Հա

Համայնք

09/09/2021 - 14:30

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ. «Շուտով անց է կացւելու Իրանի 52-րդ «Համահայկական» խաղերը»

Այս եւ «Արարատ»-ի այլ նախագծերի, ինչպէս նաեւ ծագած խնդիրների մասին Հենրիկ Խալոյեանի հետ մեր զրոյցը տես այսօրւայ համարում:

«ԱԼԻՔ» - «Իրանի  Համահայկական խաղեր»-ի անցկացման ծրագիրը օրակարգ է բերւել եւ այս տարի այն տեղի կունենայ նոր ձեւաչափով, որով հանդիպումները համապատասխանեցւած կը լինեն հակահամաճարակային կանոնակարգերին: Իսկ վաղը՝ ուրբաթ, սեպտեմբերի 10-ին, նախատեսւած է մարզա-մշակութային միւս միութիւնների պատասխանատուների հետ հանդիպում»,- «ԱԼԻՔ»-ին յայտնել է Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը:

 

Հենրիկ Խալոյեանը՝ «Մարզաւանի ջրի վարձի, շին-նախագծերի իրականացման, համայնքային կեանքում միութիւնների վերաշխուժացման, եւ «Համահայկական» խաղերի անցկացման անհրաժեշտութեան մասին»

 

«ԱԼԻՔ», Հատիս - Ամէն բան շոկային երանգ ստացաւ, երբ «Արարատ»-ի ինստագրամային միկրոբլոգում ահազանգի պէս հնչեց «ԿԱՐԵՒՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆ» վերնագրով հրապարակւած՝ շուրջ 90 միլիոն (թուման) ջրի վարձի անդորրագրի պատկերով հաղորդագրութիւնը։

Քաղաքամասի այս կարեւոր «յիսուն քանի-ամեայ» շնչափող-թոքը, որտեղ կանաչապատման ծրագրերն իրականացւել եւ իրականացւում են մարզական (ֆուտբոլային կանաչ գորգի) եւ բնապահպանութեան նպատակներով, իր ստեղծման առաջին օրւանից փորձել է ինքնաբաւ լուծել իր նմանօրինակ խնդիրներն առանց բեռ դառնալու մայրաքաղաքի հանրութեան ու պատկան բիւջէի ուսերին:

Նոյն կապակցութեամբ «ԱԼԻՔ»-ի լրագրողի հարցերին պատասխանելով Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նորընտիր նախագահ Հենրիկ Խալոյեանը շտապեց նշել, որ թէեւ շատ կարեւոր է ոռոգման ջրի հետ պայմանաւորւած գնաճն ու ջրամատակարարման ծախսերի անբնական բարձրացումը, այնուամենայնիւ, դա մարզաւանի առկայ դժւարութիւններից ու իրագործմանը կարօտ միւս նախագծերից մեծ չէ եւ լուծելի խնդիրներից կը համարես:

Նա «ինստագրամով» ներարկւած այդ ստրեսի մասին նշեց, որ տեղեկատւութեան կարեւորութիւնն ու տագնապի մասին ահազանգը բացատրւում է նրանով, որ հասարակութիւնը պէտք է հնարաւորութիւն ունենայ առաջին ձեռքից տեղեկացւած լինել ծագած խնդիրների մասին, ինչպիսին էր հէնց «Մարզաւանի» ջրի վարձի անհաւանական բարձրացման լուրը:

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Հենրիկ Խալոյեանի հետ զրուցել ենք մարզաւանի թենիսի բացօթեայ սրճարանի տրամադրող միջավայրում, որտեղ կարմրահող խաղադաշտի ջրցանումից ու տարածքի թարմութիւնից մոռանում ես ժամանակի տարածութեան մասին:

Թէեւ զրոյցի նպատակը հէնց ինստագրամային նշւած այդ գրառումն էր, սակայն կողքից բացայայտւեց եւս մէկ հետաքրքիր նորութիւն, կապւած՝ Իրանի «Համահայկական» մարզական խաղերի մասին, որը հասկանալի պատճառներով տեղի չունեցաւ անցեալ ամառ, ինչը չես ասի այս տարւայ մասին:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահի համաձայն՝ այս տարի հաստատ լինելու են «Համահայկական» խաղերը, միայն թէ սպասենք իրականացման ու կազմակերպման նոր ձեւաչափի մասին Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան յայտարարութեանը:

