Հա

Համայնք

20/09/2020 - 13:40

Իրանահայ նահատակ Հրաչ Յակոբեանի մասունքները տուն վերադարձան

Իրանահայ նահատակ Հրաչ Յակոբեանի մասունքները տուն կը վերադառնան: Այս մասին է տեղեկացնում Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը:

Շուրջ 10 տարի նրա դին հանգիստ էր առել Զահեդանի անյայտ զինւորի շիրիմում

 

«ԱԼԻՔ» - Իրանահայ նահատակ Հրաչ Յակոբեանի մասունքները տուն կը վերադառնան: Այս մասին է տեղեկացնում Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը:

Վարուժ Մինասեանը յաւելեց, նահատակը, ով մինչ օրս համալրում էր պատերազմի անյայտ կորածների ցուցակը, երկար տարիներ ամփոփւած է եղել Զահեդանի Ազատ համալսարանի շրջափակում՝ անյայտ նահատակների յիշատակին կառուցւած շիրիմում: Այս մասին առաջինը տեղեկացրել է նոյն համալսարանի հասարակայնութեան հետ կապերի գրասենեակը:

Նոյն կապակցութեամբ երէկ, Յեղափոխութեան պահապանների կորպուսի, ինչպէս նաեւ բանակի հրամատարական կազմի ներկայացուցիչներն այցելելով նահատակի ընտանիքին ներկայացրել են նահատակ Հրաչ Յակոբեանի մասնակցած վերջին գործողութեան եւ զոհւելու կարգը:

Հանդիպմանը ներկայ են եղել Սպահանի թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը եւ Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թորոսեանը: Սպահանի նահանգային ԶՈՒ-ի շտաբի պետի համաձայն, նահատակ Հրաչ Յակոբեանը քաջաբար զոհւել է 1987 թւականի ապրիլի 9-ին, «Քարբալա 9» գործողութեան ընթացքում, որն իրականացւել էր Ղասրէ Շիրինից հիւսիս-արեւելք ընկած Բաբա Հադի շրջանը ազատագրելու նպատակով:

Սիստան-Բալուչեստանի Ազատ համալսարանի տրամադրած տեղեկութեան համաձայն՝ նահատակ Հրաչ Յակոբեանի դին հանգիստ էր առել համալասրանում տեղակայւած անյայտ զինւորի շիրիմում՝ 2013-ի ապրիլից: «Իսկ այժմ, տասը տարի անց խոր վշտով հրաժեշտ ենք տալիս մեր քաջարի հիւրին, ով իր ներկայութեամբ բազմաթիւ սրտերի ապաւէնն էր այստեղ»,- նշւած է յայտարարութեան մէջ:

Նշենք, որ նահատակ Հրաչ Յակոբեանը մարտական գործողութիւնների ամենածանր օրերին ծառայում էր Քերմանշահի արեւմուտքը պաշտպանող «բանակի 81-րդ դիւիզիայում»:

Նահատակի ընտանիքի հետ հանդիպմանը Սպահանի նահանգային շտաբի հրամանատարը անդրադառնալով պատերազմի օրերին երկրի հանդէպ իրանահայութեան ունեցած պարտքի աննկարագրելի զգացումի փաստին, կարեւորեց իրանահայ նւիրեալների ու նահատակների առկայութեան փաստը, եւ նշեց, որ յեղափոխութեան առաջնորդը զուր չէ, որ նրանց 12 սուրբ առաքեալների օրինակով դասել է երկիր սիրող ու պաշտպանող առաքեալների շարքը:

Յիշեցնենք, որ նահատակի ընտանիքի ցանկութեամբ, Հրաչ Յակոբեանի մասունքները հանգիստ կառնեն իր ծննդավայր Նոր Ջուղայի գերեզմանատանը՝ Նահատակներին յատկացւած բաժնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։