Հա

Համայնք

26/04/2021 - 12:10

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները՝ Սպահանի հայոց թեմում

Այս տարի եւս առողջապահական նկատառումներից ելնելով, Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերը տեղի ունեցան առցանց, կամ սահմանափակ անձանց ներկայութեամբ։

«alikonline.ir» - Այս տարի եւս առողջապահական նկատառումներից ելնելով, Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերը տեղի ունեցան առցանց, կամ սահմանափակ անձանց ներկայութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ուրբաթ, 2021 թ. ապրիլ 23-ի երեկոյեան, Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի սոցցանցի էջում հերթաբար սփռւեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ու Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի պատգամները։

Ստորեւ ներկայացնում ենք նշւած պատգամներից հատւածներ.

Առաջնորդ Սրբազան Հայրը յատկապէս իր խօսքն ուղղելով երիտասարդներին ասաց, որ ներկայ պայմաններում համացանցի հնարաւորութիւնը որպէս զէնք օգտագործելով, նորոգւած յանձնառութեամբ իրենց ներդրումն ու մասնակցութիւնն ունենան Հայ Դատի ծաւալուն աշխատանքներին։

Ռոբերտ Բեգլարեանը անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանը, ինչպէս նաեւ այլ երկրների, այդ թւում նաեւ Արցախի նկատմամբ իրականացնող ոտնձգութիւնները, նրան լուրջ սպառնալիք համարեց տարածաշրջանում, հեռաւոր Չինաստանում ու Եւրոպայում եւ աւելացրեց, որ գիտակցելով ժամանակի հարմայականը, պէտք է համախմբել Հայաստանի եւ սփիւռքի ներուժը՝ առկայ սպառնալիքների նկատմամբ առաւել զգօն լինելու համար։

Պատգամաւորական ժողովի Դիւանի ատենադպիր Գեղարդ Մանսուրեանն իր խօսքում մատնանշելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից առկայ սպառնալիքները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ, աւելացրեց, որ համայն հայութիւնը պէտք է մի կողմ թողնի 44-օրեայ պատերազմից յետոյ իր մօտ առաջացած վհատութիւնը եւ վերականգնի իր միասնականութիւնը՝ յանուն ազգային ընդհանրական շահերի եւ թոյլ չտայ, որ ապազգային գաղափարները սրտաբեկեն իր պահանջատիրական ոգին։

Թեմական խորհրդի ատենադպիր Սոնիկ Բաղումեանն ասաց. «Հայոց Ցեղասպանութիւնից աւելի քան մէկ դար անց կրկին փաստւում է, որ մեր հայրենիքի, հայ ժողովրդի եւ սփիւռքեան բոլոր համայնքների համար ամենակարեւորը եւ առաջնահերթը ազգային գաղափարներին, ազգային եկեղեցուն, ազգային կրթութեանն ու ազգային մշակոյթին հաւատարիմ եւ կառչած մնալն է, որպէսզի մեր հայրենիքը, պետութիւնը եւ ազգի շահի անվտանգութիւնը, գոյատեւումն ու զարգացումը վեր դասւի ամէն ինչից։ Մենք պարտաւոր ենք ազգովի դառնալ այնքան ուժեղ, որ ապահովագրւած լինենք արդէն մօտ 200 տարի մեր տեսակը ոչնչացնելու ծրագիրը հետեւողականօրէն իրականացնող արիւնարբու ոսոխի սպառնալիքներից»։

Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն անդրադառնալով Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի՝ Սարդարապատի ճակատամարտից առաջ հնչեցրած կոչին, որտեղ ասւած է՝ «Ամէն ոք իր մասին է մտածում, միայնակ ենք դարձեալ», աւելացրեց, թէ այդ կոչին ընդառաջ Ցեղասպանութիւնը վերապրած եւ ահռելի կորուստներ կրած հայը կերտեց ազատ եւ անկախ հայրենիքը։ Նա շարունակութեան մէջ ասաց. «Այսօր Արամի նման հայրենանւէր, անձնուրաց, խոհեմ եւ արի անհատների կարիք ունի հայ ժողովրուդը. մարդկանց, ովքեր, երբ տեսնում են ելք ու ճար չկայ, գտնում են հնար։ Այսօր անհրաժեշտ է դասեր քաղել 106 տարի առաջ տեղի ունեցած արհաւիրքներից, պէտք է նայել առաջ եւ կերտել մարդավայել ապագայ»։

