Հա

Համայնք

05/03/2020 - 12:50

Կորոնավիրուսի դէմ կանխարգելիչ միջոցներ՝ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերում

Իրանահայ թեմերում կորոնավիրուսի դէմ պայքարի հարցով ազգային իշխանութիւնների տարած աշխատանքների կապակցութեամբ հեռախօսազրոյց ենք ունեցել Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի Թեմական խորհուրդների ատենապետեր՝ Վարուժ Մինասեանի եւ Ռուբիկ Ջանանեանի հետ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրանահայ թեմերում կորոնավիրուսի դէմ պայքարի հարցով ազգային իշխանութիւնների տարած աշխատանքների կապակցութեամբ հեռախօսազրոյց ենք ունեցել Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի Թեմական խորհուրդների ատենապետեր՝ Վարուժ Մինասեանի եւ Ռուբիկ Ջանանեանի հետ:

 

Այդ հարցով Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը ընդգծեց, որ ելնելով պետական օրգանների հրապարակած յայտարարութիւններից ու յանձնարարութիւններից, համայնքին վարակից զերծ պահելու նպատակով փակւել են հայոց դպրոցներն ու Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւնը: Ազգային իշխանութեան վերահսկողութեամբ ու նիւթական միջոցներով հականեխւել են դպրոցներն ու միութիւնը, դադարել են եկեղեցական արարողութիւնները, բոլոր միջոցառումները եւ հոգեճաշերը: Ազգային առաջնորդարանը անսալով պետական հրամանագրի հրահանգին, պակսեցրել է աշխատաժամերը առաւօտեան ժամը 8-ից մինչեւ կէսօրւայ ժամը 12:30-ը, նաեւ ազգային առաջնորդարանի աշխատակազմը աշխատում է ոչ լիակազմ: Ատենապետը ընդգծեց, որ Թեմական խորհրդի յանձնարարութեամբ Նոր Ջուղայի կանանց Գթութեան միութիւնը «Կարմիր Խաչը», Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական միութիւնը եւ ազգային առաջնորդարանի բարեսիրական ենթամարմինը պատրաստել են հիգիենիկ կապոցներ եւ գումարային նպաստի գնումների բոներ, կարիքաւոր ընտանիքների համար:

Անդրադառնալով Նոր Ջուղայի ծերանոցին, նա ընդգծեց որ արգելւել է տարեցներին այցելութիւնները, իսկ Իրանի Կարմիր մահիկ կազմակերպութեան կողմից ազգային առաջնորդարանում եւ կառոյցներում պաշտօնեաների համար նկատի են առնւել ուսուցման դասերը՝ կորոնավիրուսի դէմ պայքարի հարցով: Անդրադառնալով հայոց դպրոցներին, նա ընդգծեց, որ բոլոր ուսուցիչները օնլայն կապի մէջ են աշակերտների հետ, աշակերտներին ուսուցանումը հեռակայ կարգով շարունակելու համար:

Նա ժողովրդին յորդորեց յարգել առողջապահական բոլոր զգուշացումները:

 

Կորոնավիրուսի դէմ պայքարի առումով Ատրպատականի հայոց թեմում ծաւալւած աշխատանքների մասին Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը ընդգծել է, որ պետական օրգանների յայտարարութեան համաձայն, ազգային առաջնորդարանի աշխատաժամերը եւս պակասելով դարձել է առաւօտեան 8-ից մինչեւ կէսօրւայ ժամը 12:30-ը:

Նա նշեց, որ ինչպէս ամէն տեղ, փակ է նաեւ Ատրպատականի հայոց թեմի դպրոցական բոլոր օղակները, դադարել են եկեղեցական արարողութիւնները, սակայն միայն կիրակի օրը առանց արարողութեան բաց է եկեղեցու դռները, իսկ ննջեցեալի պարագային միայն իրականացւում է թաղման կարգը, դադարել են Ատրպատականի Հ.Մ.Ա.Կ.-ի մասնաճիւղերի, «Ռոստոմ-Գասպար» գրադարանի եւ «Համազասպ Ոսկանեան» սրահի աշխատանքները:

Թեմական խորհրդի ատենապետի հաւաստմամբ ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ հականեխւել են ազգային բոլոր հիմնարկները եւ չեղարկւել են բոլոր միջոցառումները:

Նա ընդգծեց, որ ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ նմանօրինակ քայլեր են կիրառւել նաեւ Ուրմիայում, Գեարդաբադում եւ Սալմաստում եւս:

Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետը յոյս յայտնեց, որ բոլորը յարգեն վիրուսով վարակւելու կանխարգելիչ առաջադրանքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։