Իսկ երբ պատրաստւում էինք նիւթը հրապարակել մեր նորութիւնների լրահոսով, տեղեկացանք, որ Թեհրանի ոռոգման ջրի ու կոյուղիների վարչութեան կողմից նոր պահանջ է ներկայացւել Հ. Մ. «Արարատ» Կ.-ին՝ «ԷԳՕ» (կոյուղաջրերի ցանց) համակարգին միացման ծանուցագիրը, ինչը նոյնպէս տիեզերական գումարների մասին կարող է խօսել: Նոյն կապակցութեամբ տեղեկացել ենք, որ Արա Շահվերդեանի միջնորդութեամբ տեղի է ունենալու (կամ արդէն կայացել է) Հ.Մ.Ա.Կ-ի եւ «Թեհրանի ոռոգման ջրի եւ կոյուղաջրերի վարչութեան» գործադիր տնօրէնի հետ հանդիպում, որի մասին նոյնպէս փորձ է արւելու լրատւութիւն իրականացնել:

 

 

Դեռ երկու ամիս չանցած, երբ մեկնարկել էր նոր շրջանն ու 110 միլիոնանոց պատուհասը յիշեցրեց իր մասին

Կամ՝

Կենտրոնական վարչութեան աշխատանքային նոր շրջանը եւ գների բարձրացման թէժ ժամանակաշրջանը, ինչը նոյնիսկ ջրով չի սառչի...

Հենրիկ Խալոյեանը զրոյցի ամենասկզբում նշեց, որ շրջանի մեկնարկային խոշոր վճարումը՝ մարզաւանի բանեցրած ջրի վարձն էր, որը կազմում էր 22 միլիոն թուման: «Վճարեցինք, ու ի զարմանս մեզ, քսան օր չանցած՝ ստացանք եւս 48 միլիոն թումանի մասին տեղեկագիր: Մտածեցինք նախքան վճարելը հարկաւոր է կապ հաստատել «Թեհրան-ջուր» ոռոգման ու կոյուղաջրերի կազմակերպութեան հետ, պարզելու անհասկանալի թւերի ինչպիսութիւնը: Իսկ այդ հանդիպումը չէր կայացել, երբ քսան օր չանցած ստացանք յաջորդ՝ երրորդ տեղեկագիրը՝ եւս 42 միլիոն թուման «ջրագնի» մասին: Այսպիսով երեք ամսւայ դիմաց ընդհանուր գումարը կազմում էր շուրջ 110 միլիոն թուման, ինչը նոյնքան տարօրինակ է ու շոկային, ինչքանով՝ վիճարկելի էր ու անընդունելի:

 

Հանդիպում խորհրդարանի պատգամաւորի հետ եւ «Թեհրան-ջուր» կազմակերպութեան փորձագէտների նախնական պատասխանը

Հ.Մ.Ա.Կ-ի Կենտրոնական վարչութեան նախագահը պատմելով խնդրի լուծմանն ուղղւած հանդիպումների մասին տեղեկացրեց, որ հարցը քննարկւել է խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, ինչպէս նաեւ համապատասխան փորձագիտական շրջանակների հետ: Պատգամաւորը հետեւել է գործին, սակայն ոչ-պաշտօնական տեսքով ու բանաւոր փոխանցած պատասխանն այնքան էլ յուսադրող չէր: Պատասխանել էին, որ բանեցրած ջրի դիմաց վճարումը բոլորիս քաղաքացիական պարտքն է: Աւելի ուշ, երբ գրաւոր դիմումով խնդրեցինք մանրամասն ներկայացնել հաշւարկման մասին, պատասխանեցին, որ նախորդ տարիների տւեալները խօսում են նոյն ծաւալներով բանեցրած ջրի մասին: Սակայն նոր կանոնակարգի համաձայն հաշւարկումներն իրականացւում են նոր ձեւաչափով, որով թռիչքային աճ է սահմանւած նախանշւած ստանդարտները գերազանցելու դէպքում: «Ուղղակի հարցը ոչ թէ մեզ հասկանալի պարտաւորութիւնները մեզ յիշեցնելու մէջ է, այլ մայրաքաղաքի տւեալ հատւածի «թոքը» (շնչափողը) համարւող կանաչապատ տարածքը պահպանելուն ուղղւած աշխատանքներին աջակցելու խնդիրն է, ինչը ցաւօք, այս դէպքում անտեսւել է համապատասխան շրջանակների կողմից: Իսկ մեր ներկայացրած պահանջը ոչ այլ ինչ է, քան կանաչապատ տարածքի պահպանման համար աջակցութիւն ստանալը»,- նշում է Խալոյեանը յիշեցնելով, որ շրջանի կանաչապատ գօտիների, կամ զբօսայգիների դէպքում բանեցւում է նոյն նպատակով համակարգւած ընդերքաջրերի, կամ լեռնաղբիւրների հոսքագիծը, ինչից մարզաւանն անմասն է մնացել: Եւ սա այն դէպքում, երբ հոսքագիծն անցնում է մարզաւանի պատի երկայնքով, ջրելով դրսում գտնւող կանաչապատման առւակը:

