Չորեքշաբթի՝ մայիսի 18-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, եպիսկոպոսական սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի:
«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ մայիսի 18-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, եպիսկոպոսական սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Օրւայ քարոզում պատարագիչ Սրբազան Հայրը նշեց, որ այս օրւանից ուղիղ 25 տարի առաջ, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարի Ս. խորանի առջեւ իբրեւ սարկաւագ ծնկի է եկել եւ իբրեւ կուսակրօն ձեռնադրւել, ուխտելով իր վրայ վերցնել Քրիստոսի քաղցր լուծը: Նա աւելացրեց, թէ հայ ժողովրդի համար այս օրհասական օրերին, չցանկանալով իր ձեռնադրութեան 25-ամեակը նշել հանդիսութեամբ եւ ճոխութեան ներքոյ, գերադասել է այս առիթով մատուցել սուրբ եւ անմահ պատարագ:
Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին աղօթեց առ Աստւած, որպէսզի Բարձրեալն օրհնի հայ ժողովրդին՝ սկսեալ Հայաստանից ու Արցախից մինչեւ Սփիւռքի զանազան համայնքներ՝ պարգեւելով խաղաղութիւն, բարեբեր կեանք եւ պայծառ ապագայ:
Պատարագին ներկայ էին թեմի ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երգչախումբը: