Հա

Համայնք

25/04/2022 - 12:40

Փերիոյ Բոլորան գիւղի բնակիչները յարգանքի տուրք մատուցեցին Եղեռնի զոհերի յիշատակին

Կիրակի, ապրիլի 24-ի առաւօտեան, Փերիոյ շրջանի հայաբնակ Բոլորան գիւղի բնակիչները ամբողջ կազմով ներկայ գտնւելով գիւղի գերեզմանոցում այցելեցին համագիւղացի-վերապրած Կնիազ Ալեքսի Բալոյեանի շիրիմին եւ պահանջատիրական ոգով խնկարկեցին նրա շիրիմը, ապա հոգեհանգստեան կարգով յարգեցին Բիւրաւոր նահատակների յիշատակը:

«ԱԼԻՔ» - Կիրակի, ապրիլի 24-ի առաւօտեան, Փերիոյ շրջանի հայաբնակ Բոլորան գիւղի բնակիչները ամբողջ կազմով ներկայ գտնւելով գիւղի գերեզմանոցում այցելեցին համագիւղացի-վերապրած Կնիազ Ալեքսի Բալոյեանի շիրիմին եւ պահանջատիրական ոգով խնկարկեցին նրա շիրիմը, ապա հոգեհանգստեան կարգով յարգեցին Բիւրաւոր նահատակների յիշատակը:

Նշելի է, որ Ցեղասպանութիւնից մազապուրծ դարձած Կնիազ Բալոյեանը ապաստան էր գտել Բոլորան գիւղում, ուր նրան գրկաբաց ընդունել էր գիւղական համայնքը: Կնիազն ամուսնացել եւ կեանքն անց էր կացրել նոյն գիւղում, իսկ 1932 թւականին մահացել եւ հողին յանձնւել Բոլորանի գերեզմանոցում:

Բիւրաւոր նահատակների ծրագրի մեկնարկին Բոլորանի աւագ բնակիչներ՝ Վազգէն Շահիջանեանը եւ Փանոս Ծատուրեանը կատարեցին հոգեհանգստեան արարողութիւն, որին յաջորդեց վերապրածի շիրիմի խնկարկելու կարգը համագիւղացիների կողմից:

Գիւղական համայնքների շրջանային խորհրդում Փերիան ներկայացնող պատգամաւոր Ջանի Նազարեանի ելոյթից յետոյ, խօսքը տրւեց Ռոզիկ Տէր-Աւանէսեանին օրւայ առիթով արտայայտւելու։

Ռոզիկ Տէր-Աւանէսեանը անդրադառնալով Մեծ Եղեռնի եւ այժմեան իրավիճակներին եւ աշխարհաքաղաքական սպառնալիքներին նշեց. «Մենք՝ որպէս հայ, ունենք պարտականութիւններ ու անկախ մեր մօտեցումներից, կամ հնարաւոր տարաձայնութիւններից պիտի հանդուրժողականութեամբ ու փոխադարձ յարգանքով կառչած մնանք մեր մշակութային արժանիքներից: Պէտք է համախմբւել մեր վեհ նպատակի շուրջ, ջանք չխնայել հայրենիքի պահպանման ուղղութեամբ աշխատանքներում։ Միմեանց թեւ ու թիկունք դառնալով թոյլ չենք տալու թշնամուն, նոյնիսկ եթէ աւելի բարւոք վիճակում է նա, իրավիճակն օգտագործել՝ իր դարաւոր նպատակին հասնելու»։

Բանախօսն անդրադարձել է նաեւ սպիտակ ջարդի վտանգներին եւ կարեւորել գիտութեամբ զինւելու եւ հարուստ մշակոյթի գործօնները:

Յիշատակի միջոցառման աւարտին բոլորանցիներն աղօթել եւ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի յիշատակին խնկարկել են վերապրած համագիւղացու շիրիմը:

Թղթակից՝

ՌՈԶԻԿ ՏԷՐ-ԱՒԱՆԷՍԵԱՆ

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։