սոյն պանծալի տօնի բուն միջոցառման տեսանիւթը, հինգշաբթի՝ 2020 թւականի մայիսի 28-ի երեկոյեան ժամը 8։00-ին, տեղադրւեց «national.events_nj» ինստագրամի էջում, ինչպէս նաեւ թեմի Ազգային առաջնորդարանի կայքէջում (norjugha.ir)։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում իրականացւած այս տօնակատարութիւնն սկիզբ առաւ դրօշակի արարողութեամբ՝ նոյն միութեան Սկաուտական միաւորի դրօշակակիր խմբի միջոցով, ապա տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ, որն աւարտւեց ՀՀ օրհներգով ու «Տէրունական» աղօթքով։

Ծրագրի շարունակութեան մէջ բանախօսական ելոյթ ծաւալեց ազգային-հասարակական գործիչ եւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, ով շնորհաւորելով Մայիս 28-ի՝ հայ ժողովրդի յարութեան եւ վերազարթօնքի տօնի կապակցութեամբ, նշեց. «Պատմութեան տարբեր ժամանակաշրջաններում օտարների բռնութիւնն ու զրկանքը հայ ժողովրդի մօտ խորացրեց անկախութեան ձգտումը եւ այդ ձգտումը հայի մօտ դարձաւ ազգային իւրայատուկ նկարագիր»։

Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշելով, որ թուրքերը հայաթափելով Արեւմտեան Հայաստանը՝ 1918 թւականին յարձակւեցին Արեւելեան Հայաստանի վրայ, այն յոյսով, որ հայաթափելու են նաեւ այնտեղ, աւելացրեց, թէ՝ լինելու կամ չլիենլու հարցի առջեւ կանգնած հայութիւնը ոտքի ելաւ եւ Մայիսեան հերոսամարտերի արդիւնքում ոչ միայն պարտութեան մատնեց իր դարաւոր թշնամուն, այլեւ փրկեց հայ ժողովրդին վերջնական բնաջնջումից ու  հռչակեց Հայաստանի Հանրապետութիւնը։

Բանախօսն իր խօսքի վերջին բաժնում անդրադառնալով Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման շնորհիւ իրականացւած ձեռքբերումներին, դրանք այսպէս թւարկեց.

«ա. Թէեւ թուրքին յաջողւեց հայաթափել Արեւմտեան Հայաստանը, սակայն Մայիսեան հերոսամարտերի շնորհիւ նա չկարողացաւ նոյն ծրագիրն իրականացնել Արեւելեան Հայաստանում։

բ. Եթէ մինչեւ Մայիս 28-ը հայը տարւած էր տեղայնական մտորումներով, Հայաստանի Հանրապետութեան ստեղծումով հայն իր հայեացքը սեւեռեց մէկ ազգ եւ մէկ հայրենիքի գաղափարի վրայ։

գ. Մայիս 28-ը փշրեց 600 դար հայի հոգում առաջացած ստրկութեան հոգեբանութիւը եւ նրա մէջ արմատաւորեց անկախութեան ու ազատութեան գաղափարը։

դ. Եթէ չլինէր Հայաստանի Հանրապետութիւնը, բոլշեւիկեան բանակի ներխուժումով չէր ստեղծւելու Խորհրդային Հայաստանը, այլ ստեղծւելու էր մի ինքնավար մարզ՝ ենթակայ Ադրբեջանին կամ Վրաստանին։

ե. Մայիս 28-ի գաղափարի շնորհիւ էր, որ հայ ժողովուրդը շուրջ 70 տարի Խորհրդային Հայաստան կոչւելուց յետոյ, Սեպտեմբեր 21-ին քւէարկեց յօգուտ իր անկախութեանը։

զ. Մայիս 28-ի գաղափարն էր, որ ոտքի հանեց հայ ժողովրդի քաջարի զաւակներին, որոնց  խիզախ պայքարի շնորհիւ ստեղծւեց Արցախի Անկախ Հանրապետութիւնը»։

Բանախօսութիւնց յետոյ իրականացւեց գեղարւեստական յայտագրով ծրագիր, որտեղ «Հայ ենք մենք» երգը կատարեցին երիտասարդ երգիչներ՝ Վանա Շիրւանեանը, Թանիա Մինասեանն ու Վանանդ Իսաղուլեանը, երգի ընթացքում պարային կատարումներով հանդէս եկաւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի պարախումբը։ Յաջորդիւ նոյն համոյթի ասմունքի խմբի անդամուհի Թալին Մովսիսեանը արտասանեց Վարանդի «Շառաչող շղթաներ»-ից հատւած, իսկ որպէս վերջաբան հնչեց «Սարդարապատ» երգը՝ «Դումահ» երաժշտական խմբի կատարմամբ. խմբի մեներգիչն էր Վահան Վարդեւանեանը։

Յատկանշական է, որ Մայիսի 28-ին, տօնակատարութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ «national.events_nj» ինստագրամի էջով ցուցադրւեց «Պատմութեան անխօս վկաներ» խորագրով տեսանիւթը, որտեղ Լեռնիկ Ծատուրեանը ներկայացրեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարանի Հայաստանի Հանրապետութեան տաղաւարը։ Սոյն տեսանիւթը ցուցադրւեց նաեւ Երկիր Մեդիայի տօնական եթերի ընթացքում։

Անցնող շաբաթւայ ընթացքում նշւած ինստագրամի էջում տեղադրւեցին՝ դրւագներ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան կերտման պատմութիւնից, համայնքի միութիւնների եւ դպրոցների միասնական խօսքի տեսանիւթը, ուր հատւած առ հատւած առաձնաբար ընթերցեցին պատկան կառոյցների ներկայացուցիչները, տեսահոլովակներ՝ համայնքի գեղարւեստական խմբերի կատարմամբ, Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտութեան նկարչութիւններն ու ասմունքները եւ գիտելիքների մրցոյթի հարցաշար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։