 

Ո՞րն է հոսքագծին միացւած չլինելու պատճառը

Խալոյեանը նշում է, որ մարզաւանն ունեցել է իր սեփական օգտագործման ջրհորը, որը մինչեւ վերջին տարիները շահագործւել է տարածքի կանաչապատումը լիարժէք իրականացնելու նպատակներով: Ջրհորերի կողքին կար նաեւ մարզաւանի հիւսիսային ճակատից բացւող ջրառատ աղբիւրը, սակայն վերջին տարիներին ցամաքեց ջրհորը, իսկ աղբիւրն էլ շահագործւում է նոյն տարածքներում կառուցւած աւանի կողմից, կամ էլ եթէ ցամաքել է՝ տեղեակ չենք, այնպէս, որ ստուգել չի լինի, քանի որ այդ տարածքը պատկանում է Զինւած ուժերին: Այդպիսով այլեւս մարզաւանին ջրբաժին չի հասնում աղբիւրից: Սա էր երեւի հիմնական պատճառը, որ ժամանակին նշւած հոսքագծային համակարգին չի միացւել մարզաւանը:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի օրակարգում գտնւող նախագծերից 8-ը ուղիղ իմաստով առնչւում են ջրի տնօրինման խնդիրներին

Կենտրոնական վարչութեան նախագահը տեղեկացրեց, որ մարզաւանի բարեկարգման եւ պահպանման նպատակներով արդէն իսկ իրականացման շեմին են շուրջ երեսուն մշակւած ու հաստատւած նախագծեր, որոնցից 8-ը ուղիղ իմաստով առնչւում են ջրամատակարարմանն ու ջրային պաշարների տնօրինմանը: Նա յաւելեց, որ բոլոր դէպքերում էլ ծանր ֆինանսական շրջան է սպասւում երկրին, ինչի հետեւանքով նախագծերի բիւջէն հայթայթելն ինքնին այլ մասնագիտութիւն ու ջանքեր է պահանջելու:

Խալոյեանը նշւած նախագծերից թւարկեց՝ «կաթիլային համակարգի», «ջրհորի վերականգնում-խորացում», «ֆուտբոլի դաշտի «ջրցանման ռինգի» վերամշակում», «խմելու ջրի համակարգի վերանորոգում», ««ԷԳՕ» համակարգի մշակում-իրականացում» (կոյուղաջրերի համակարգ) ծրագրերը, որոնց ֆինանսաւորումն ինքնին բարդ խնդիր է, ուր մնաց տեղի վրայ բացւող վէրքերի ու նոր մտահոգութիւնների առիթ դարձող խնդիրների համար ելքեր գտնելը...

 

Պետական համակարգը առաքելութիւն ունի սուբսիդաւորելու մայրաքաղաքի «թոք» համարւող կանաչապատման ծրագրերը

«Պետական համակարգն իր համապատասխան օղակներով ու կարողութիւններով կատարում է այդ առաքելութիւնը: Քաղաքապետարանն ու աւագանին յատուկ կարեւորութեամբ իրականացնում են կանաչապատման ծրագրեր: Իսկ «Արարատ»-ում առաջին անգամւայ համար մեր Քաղխորհուրդի հայ անդամների ջանքերի շնորհիւ շուտով պիտի կառուցւի 500 խորանարդ տարողութեամբ մետաղապատ ջրամբար, որը շահագործւելու է մարզահամալիրի ու յարակից տարածքի կանաչապատման աշխատանքների համար, սակայն մինչ նախագծի իրականացումն ու կառուցապատման աշխատանքների մեկնարկը, հիմնականում կարծես, ոչ միայն անմասն է մնացել «Արարատ»-ը նման հոգատար մօտեցումներից՝ չստանալով աջակցութիւն, այլեւ համարւելով քաղաքամասի թոքը, ինքն է յայտնւել սուբսիդաւորողի դերում: Կարծում եմ արդարացի չէ այսպէս: Նոյն մոդելն է աշխատում կարծես, այն, որ պետութեան փոխարէն պահել եւ պահում ենք մեր կրթական համակարգը, նոյնպէս էլ մեր մարզական ոլորտին ենք տիրութիւն անում, յատկապէս, երբ խօսքը մարզաւանի մասին է: Այստեղ հարցը ներով խօսելը չէր խանգարի: Միայն հաշւի առէք Իրանի մարզական ասպարէզում արձանագրւած առաջխաղացումներում ու ձեռքբերումներում հայ մարզիկների դերն ու քանակը, որոնց մարզական կեանքում ուրոյն դեր է ունեցել հէնց մեր բոլորիս «Արարատ»-ն ու բնականաբար համայնքը: Այն էլ առանց պետութեան սուբսիդաւորման ու օժանդակութեան: Խնդիրն այն է, որ բարձր քաղաքականութեան հետ ժամանակին չենք կիսւում ծագած դժւարութիւնների մասին:

Անհասկանալի ոչինչ չկայ եւ համոզւած եմ ըմբռնումով են մօտենալու խնդրին, ինչպէս եղել է նաեւ նախկինում»,- նշում է նորընտիր Կենտրոնական վարչութեան նախագահը եւ յաւելում, որ սպասելիքն այն է, որ նման դէպքերում պետական օղակների աջակցութիւնն ու բարի կամքի դրսեւորումը չի ուշանայ, յատկապէս, երբ հանդիպում ենք տեխնիկական ու նիւթական խնդիրների: «Նոյնն էր նշւած նաեւ կազմակերպութեան հանրութեան հետ կապերի գրասենեակի տարածած հաղորդագրութեան մէջ»,- յիշեցնելով ինստագրամային գրառման մասին ասում է Խալոյեանը:

 

«Այս տարի կայանալու է «Իրանի 52-րդ Համահայկական» խաղերը...

«Այս տարի լինելու է «Համահայկական»-ը: Ամէն ինչ անելու ենք իրականացման անվնաս ու ապահով ձեւաչափը որոշելու համար: Բայց մէկ է, որոշումը կայ՝ լինելու են մարզական խաղերը: Ուղղակի հետեւէք մեր Մարզական միութեան յայտարարութիւններին: Խոստանում եմ, այն չի ուշանայ»:

 

Հասկանալի է, որ կարճ ժամանակահատւածում դժւար թէ հնարաւոր լինի թիմ հաւաքել

«Ցանկալի կը լինէր նորութիւններ մտցնել մարզական մրցոյթներում: Նոր մարզաձեւեր, հիմնականում անհատական, նոյնիսկ եթէ որեւէ միութեան անունից մասնակցութեան յայտ ներկայացրած չլինի մարզիկին կարելի է ընթացք տալ: Կարելի է օրինակներ վերցնել վերջին՝ «Տոկիօ 2020» օլիմպիականից, սկէյտ, սկէյտբորդ, BMX հեծանւային հմտութիւններ, սթրիթբալ, եւ այլն, որոնց հարկաւոր թեքահարթակների ու մրցահրապարակների մասին որոշում կը կայացւի ընդառաջւելու դէպքում: Նոյնիսկ մտածում ենք դահուկավազքի, կամ ձմեռային այլ մարզաձեւերի մասին, քանի որ «Համահայկականի» տեւողութիւնը գուցէ ձգւի մինչեւ տարեվերջ, իսկ սա լաւ առիթ կը լինի Հայաստանի ձմեռային Համահայկականին նախապատրաստւելու առումներով: Ասեմ, որ ուրախութեամբ կը լսենք նաեւ նոր առաջարկութիւնները՝ կապւած նոր մարզաձեւերի եւ մրցաշարերի անցկացման մասին»,- դեռ նախորդ անակնկալը չմարսած եւս մէկ այլ նորութիւնով փորձեց զարմացնել Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէում Իրանի ներկայացուցիչը:

 

