Հա

Համայնք

02/10/2013 - 11:10

ՅԻՇԱՏԱԿ - Վախճանւեց վէմերի վարպետը...

Ռոստոմի նախագծով կառուցւել են բազմաթիւ հասարակական ու բնակարանային շէնքեր, որոնցից լաւածանօթ ենք Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» մարզաւանի եւ Հայ ակումբի հոյակերտ կառոյցներին՝ Թեհրանում, եւ ՀՕՄ-ի Ծերունի Գասպարեանի անւան մանկապարտէզին՝ Թաւրիզի առաջնորդարանի Կենտրոնական այգու շրջափակում:

Ճրտպ. Ռոստոմ Ոսկանեանի յիշատակին

Խոր վշտով ստացանք անւանի արւեստագէտ ճրտպ. Ռոստոմ Ոսկանեանի մահւան ցաւալի գոյժը, որ տեղի է ունեցել սոյն թւականի օգոստոսի 11-ին՝ Ամերիկայում: Նա բազմակողմանի արւեստագէտ էր, զբաղւում էր՝ գեղանկարչութեամբ, գծանկարչութեամբ, արձանագործութեամբ եւ անշուշտ՝ ճարտարապետութեամբ:
Ռոստոմը իր կեանքի ընթացքում յաջողեց ճարտարապետական մնայուն գործեր ստեղծագործել, որոնց մէջ, մեր գնահատմամբ, առանձնանում է «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռը՝ իր իւրօրինակ նախագծով եւ նոյնքան իւրօրինակ շինւածքով, որ ցուցաբերում է ճարտարապետի լաւածանօթութիւնը՝ հայ հոգեւոր ճարտարապետութեան արւեստին, ինչպէս նաեւ նրա խիզախումը՝ ճարտարապետական իւրայատուկ լուծումներ գտնելու մէջ:
Ռոստոմի նախագծով կառուցւել են բազմաթիւ հասարակական ու բնակարանային շէնքեր, որոնցից լաւածանօթ ենք Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» մարզաւանի եւ Հայ ակումբի հոյակերտ կառոյցներին՝ Թեհրանում, եւ ՀՕՄ-ի Ծերունի Գասպարեանի անւան մանկապարտէզին՝ Թաւրիզի առաջնորդարանի Կենտրոնական այգու շրջափակում:
Ռոստոմ Ոսկանեանը աւարտել է Թեհրանի համալսարանի Գեղարւեստից ֆակուլտետի ճարտարապետական բաժինը՝ 1959 թւականին՝ գերազանց գնահատականով, որից յետոյ, օգտւելով պետական կրթաթոշակից, չորս տարի տեւողութեամբ, ուսումը շարունակել է Փարիզի «Բոզար» անւանի Գեղարւեստից համալսարանում: Վերադառնալով Իրան՝ 1964-86 թթ. դասաւանդել է Գեղարւեստից ֆակուլտետի ճարտարապետական ամբիոնում՝ նախ որպէս դասախօսի օգնական, ապա՝ ճարտարապետութեան բաժնի վարիչ ու լիարժէք դասախօս:
Ռոստոմ Ոսկանեանի գեղարւեստական գործերը բազմիցս ցուցադրւել են Իրանում եւ արտասահմանում:
2006 թւականի սեպտ. 14-ին, Երեւանում, տեղի ունեցաւ Ռոստոմ Ոսկանեանի մեծարման հանդէսը՝ Թեհրանի համալսարանի շրջանաւարտ ճարտարապետների կենտրոնի եւ Հայաստանի ճարտարապետների միութեան համագործակցութեամբ: Սոյն ձեռնարկի կազմակերպական աշխատանքներին մեծապէս օժանդակեցին միութեանս անդամ ճրտպ. Առլէն Ստեփանեանը եւ միութեանս 9-րդ շրջանի նախագահ, Հայաստանում հաստատւած ճրտպ. Արմէն Մինասեանը: Օրւայ առիթով Հայաստանի Ճարտարապետների միութեան կենտրոնում բացւել էր Ռոստոմ Ոսկանեանի նախագծերից կազմւած ցուցահանդէս:

131002d01a

Կրկին անգամ, 2009 թւականի սեպտեմբերի 28-ին, Թեհրանի համալսարանի Շրջանաւարտ ճարտարապետների կենտրոնի նախաձեռնութեամբ, կատարւեց վաստակաւոր ճարտարապետի մեծարման հանդիսութիւնը, այս անգամ՝ Թեհրանի համալսարանի Գեղարւեստից ֆակուլտետում, որտեղ տարիներ դասախօսել է Ռոստոմ Ոսկանեանը:
Յաջորդ երեկոյ, սեպտ. 29-ին, Հայ ակումբում, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կայացաւ մեծարման ու յարգանքի հանդիսութիւն՝ հայ եւ պարսիկ հանդիսականների ու հիւրերի ներկայութեամբ: Սոյն ձեռնարկը կատարւել էր Թեհրանի համալսարանի Շրջանաւարտ ճարտարապետների կենտրոնի եւ Հայ ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան (Հ.Ճ.Ճ.Մ.) նախաձեռնութեամբ եւ Հայ ակումբի համագործակցութեամբ: Ձեռնարկի մասնակիցները հիմնականում հանդիսանում էին՝ ճարտարապետներ, ճարտարագէտներ, դասախօսներ, Ռոստոմ Ոսկանեանին ծանօթ ընկերներ, դասընկերներ եւ իր երբեմնի ուսանողները:
Ակումբի դահլիճի վերին կիսայարկում կազմակերպւել էր Ռոստոմի նախագծած ու կառուցած շէնքերի լուսանկարների ցուցահանդէս:
Ելոյթ ունեցան Թեհրանի համալսարանի նախկին դասախօսներ՝ դոկտ. Թէյմուրին, դոկտ. Սարեմին, Թ. Հ. Շրջանաւարտ ճարտարապետների կենտրոնի նախագահ ճրտպ. Հաշեմզադէն եւ արւեստաբան Լիդա Բերբերեանը:

131002d01b

Հ.Ճ.Ճ.Մ.-ի ժամանակի նախագահ ճրտգ. Աբրահամ Այւազեանը, որը պարսկերէնով վարում էր երեկոն, յանուն Հ.Ճ.Ճ.Մ.-ի հանդէս գալով՝ ներկայացրեց օրւայ պատգամը: Ապա առաջարկեց, որ առ ի յարգանս վաստակաւոր ճարտարապետի՝ ակումբի հանդէսների դահլիճը, ուր կատարւում էր մեծարման երեկոն, անւանել Ռոստոմի անւամբ: Առաջարկն ընդառաջւեց ներկաների բուռն ծափահարութեամբ:
Շնորհակալական խօսքով ելոյթ ունեցաւ ինքը՝ Ռոստոմ Ոսկանեանը եւ իր խօսքի վերջում պարսկերէնով կարդաց մի բանաստեղծութիւն:
Վերջում ելոյթ ունեցաւ Թ. Հ. Թ. խորհրդի ժամանակի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը, որը նոյնպէս բարձր գնահատեց անւանի արւեստագէտի վաստակը: Ծրագրի աւարտին Հ.Ճ.Ճ.Մ.-ի կողմից պատւոյ յուշագիր յանձնւեց մեծարեալին՝ դոկտ. Աիդա Յովհաննիսեանի ձեռամբ:
Բազմաշնորհ արւեստագէտ, վաստակաշատ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանի ցաւալի մահւան առթիւ, Հայ ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան անդամների անունից մեր խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում արւեստի եւ ճարտարապետութեան ոլորտների բոլոր գործիչներին, հանգուցեալի հարազատներին, մտերիմներին, ընկերներին եւ համայն իրանահայութեանը:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Հայ ճարտարապետների եւ ճարտարագէտների
միութեան վարչութիւն
18.08.2013 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։