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի անդամ Լեռնիկ Ծատուրեանն իր խօսքում նշեց. «Մենք որպէս հայկական սփիւռքում ապրող ժողովուրդ յայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան որեւէ իշխանութիւն իրաւունք չունի ոտնակոխ անել հայ ազգի իրաւունքները եւ մեր բոլոր հնարաւորութիւններով թոյլ չենք տալու որեւէ մէկը մսխի մեր ազգի արժանապատւութիւնն ու ապագան…։ Դատապարտելով հայ ժողովրդի պատմութեան անսակարկելի իրաւունքների, պատմական յիշողութեան անձեռնմխելիութեան ու պահանջատիրութեան իրաւացիութեան հանդէպ բոլոր նկրտումները՝ անկախ դրանց հեղինակներից ու ազգային պատկանելիութիւնից, կոչ ենք անում մեր սիրելի հայրենակիցներին առաւել քան երբեւէ լինել համախմբւած, միասնական եւ անզիջող հայ ժողովրդի արդար դատի նկատմամբ»։

Նոյն օրը երեկոյեան ժամը 8։00-ին, ծրագրի համաձայն տեղի ունեցաւ միասնական մոմավառութիւն, ուր Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը բնակարանների լուսամուտներին եւ պատշգամբներին վառած մոմերով, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի բիւրաւոր սուրբ նահատակների անմոռաց յիշատակին։

Շաբաթ, ապիլի 24-ի առաւօտեան ժամը 10։00-ին, առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը կատարւեց Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում. կարգին ներկայ էին սահմանափակ թւով ազգայիններ։

Այնուհետեւ վանքի շրջափակում գտնւող յուշարձանի տարածքում Սրբազան Հայրը, Ռոբերտ Բեգլարեանը, թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի, ինչպէս նաեւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ 106-ամեակի ոգեկոչման միջոցառումների յանձնախմբի անդամները մասնակցեցին ծաղկեմատոյցի արարողութեանը։ Ծաղկեմտոյցի կարգը վարեց Մարտունի Խաչիկեանը։

Ապրիլ 24-ի երեկոյեան ցուցադրւեցին գեղարւեստական կատարումներից բաղկացած երկու տեսանիւթեր, որոնք պատրաստւել էին Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի, խմբերի եւ անհատ կատարողների համագործակցութեամբ։

Առաջին տեսանիւթում տեղ էին գտել հետեւեալ ելոյթները.

Կոմիտասի «Հով արէք»-ը հնչեց Համիկ Ալեքսանդրեանի դաշնամուրի եւ Շահրուզ Բալուչեստանիի ֆլէյտայի նւագակցութեամբ։

Ներսիկ եւ Արաբօ Իսպիրեանների «Պիտ պաշտպանեմ»-ը զուգերգեցին Վանա Շիրւանեանն ու Հարմա Կարապետեանը, Անդրէ Պարսամեանի դաշնամուրի նւագակցութեամբ։

Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ՝ Ալինա Տէր-Սուքիասեանը, Նազէ Ասատրեանը, Անի Ղազարեանը, Կարէն Խանլարեանը եւ Վանանդ Իսաղուլեանը ասմունքեցին Վազգէն Ովեանի հեղինակած «Պատմիր յուշարձան»-ը։ Ասմունքին զուգահեռ ցուցադրւեց նաեւ Քրիստինէ Յակոբեանի մենապարը, Ծիծեռնակաբերդի շրջափակում։

Իսկ վերջում Կաչչլինիի «Աւէ Մարիան»-ն կատարւեց դաշնամուրի, շեփորի եւ երգեհոնի կատարումներով՝ Արբի Բաբումեանի միջոցով։

