Հա

Համայնք

19/12/2020 - 12:10

Հայ ռազմագերիների կապակցութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդի նամակին արձագանքեց Իրանում Ռուսաստանի դեսպանատունը

Նամակների առաքումից օրեր անց, երեքշաբթի՝ դեկտեմբերի 15-ի առաւօտեան, թեմակալ առաջնորդին այցելեցին Իրանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանի օգնական Օլեգ Ռեշիկովն ու Սպահանում Ռուսաստանի գլխաւոր հիւպատոս Բորիս Բուրմիսթրոֆը:

«alikonline.ir» - Դեկտեմբերի 7-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն առանձին նամակներով դիմեց Իրանի արտաքին գործերի նախարարութեանը եւ Իրանում Ռուսաստանի ու Ֆրանսիայի դեսպանատներին, որտեղ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին ամիսների իրադարձութիւնների եւ այդ իրադարձութիւնների հետեւանքով հայ ժողովրդին հասցւած մարդկային ու տարածքային կորուստների մասին, բարձրացրել էր հայկական կողմի անյայտ կորածների ու ռազմագերիների հարցը եւ Ադրբեջանի ցուցաբերած անմարդկային վերաբերմունքը դիակների եւ գերիների նկատմամբ: Նա վերոնշեալ կառոյցներին դիմել էր, համապատասխան քայլեր ձեռնարկելով օր առաջ կարգաւորել անհետ կորածներին գտնելու, զոհւածների աճիւններն ու գերիներին վերադարձնելու անյետաձգելի գործը: Տեղեկացնում է Ս. Ամենափրկչեան վանքի Հանրային կապը:

Վերոնշեալ գրութիւններին ներփակւած փոխանցւել էր նաեւ Հայաստանի Մարդու Իրաւունքների հրապարակած պաշտօնական նամակը, ուր հաւաստի աղբիւրների հիմամբ եւ ականատեսների վկայութեամբ ներկայացւած էր ոչ միայն մերօրեայ իրավիճակը, այլեւ բուն նպատակն ու պահանջը՝ թէ ինչ է մեր ազգի սպասումը մեծ պետութիւններից, եւ ի մասնաւորի ԵԱՀԿ Մինսկին համանախագահող երկրների ղեկավարներից ու նրանց ներկայացուցիչներից:

Նամակների առաքումից օրեր անց, երեքշաբթի՝ դեկտեմբերի 15-ի առաւօտեան, թեմակալ առաջնորդին այցելեցին Իրանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանի օգնական Օլեգ Ռեշիկովն ու Սպահանում Ռուսաստանի գլխաւոր հիւպատոս Բորիս Բուրմիսթրոֆը:

Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը ռուսական պատւիարկութեանը դիմաւորեց Սբ. Ամենափրկիչ վանքի «Ծաղկեայ դահլիճ»-ում: Հանդիպմանը ներկայ էին նաեւ թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայցուցիչներն ու ազգային առաջնորդարանի դիւանապետը:

Հիւրերի հետ զրոյցը հիմնականում ծաւալւեց ռուսական խաղաղապահ զօրքերի եւ Ռուսաստանի կողմից Արցախում իրականացւող մարդասիրական աշխատանքների ի մասնաւորի ռազմագերիների ազատութեան ուղղութեամբ նախաձեռնած քայլերի շուրջ:

Սրբազան Հայրն իր խօսքում նշելով, որ տարծաշրջանում Ռուսաստանն ու Իրանը միշտ եղել են հայ ժողովրդի բարեկամ երկրները, յատկապէս կարեւորեց Ռուսաստանի դերակատրութիւնը հրադադարի հաստատման եւ Արցախին աջակցելու ուղղութեամբ:

Նա անդրադառնալով նաեւ նախորդ օրը Հադրութի շրջանի երկու հայկական գիւղերի վրայ ադրբեջանական զօրքի կատարած յարձակմանը, գնահատեց Ռուսաստանի կառավարութեան ու խաղաղապահ զօրքերի գործողութիւնները՝ ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ուղղութեամբ համապատասխան քայլերը ձեռնարկելու համար։

Այնուհետեւ հիւրերը յանձնեցին Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Լեւոն Ջաղարեանի նամակը, որը գրւել էր ի պատասխան թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր նամակի:

Նամակում դեսպանը նշելով, որ Ռուսաստանի կառավարութեան եւ մասնաւորապէս նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մեծ ջանքեր ի գործ դրւեցին՝ Արցախում խաղաղութեան հաստատման համար, աւելացրել էր նաեւ, որ պայմանագրի ստորագրումից յետոյ նոյնպէս, Ռուսաստանը որեւէ ջանք չի խնայում այդ ուղղութեամբ եւ փորձում է նախապայմաններ ստեղծել, ոչ միայն փախստականների վերադարձի եւ անվտանգութիւնն ապահովելու, այլեւ այդ տարածքներում կեանքի բնականոն ընթացքը վերականգնելու համար:

Շարունակութեան մէջ դեսպանն ընդգծել էր նաեւ, որ ներկայ դրութեամբ Ռուսաստանի արտակարգ իրավիճկաների նախարարութեան խմբերն իրենց մարդասիրական օգնութիւնն են ցուցաբերում տեղի ժողովրդին, իսկ հարկ եղածը կատարւում է քաղաքային ենթակառուցւածքի ներառեալ դպրոցների ու հիւանդանոցների վերանորոգման եւ վերաշինութեան ուղղութեամբ:

Նա շեշտելով, որ հայ ժողովրդի հետ կիսում է ռազմագերիների հետ կապւած մտահոգութիւնները, վստահեցրել էր, թէ Ռուսաստանի Դաշնութիւնը «Կարմիր Խաչ» կազմակերպութեան հետ համագործակցաբար բոլոր քայլերը ձեռնարկում է՝ այս կարեւոր հարցի լուծման համար:

Հարկ է նշել, որ հանդիպման ընթացքում դեսպան Լեւոն Ջաղարեանը հեռաձայնեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին: Նա ուրախութեամբ յայտնելով 44 հայ ռազմագերիների ազատութեան եւ ռուսական ինքնաթիռով նրանց Հայաստան տեղափոխութեան մասին, կարեւորութեամբ ընդգծեց, որ ռազմագերիների ազատութիւնն իրականացւել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նոյն երկրի կառավարութեան միջնորդութեամբ: Դեսպանը աւելացրեց նաեւ, որ ներկայիս Ռուսաստանի դաշնութիւնը աշխարհում միակ պետութիւնն է, որ գործնականօրէն օգնում է հայ ժողովրդին՝ ի մասնաւորի Արցախի հարցում:

Սրբազան Հայրը շնրոհակալական խօսքեր հնչեցրեց Ռուսաստանի նախագահին եւ կառավարութեանը՝ մշտապէս հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպէս նաեւ դեսպան Լեւոն Ջաղարեանին՝ նամակին ընթացք տալու համար:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։