Հա

Համայնք

30/05/2021 - 10:30

Նոր Ջուղայի երկու հայ աշակերտների ներկայացրած տեսանիւթերը ազգային յուշապատումների առաջին փառատօնի լաւագոյնների շարքում

Սպահան նահանգի Արւեստի կենտրոնի նախաձեռնութեամբ, 2020 թւականի օգոստոսին, Սրբազան պաշտպանութեան 40-ամեակի առիթով, կազմակերպւեց «Հեմասէգուեան» խորագրով ազգային յուշապատումների առաջին փառատօնը՝ 8-ամեայ պարտադրեալ պատերազմի յուշերը յաւերժացնելու նպատակով։ 

«alikonline.ir» - Սպահան նահանգի Արւեստի կենտրոնի նախաձեռնութեամբ, 2020 թւականի օգոստոսին, Սրբազան պաշտպանութեան 40-ամեակի առիթով, կազմակերպւեց «Հեմասէգուեան» խորագրով ազգային յուշապատումների առաջին փառատօնը՝ 8-ամեայ պարտադրեալ պատերազմի յուշերը յաւերժացնելու նպատակով։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նշւած մրցութային փառատօնը տեղի ունեցաւ տարիքային հետեւեալ բաժանումներով՝ աշակերտական եւ մեծահասակներ։ Կազմակերպիչների կողմից սահմանւած կանոնների համաձայն, բոլոր մասնակիցները ներկայացրել էին իրենց պատրաստած տեսանիւթը, որտեղ վերապատմել էին պարտադրեալ պատերազմի նահատակների, անձնուրացների եւ ազատորդիների հետ կապւած յուշեր։ Փառատօնին ներկայացւել էին թւով 800 մասնակցի տեսանիւթ՝ Իրանի զանազան նահանգներից, որոնցից 383-ը պատկանում էր աշակերտական բաժնին։ Աշակերտական բաժնում մասնակիցների շարքում էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտներ՝ Մինելի Յակոբեանն ու Դւին Յովհաննիսեանը, ովքեր հերթաբար ներկայացրել էին նահատկաներ՝ Վարդան Աբրահամեանի եւ Վրէժ Բաղումեանի յուշերից դրւագներ։

Այս միջոցառման փակման հանդիսութիւնը հեռարձակւեց հինգշաբթի՝ 2021 թւականի մայիսի 27-ի երեկոյեան, «Օֆող» հեռուստաալիքի ուղիղ եթերով, որտեղ յայտարարւեցին երկու աշակերտական եւ մեծահասակներ բաժինների լաւագոյնները՝ ըստ իրաւարար կազմի գնահատման։ Այս ծիրում աշակերտական բաժնի ինը լաւագոյն անւանակարգերից երկուսը շնորհւեց նորջուղայեցի աշակերտներ Մինելիին եւ Դւինին։

Յատկանշական է, որ լաւագոյնը ճանաչւած տեսանիւթերից դրւագներ հեռարձակւեցին փակման հանդիսութեան ծրագրի ընթացքում։

Յուշերի ընտրութեան եւ ելոյթին պատրաստւելու հարցում վերոնշեալ աշակերտներին օժանդակել էին դպրոցի պատասխանատու ուսուցիչները, իսկ տեսանիւթի պատրաստման գործում՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակը։

Յուշերն ընտրւել էին անձնուրաց-ազատորդի Սուրէն Յակոբեանի հեղինակած «Ո՞վ է սպանում կաչաղակներին» (چه کسی قشقره ها را می کشد) գրքից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։