Երկրորդ տեսանիւթում «Արմենիա» երգով հանդէս եկաւ «Դումահ» նւագախումբը՝ երգեցողութեամբ՝ Արայիկ Սիմոնեանի եւ Վահան Վարդեւանեանի։ Խմբի նւագողներն էին՝ Շանթ Սարեանը, Սերգէյ Փանոսեանը, Կարէն Դիլանչեանը եւ Արայիկ Սիմոնեանը։

Շահինշահրում նոյնպէս տեղի ունեցան Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները։ Ապրիլ 23-ի առաւօտեան, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով Սրբոց Վարդանանց եկեղեցու շրջափակում գտնւող Ապրիլեան յուշարձանի առջեւ կատարւեց Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը, ապա Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան, Հայ Դատի գրասենեակի եւ միութիւնների ներկայացուցիչներն ու ժողովուրդն իրենց ծաղիկները զետեղեցին յուշարձանի առջեւ։ Նշւած արարողութիւններին ներկայ էր նաեւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը։

Հարկ է նշել, որ անցնող օրերի ընթացքում, ոգեկոչման յանձնախմբի միջոցով, զանազան տեղեկատւական ու պահանջատիրական նիւթեր, ինչպէս նաեւ համայնքի դպրոցների աշակերտական նկարչութիւնները, խօսքերն ու գեղարւեստական կատարումները տեղադրւեցին համացանցում՝ սոյն յանձնախմբին պատկանող էջերում։

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Այսու յայտնում ենք Սպահանի հայոց թեմի յարգելի ժողովրդին, որ թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովն իր քառամեայ տարեշրջանի մեկնարկը տւեց 2021 թւականի օգոստոսի 26-ին եւ սեպտեմբերի 2-ին կայացած նիստերով, որտեղ, առաջին նիստում, ընտրւեց նշւած ժողովի Դիւանը, իսկ յաջորդի ընթացքում տեղի ունեցան Սպահանի հայոց թեմի Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները։

  • Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առիթով՝ Նոր Ջուղայում
    Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առիթով՝ Նոր Ջուղայում

    Կիրակի՝ 2021 թւականի յունիսի 27-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագի քարոզից առաջ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առթիւ Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ ի հաստատութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ու Ս. Աթոռի եւ նրա արժանընտիր գահակալի արեւշատութեան։

  • Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի ընտրական յանձնախմբի հանդիպումը թեկնածուների հետ
    Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի ընտրական յանձնախմբի հանդիպումը թեկնածուների հետ

    Ուրբաթ՝ 2021 թւականի յունիսի 11-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի Ընտրական յանձնախումբը հանդիպում ունեցաւ այս ընտրութիւններում իրենց թեկնածութիւնը առաջադրած 16 անձանց հետ՝ ընտրութիւնների թւականի եւ քարոզարշաւի հետ կապւած ծրագիր-ժամանակացոյցի ու մի շարք կանոնների մասին հարկ եղածը բացատրելու համար։ 

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակը նշւեց՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակը նշւեց՝ Նոր Ջուղայում

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակի Սպահանի հայոց թեմի Տօնակատարութեան յանձնախմբի միջոցառումները երկրորդ տարւայ համար իրականացւեցին համացանցային հարթակներում: 

  • Համայնքիս երախտապարտ ժողովրդի յարգանքի տուրքի մատուցումը Ապրիլեան բիւրաւոր նահատակների անմոռաց յիշատակին
    Համայնքիս երախտապարտ ժողովրդի յարգանքի տուրքի մատուցումը Ապրիլեան բիւրաւոր նահատակների անմոռաց յիշատակին

    Այս տարի Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչումը կորոնաժահրից յառաջացած համաճարակի պատճառով կատարւեց յատուկ սահմանափակումներով: Այդ իսկ պատճառով ժողովրդական յարգանքի տուրքի մատուցման արարողութիւնը հաւաքականից անհատականի փոխարկւելով, կենտրոնացաւ Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։