Հա

Համայնք

14/05/2020 - 15:20

««Արաքսնիուզ»-ի չափերն անցած հերթական ապատեղեկատւութիւնը». Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանը հերքում է շրջանառւող ապատեղեկատւութիւնը

Վերջին օրերին, համացանցում ապատեղեկատւութիւն է տարածւել այն մասին, թէ իբր Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի փոխատենապետը վարակւել է կորոնավիրոսով: Այդ կապակցութեամբ Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանը հանդէս է եկել պաշտօնական հաղորդագրութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - Վերջին օրերին, համացանցում ապատեղեկատւութիւն է տարածւել այն մասին, թէ իբր Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի փոխատենապետը վարակւել է կորոնավիրոսով: Այդ կապակցութեամբ Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանը հանդէս է եկել պաշտօնական հաղորդագրութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Թւականիս մայիսի 9-ին, «Արաքսնիուզ»-ը իր թելեգրամի եւ ֆէյսբուքի էջերով տեղեկութիւն է տարածել, որ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի փոխատենապետը վարակւել եւ հիւանդացել է Քովիդ 19 վիրուսով, բուժման ընթացքն անց է կացնում հիւանդանոցում, եւ որ նրա տատիկը վերջերս նոյն հիւանդութեան պատճառով մահացել է։ Լուրը հրապարակւել է հայերէն, պարսկերէն, իսկ ֆէյսբուքի էջում նաեւ անգլերէն լեզուներով, վերջում նաեւ փոխանցել, որ լրացուցիչ տեղեկութիւններ ստանալուն պէս այն կը հաղորդի ընթերցողներին։

Հրապարակւած լրատւութեան մասին անհրաժեշտ ենք համարում մի շարք ճշգրտումներ եւ լուսաբանութիւններ կատարել։ Պիտի արձանագրենք, որ ընդամենը հինգ տող ունեցող լրատւութեան մէջ թոյլ է տրւել երեք անճշտութիւն։

Ճշտենք ուրեմն. Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի փոխատենապետը չի վարակւել Քովիդ 19-ով։ Այդ վիրուսով վարակւել է Պատգ. Ժողովի ատենադպիրը, որն իր բուժման ընթացքը ոչ թէ հիւանդանոցում, այլ անց է կացրել բնակարանային կարանտինի պայմաններում, իսկ նրա տատիկը չի վարակւել Քորոնայով եւ չի մահացել վերջերս այդ հիւանդութեան պատճառով։

Մեզ եւ ընթերցողներին անյայտ են «Արաքսնիուզ»-ի լրատւութեան աղբիւրը կամ աղբիւրները, սակայն ցաւով ենք արձանագրում լրատւական նման աշխատելաձեւի, չստուգւած եւ անորոշ աղբիւրներից կիսատ ու անճիշտ տեղեկութիւնների տարածման համար՝ այն էլ երեք լեզուներով։

Այս կարգի լրատւութիւնն «Արաքսնիուզ»-ի մօտ ունեցած նախընթացի համաձայն ըստ երեւոյթին վարքագծի է վերածւել, քանի որ բազմիցս դրա ականատեսն ենք եղել Սպահանի հայոց թեմի մասին իր միջոցով հրապարակւող լրատւութեան մէջ, որտեղ բազմաթիւ անճշտութիւններն ու կիսատ-պռատ տեղեկութիւններն ընթերցողին հրամցւում են իրականութեան չնչին տարրեր ներառելով՝ ամբողջ լրատւութեանը վաւերական եւ վստահելի տարազ ու ձեւ հաղորդելու միտումով եւ ժողովրդահաճոյ հնարքներով ընթերցող գրաւելու նպատակով։

«Արաքսնիուզ»-ի կողմից տարածւող նման ապատեղեկատւութիւնների ուղղութեամբ ցարդ որեւէ անդրադարձ կատարելու անհրաժեշտութիւն չենք նկատել, քանի որ Սպահանի հայոց թեմի մարմիններն իրենց պաշտօնական գրաւոր թէ բանաւոր յայտարարութիւններով, հարցազրոյցներով եւ ժողովրդական հանդիպումների միջոցով, ինչպէս նաեւ Առաջնորդարանի պաշտօնական կայքէջի, սոցցանցերի եւ հեղինակաւոր այլ լրատւամիջոցների միջոցով հարկ եղած տեղեկատւութիւնը կատարել եւ կատարում են՝ թեմի մէջ իրականացւող աշխատանքների կամ իրադարձութիւնների մասին։

Պարագան տարբերւում է վերջին լրատւութեան դէպքում, քանի որ հրապարակւած լուրը վերաբերւում է որոշակի անձի, նրա առողջութեանը եւ նրա շրջապատին (թէեւ չի հրապարակւել ենթակայի անունը, բայց նշւել է Թեմիս մէջ որոշակի պաշտօն ներկայացնող անձ, որը յստակօրէն մատնացոյց է անում այդ պաշտօնն զբաղեցնող անձի),  ինչը մօտիկ եւ հեռաւոր հարազատների ու ծանօթների մտահոգութեան եւ անհանգստութեան պատճառ է դարձել։ Արձանագրում ենք նոյնպէս, որ այս լուրը որեւէ լրատւական վերծանման ենթակայ չէ, զաւեշտալի է եւ պարզապէս սուտ տեղեկութեան տարածում եւ բամբասանքի առարկայ, անգամ ենթակայ է օրինական հետապնդման՝ Մամուլի եւ այլ օրէնքների համաձայն։ Հետեւաբար յորդորում ենք «Արաքսնիուզ»-ի խմբագրութեանը վերատեսութեան ենթարկել իր լրատւական գործունէութիւնն ու ձեւերը եւ առաջնորդւել վստահելի աղբիւրներից ստացւած տեղեկութիւններով։

Հարկ ենք համարում յաւելել, որ Նոր Ջուղայի ազգային առաջնորդարանը ամենօրեայ կապի մէջ է եղել Թեմիս Պատգամաւորական ժողովի ատենադպիրի հետ, որից ստացած տեղեկութեան համաձայն շարունակում է իր բուժումը բնակարանում, գտնւում է ապաքինման ընթացքում եւ առողջական վիճակը դրական է։

 

Դիւան ազգային առաջնորդարանի

Սպահանի հայոց թեմի

14 մայիսի 2020»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։