40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Մինաս եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի հրավառութիւնը:
«alikonline.ir» - 40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Մինաս եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի հրավառութիւնը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու արարողութիւնն իրականացրեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը:
Ընթացքում ներկայ հաւատացեալներին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադառնալով մանուկների տաճար ընծայելու խորհրդին՝ ասաց, թէ այդ օրէնքը հաստատւել է որպէսզի նորածինն իր կեանքում առաջին այցելութիւնը կատարի Աստծուն եւ Քրիստոսին: Սրբազան Հայրը մատնանշելով ծնողների պարտականութիւնը զաւակների նկատմամբ՝ յորդորեց, որ զաւակներին տրւող հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութեան կողքին, պէտք է կարեւորութիւն տրւի նաեւ եկեղեցի յաճախելու դաստիարակութեանը եւ ինչպէս ծնողները նրանց փոքր ժամանակ տաճար են ընծայում, նոյնպէս էլ պէտք է ապագայում նրանց մօտ յաճախակի դարձնեն եկեղեցի եւ Կիրակնօրեայ վարժարաններ կատարւող այցելութիւնները՝ մատաղ սերնդի քրիստոնէական դաստիարակութիւնը լիարժէք դարձնելու համար:
Աւարտին եկեղեցու բակում, պատկան թաղի նորապսակ զոյգերի միջոցով, եկեղեցու Ս. Խորանից վառւած կրակով բոցաւառւեց աւանդական խարոյկըª որպէս Քրիստոսի մաքրամաքուր լոյսի խորհրդանիշ: