Հա

Համայնք

28/07/2021 - 12:30

Իրանն ընդլայնում է համագործակցութիւնը ԵԱՏՄ-ի հետ. ի՞նչ դեր է յատկացւած Հայաստանին

Իրանում յստակ հասկանում են, որ Հայաստանը կարող է միջավայր ստեղծել իրանական բիզնեսին միութեան բազմամիլիոնանոց շուկայ մտնելու համար։

«alikonline.ir» - Իրանում յստակ հասկանում են, որ Հայաստանը կարող է միջավայր ստեղծել իրանական բիզնեսին միութեան բազմամիլիոնանոց շուկայ մտնելու համար։

Հայաստանն Իրանի համար Հարաւային Կովկասում կարեւոր գործընկեր է, յատկապէս տարածաշրջանում վերջին իրադարձութիւնների ֆոնին։ Փորձագէտները համոզւած են, որ Թեհրանը Երեւանի օգնութեամբ կարող է իր տնտեսութեան մի շարք առանցքային խնդիրներ լուծել։ Հայաստանը հետաքրքիր է ոչ միայն մատակարարումների դիւերսիֆիկացման լոյսի ներքոյ, այլեւ ԵԱՏՄ-ի հետ լիարժէք կապի ապահովման, որով Իրանի բիզնեսի համար կը դառնայ ուղեկցորդ դէպի միութեան բազմամիլիոնանոց շուկայ։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Այս տեսանկիւնից վերջին օրերին Իրանի ակտիւացումը պատահական չէ։ Այսպէս` օրեր առաջ Թեհրանում անցկացւեց ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի մշտական գօտի ստեղծելու մասին բանակցութիւնների հերթական փուլը։ Կողմերը պայմանաւորւեցին բանակցութիւնների լիաֆորմատ առաջին փուլն անցկացնել այս տարւայ սեպտեմբերին։

Իրանագէտ Գարիկ Միսակեանի խօսքով` ԻԻՀ-ն ներկայ պահին հետաքրքրւած է ԵԱՏՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի իրականացմամբ։ Երկիրը դեռ անդամակցութեան հարց չի դնում` հաշւի առնելով իր շուկայի առանձնայատկութիւնները։ Լիարժէք անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին կարող է մի շարք խնդիրների յանգեցնել ներքին շուկայում, եւ Իրանը դեռ դրանք լուծելու ժամանակ չունի։

«Այս համատեքստում մեծանում է Հայաստանի դերը։ Առաւել եւս, որ մեր երկիրը միութեան երկրներից միակն է, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի»,- ասաց Միսակեանը։

Նա յիշեցրեց նաեւ Հարաւային Կովկասի երկրների հետ տնտեսական համագործակցութեան գծով Իրանի իշխանութիւնների վերջին զեկոյցի մասին, որտեղ առանձին ուշադրութիւն է դարձւել ՀՀ Սիւնիքի մարզի հետ տնտեսական կապերի զարգացմանը, ինչպէս նաեւ Մեղրիում ազատ առեւտրի գօտու գործարկման անհրաժեշտութեանը։

Փորձագէտը կարծում է, որ միայն Իրանի նախաձեռնութիւնը բաւարար չէ, Հայաստանի իշխանութիւնները եւս պէտք է ազատ առեւտրի գօտու գործարկման գծով քայլեր ձեռնարկեն, ինչպէս նաեւ աւարտեն «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու շինարարութիւնը։

Բացի այդ, Հայաստանը կարող է նաեւ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ միւս երկրների շուկաներ ապրանքի մատակարարման ապահովման հարցում միջնորդ երկիր դառնել։ Միսակեանը նշեց, որ դա մեր երկրի առաւելութիւնն է, որն անհրաժեշտ է օգտագործել, եւ որի մասին տեղեակ են նաեւ Իրանում։

Արեւելագէտ, ռուսաստանցի փորձագէտ Կարինէ Գէորգեանն իր հերթին ընդգծեց այդ գործընթացում Հայաստանի առանձնակի դերը։ Նա կարծում է, որ վերջին իրադարձութիւնների լոյսի ներքոյ Իրանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերութիւնը կաճի, եւ այդ գործընթացն անխուսափելի է։

«Հայաստանն արդէն ԵԱՏՄ անդամ է եւ Թեհրանի եւ Մոսկւայի միջեւ փոխգործակցութեան կամուրջ կարող է դառնալ»,- ասաց Գէորգեանը։

Ըստ նրա` Երեւանը կարող է դիտարկել Իրանի հետ համագործակցութեան ողջ ներուժը` հաշւի առնելով Թեհրանի ընտրած ճանապարհը։ Նրա գնահատականներով` դա ոչ մի բանով Հայաստանին չի սպառնում եւ կարող է հաւասարակշռել Թուրքիայի ակտիւութիւնը տարածաշրջանում։

Այս համատեքստում Գէորգեանը նաեւ ընդգծեց «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի յատուկ դերը եւ դրանում Հայաստանի տարանցման ներուժի իրացումը։

Յիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու մասին ժամանակաւոր համաձայնագիրն ուժի մէջ է մտել 2019 թւականի հոկտեմբերի 27-ին։ Համաձայնագիրը սահմանափակ ապրանքներ է ներառում, սակայն դրա մէջ մտնում են հիմնական գրեթէ բոլոր տեսակները (ԵԱՏՄ երկրներից ընդհանուր արտահանման շուրջ 55%-ը)։ Մասնաւորապէս, խօսքը գիւղատնտեսական եւ արդիւնաբերական խմբի ապրանքների մասին է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։