Հա

Համայնք

17/12/2013 - 09:40

Լուսանկարներ եւ վերյիշումներ

2013 թւականին լրացաւ Հ. Մ. «Սիփան» միութեան հիմնադրման 50-ամեակը: Վերյիշելով անցեալ տարիները կարելի է անդրադառնալ բազում աշխատանքների, որոնց նախաձեռնողն ու գործադրողն է եղել «Սիփան» միութիւնը, որոնք նշանակալից եւ անկիւնադարձային են եղել ոչ միայն իրանահայութեան, այլեւ՝ ողջ Սփիւռքի կեանքում:

(Հ. Մ. «Սիփան» միութեան 50-ամեակի առիթով)

ԳԱՍՊԱՐ ԱՄԻՐԽԱՆԵԱՆ

2013 թւականին լրացաւ Հ. Մ. «Սիփան» միութեան հիմնադրման 50-ամեակը: Վերյիշելով անցեալ տարիները կարելի է անդրադառնալ բազում աշխատանքների, որոնց նախաձեռնողն ու գործադրողն է եղել «Սիփան» միութիւնը, որոնք նշանակալից եւ անկիւնադարձային են եղել ոչ միայն իրանահայութեան, այլեւ՝ ողջ Սփիւռքի կեանքում:
Սակայն, այս մի քանի տողերով օգտւելով անձնական արխիւում եղած լուսանկարներից՝ փորձենք վերյիշել «Սիփան»-ի առօրեայ կեանքից մի քանի դրւագներ:
Ա- 1982 թւականն էր, «Սիփան»-ում տեղի ունեցած ցաւալի իրադարձութիւններից յետոյ՝ հարկաւոր էր վերակազմել մարզական՝ այս դէպքում ֆուտբոլի խմբերը եւ մասնակցել քաղաքամասի «Րաֆֆի» մարզադաշտում ընթացող մրցաշարին:
«Պրոֆեսիոնալ» ֆուտբոլիստները բացակայում էին, իսկ մրցումները սկսւելու էին մի քանի օրից, պէտք է ելք որոնէինք խումբը կազմելու նպատակով: Շատ ժամանակ չպահանջւեց, հարց փորձ արինք մեր տղաների մէջ եւ շատ արագ համախմբւեցին գաղափարական մի շարք ընկերներ եւ առանց նախնական որեւէ փորձի՝ ներկայացանք մրցումներին:
Լուսանկարում պատկերւած տղաներից ոմանք իրենց կեանքում առաջին անգամն էր, որ մասնակցում էին ֆուտբոլի մրցումներին, ու թէպէտ մրցաշարում յաղթանակներ չկարողացանք արձանագրել, սակայն այդ մասնակցութեամբ յաջողեցինք «Սիփան»-ի շարունակական ներկայութիւնը ապահովել մրցաշարում:
Իհարկէ, յետոյ կազմակերպւեցին պատանի-երիտասարդական խմբեր եւ կրկին «Սիփան»-ի ֆուտբոլը իր արժանի տեղը գրաւեց Թեհրանի հայկական մարզական շրջանակներում:
Ֆուտբոլի մասին գրելով յիշեցնենք, որ Հ. Մ. «Սիփան» միութեան ֆուտբոլի խումբը առաջին անգամ 1971-72 թթ. մասնակցել է Թեհրանի միջակումբային 3-րդ կարգի մրցութիւններին: Առաջին տարւայ խմբում օրւայ ամենայայտնի ֆուտբոլիստը Գառնիկ Շահբանդարեանն էր: Հետաքրքիր է, որ այդ մրցումներում թէպէտ մեծ յաջողութիւններ չունեցանք, սակայն, 2-0 հաշւով՝ յաղթեցինք առաջատար «Սարբազ» խմբին: Խաղի երկու գոլերն էլ նշանակեց Գառնիկը, որը յետոյ փոխադրւեց «Արարատ», «Բանք Մելլի» եւ «Դարայի» խմբերը եւ ընտրւեց նաեւ Իրանի երիտ. հաւաքականի կազմում:
Իսկ ֆուտբոլի երիտասարդական բաժնում առաջին անգամ 1972-73 թւականներին «Սիփան»-ը մասնակցեց Թեհրանի առաջնութեան մրցութիւններին: Հետաքրքիր է իմանալ, որ այդ խմբում անդամակցում էին Ալբերտ Բաղումեանը (ապագայ «Արարատ»-ի լաւագոյն ռմբարկուներից մէկը) եւ Անդրանիկ Մադաթեանը (այսօր բոլորին յայտնի հռչակաւոր երգիչ Անդին):
Այդ շրջանում անւանի մարզիչ Գառնիկ Մեհրաբեանը միաժամանակ «Արարատ»-ի եւ «Սիփան»-ի երկու խմբերի մարզիչն էր համարւում:

