Հա

Համայնք

25/05/2022 - 13:25

Հաղորդագրութիւն ՍՀԹ Պատգամաւորական Ժողովի Դիւանի

Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի 4-րդ` հաշւետու նիստի մեկնարկը տրւեց հինգշաբթի՝ մայիսի 12-ի երեկոյեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ շրջանների պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների, ենթամարմինների ներկայացուցիչների ու ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների:

Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի 4-րդ` հաշւետու նիստի մեկնարկը տրւեց հինգշաբթի՝ մայիսի 12-ի երեկոյեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ շրջանների պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների, ենթամարմինների ներկայացուցիչների ու ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների:

Նիստի բացումը կատարւեց Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով՝ «Տէրունական աղօթք»-ով: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը բացման իր խօսքում ժողովականներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ողջոյնները՝ մաղթեց, որ ժողովն ընթանայ յաջողութեամբ, եւ միմեանց գաղափարները յարգելու մթնոլորտում փոխանակւեն կառուցողական տեսակէտներ ու առաջարկներ: Այնուհետեւ ձեռամբ Սրբազան Հօր եւ ազգային մարմինների ներկայացուցիչների պատւոգիր շնորհւեց պրն. Թաթուլ Օհանեանին՝ 16-րդ Պատգամաւորական ժողովի 13-րդ` հաշւետու նիստին, թեմի ազգային կեանքում աւելի քան 65 տարիների ներդրման եւ վաստակի համար՝ նոյն ժողովի «Ցկեանս Պատւոյ Անդամ» ընտրւելու առթիւ, ապա յանուն թեմի Պատգ. ժողովի արտայայտւեց դիւանի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը, ով գնահատելով պրն. Օհանեանի ազգային-հասարակական երկարամեայ գործունէութիւնը՝ նրան մաղթեց յաջողութիւն:

Հաշւետու նիստը շարունակւեց մայիսի 13, 16 եւ 23-ին, որտեղ օրակարգի համապատասխան գլուխների ներքոյ՝ Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի տեղեկագրերի շուրջ հնչեցին հարցումներ, որոնց պատասխանեցին պատկան մարմինները, ապա տեղի ունեցան ըստ էութեան արտայայտութիւններ գործադիր մարմինների գործունէութեան վերաբերեալ:

Քննարկւեցին նաեւ գործադիր մարմինների ու յանձնաժողովների կողմից ներկայացւած առաջարկները եւ հաստատւեց թեմիս միամեայ նախահաշիւը:

Վերջին նիստին ժողովն իր մտահոգութիւնը յայտնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների նկատմամբ՝ զօրակցութեան եւ աջակցութեան խօսք ասաց Հայաստանի եւ Արցախի ընդհանրական շահերի պաշտպանութեան համար, Հայաստանում եւ սփիւռքում ոտքի ելած հայորդիներին՝ մաղթելով նրանց ամենայն յաջողութիւն: Այս ուղղութեամբ ժողովում հաստատւած բանաձեւը կը հրապարակւի Դիւանի միջոցով:

17-րդ Պատգամաւորական ժողովի 4-րդ՝ հաշւետու նիստի աւարտին պրն. Նոէլ Մինասեանը շնորհակալութեամբ հանդէս եկաւ ժողովականների բծախնդիր մօտեցման եւ համագործակցութեան համար, ապա Սրբազան Հայրը նոյնպէս բարձր գնահատելով ներկաների բծախնդիր կեցւածքն՝ ազգային կեանքի նկատմամբ, իր վստահութիւնը յայտնեց, որ ազգային մարմիններն ինչպէս միշտ իրենց գործունէութիւնը կը ծաւալեն թեմի համայնքների բարգաւաճման եւ ժողովրդի բարօրութեան ուղղութեամբ: Նիստը փակւած յայտարարւեց Սրբազան Հօր «Պահապան ամենայնի» աղօթքով:

 

Սպահանի հայոց թեմի

Պատգամաւորական ժողովի Դիւան

24 մայիսի 2022 թ.

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։