Հնարաւոր քննադատութիւնների մասին

Հենրիկ Խալոյեանը պատասխանելով համաճարակի ժամանակաշրջանում նման միջոցառումների անցկացման մասին հարցին նշեց, որ երկրում մարզական կեանքը չի դադարել համաճարակի բերումով: «Ուղղակի իրականացման ձեւաչափն է փոփոխութիւններ կրել: Անց են կացւում նոյնիսկ դահլիճային մրցոյթներ, բասկետբոլի լիգան է շարունակում իր մրցաշրջանը: Միւս մարզաձեւերում եւս աշխոյժ կեանք կայ: Պարզապէս պէտք է հետեւել ֆեդերացիաների նշումներին ու գրագէտ կիրառել հակահամաճարակային կանոնակարգը: Կարելի է սահմանափակւել միայն բացօթեայ մրցաձեւերով, կարելի է նոյնիսկ դահլիճայինը ապահովել համապատասխան միջոցներով: Բացումը նոյնպէս կարող է տեղի ունեալ համապատասխան ձեւաչափերով: Պատկերացրէք մեր համայնքը դադարեցրել է իր բոլոր աշխատանքները, միութիւնները նոյնպէս անաշխատունակութեան են մատնւում, բայց հասարակութիւնը շարունակում է իր բնականոն կեանքը: Իսկ քննադատութիւններ՝ այո՛ կը լինեն: Նոյնպէս, ինչպէս Օլիմպիական խաղերի ժամանակ Տոկիոյում եղաւ: Արանքում ծնւելու են դրական արդիւնքներ: Ժամանակն է յարմարւել կեանքի նոր տեսակին, որը համաճարակի ժամանակներին է յատուկ, որով քաղաքացին սահմանափակութիւնների ստւերի տակ սկսում է յարմարւել համապատասխան միջոցների կիրառմանն ու նոր կենսակերպին: Այսքանից յետոյ բնականեմ  համարում, եթէ լինեն դէմ գնացողներ, նոյնիսկ մեր վարչութեան կազմում, դա էլ է գործի մի մասը, որով սինտեզւում եւ մշակւում են բնականոն կեանք վերադառնալու կանոնները:

 

Արհեստավարժ սպորտում ո՞վ է «քաւոր» կանգնելու իրանահայ մարզիկին

«Համահայկական»-ը՝ որպէս երեւոյթ, կամ արդիւնքների մասին խօսելիս, մեր այն հարցին, թէ «Արարատ»-ն արդեօք համաձայն կը լինի ֆինանսաւորելով աջակցել Իրանի անհատական մարզաձեւերի չեմպիոնական բեմերում հանդէս եկող իրանահայ այլ մարզիկներին, յատկապէս, երբ մարզական ծրագրերին ուղղւած յատկացումների առիւծի բաժինը գնում է ֆուտբոլի ուղղութեամբ, ինչը որքանով էլ ցաւալի, բայց վաղուց անարդիւնաւէտ է աշխատում (հեղինակի սուբիեկտիւ կարծիքն է) եւ դժւար թէ հնարաւոր լինի մտածել բարձրակարգ լիգաների մասին, Խալոյեանը նշեց, որ «Արարատ»-ը համաձայն իր վերջին բարձրագոյն ժողովի, հիմնականում հնարաւորութիւն չի ունենալու ուղղորդւել արհեստավարժ մարզաձեւերի ուղղութիւններով: «Մենք չենք ուղղորդւում «արհեստավարժ» ակումբների օրինաչափութիւններով, բայց կողմ ենք մասնագիտական դպրոցի ստեղծմանը ե՛ւ մարզական, ե՛ւ արւեստի ասպարէզներում: Դա համարում ենք մեր առանցքային հայեցակարգը: Միշտ ձգտել ենք եւ ջանք չենք խնայելու ծառայել մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանն ու համայնքային կեանքին ուղղւած ծրագրերի իրականացման ուղղութեամբ. թէեւ համոզւած ենք, որ անկախ ամէն ինչից, մարզաւանն իր հնարաւորութիւններով աջակցում է նման հեռանկարով անհատներին: Պարզապէս արհեստավարժ մօտեցումներն ու սպորտի այդ տեսակը, էութեամբ կախւած են նիւթական կարողութիւնից ու փոխգործակցութիւնից: Նոյն պատճառով էլ, երբ ժամանակին մեր ֆուտբոլիստները, որոնք հէնց կայացել էին մեզ մօտ՝ «Արարատ»-ում, երբ լքում էին թիմը՝ բարձրակարգ լիգայի ակումբներին միանալու համար, «Արարատ»-ը փոխհատուցում չստացաւ: Չնայած դա իրաւունք էր, ինչը կիրառւում է որպէս օրինաչափութիւն արհեստավարժ սպորտի դէպքում. Այդպէս չարեցինք, քանի որ շարունակում ենք հաւատալ, որ մեր մարզիկների իրաւունքն է զարգանալ սեփական կարողականութեան սահմաններում եւ այդ ճանապարհին նրանց աջակցելը համարել ենք մեր կարեւոր առաքելութիւններից մէկը...

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։