131217e02a

Բ- Այս լուսանկարը պատկերւած է 1989 թւականի յուլիսի 26-ին: Թեհրանում Տիկնիկային թատրոնի փառատօն էր գնում, եւ առաջին անգամը լինելով Խորհրդային Հայաստանից հրաւիրւել էր Երեւանի «Յ. Թումանեան»-ի անւան խումբը՝ Անդրանիկ Գամջեանի ղեկավարութեամբ:
Մեծ ոգեւորութիւն էր առաջացել ողջ իրանահայութեան մօտ. ներկայացումները տեղի էին ունենում «Վահդաթ» լեփ-լեցուն սրահում: Բնականաբար, հանդիսատեսների ջախջախիչ մեծամասնութիւնը հայեր էին՝ այն էլ մեծահասակներ: Փառատօնի կազմակերպիչները ի տես թեհրանահայութեան այս ներկայութեան զարմացած էին եւ մեծ հարցական էր իրենց համար այդ ընդառաջումը:
Իսկ մեզ համար զարմանալու բան չկար, իրողութիւն էր հայրենի կարօտը՝ բոլորի սրտերում եւ նրանք ոչ թէ տիկնիկներ տեսնելու համար էին գնում ներկայացումներին, այլ այդ կարօտը առնելու եւ մի քանի բառ փոխանակելու խմբի անդամների հետ եւ եթէ բախտը վիճակւի՝ նրանց հիւրընկալելու:
Ահա, այդ մթնոլորտում էր, որ որոշեցինք խմբի բոլոր անդամներին հրաւիրել «Սիփան»: Միութեան ժամանակի նախագահն էր երիտասարդ եւ արտակարգ եռանդով լեցուն Զաւիկ Քեշիշեանը: Պայմանաւորւեցինք խմբի ղեկավար Անդրանիկ Գամճեանի հետ, որ ներկայացումից յետոյ՝ խումբը այցելի միութիւն:
Յուլիս ամիսն էր եւ միութեան բակում ընթացքի մէջ էին «Սիփան»-ի բասկետբոլի եւ վալիբոլի գաւաթի մրցումները: Աւարտւեցին օրւայ խաղերը, ինչպէս միշտ բակը լեփ-լեցուն էր քաղաքամասի մարզասէրներով, յայտարարեցինք տիկնիկային խմբի այցելութեան մասին եւ բակում ներկայ բոլոր ժողովուրդը մնաց տեղում: Այս սպասումը տեւեց մինչեւ գիշերւայ ժամը 11:30-ը եւ ամբողջ այդ ժամերին ժողովուրդը անհամբերութեամբ, սակայն, առանց որեւէ անհանգստութեան ու տրտունջի՝ սպասում էր Հայրենիքի ծիծեռնակներին: Երբ խումբը մուտք գործեց միութեան բակ, տեսնել էր պէտք, թէ ժողովուրդը ինչ ոգեւորութեամբ ու ջերմութեամբ ընդունեց նրանց: Այդ այցի մասին «Ալիք»-ը անդրադարձաւ իր յուլիսի 27-ի համարի առաջին էջում: Մէջբերենք «Ալիք»-ի լուրից որոշ հատւածներ՝ «Հայաստանի տիկնիկային թատրոնի խմբի անդամները թեհրանահայ միութիւններին տւած այցելութեան շարքում՝ երէկ գիշեր, օրւայ բեմադրութիւնից յետոյ, այցելեցին Հայ մշակութային «Սիփան» միութիւն, որտեղ գիշերւայ ժամը 23:00-ին հայաստանցի հիւրերին էին սպասում հազարաւոր հայրենակիցներ»:
«...Հայաստանցի արւեստագէտները ժողովրդի բուռն ծափահարութիւնների ներքոյ, միութեան շրջափակը մուտք գործեցին գիշերւայ ուշ ժամին»:
Ապա եղան բարիգալստեան եւ ողջոյնի խօսքեր, յետոյ՝ մէկ առ մէկ ներկայացւեցին խմբի անդամները, իսկ խմբի կողմից շնորհակալական խօսք արտասանեց խմբի ղեկավար՝ Անդրանիկ Գամջեանը եւ մի յուշանւէր յանձնելով «Սիփան» միութեան նախագահ Զաւիկ Քեշիշեանին, ասաց. «Այս նւէրը յանձնում եմ ամենատղամարդ միութեանը»:
Այս խօսքերը մինչեւ այսօր էլ մնում են յիշողութեանս մէջ:
Այժմ, երբ մեզանից առյաւէտ հեռացել է սիրելի Զաւիկը, թող այս յիշողութիւնը մի փոքր յարգանքի տուրք լինի նաեւ նրա անմոռաց յիշատակին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։