Հա

Համայնք

19/05/2018 - 14:30

«Հայ որբերի գորգի» մասին գրքի պարսկերէն եւ հայերէն տարբերակների շնորհանդէս՝ ՀՃՃՄ-ի նախաձեռնութեամբ

Ուրբաթ, մայիսի 18-ի երեկոյեան, Թեհրանի «Արտակ Մանուկեան» թանգարանում ՀՃՃՄ-ի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ դոկտ. Յակոբ Մարտին Տէրեանի հեղինակած «Նախագահ Քալին Քուլիջը եւ հայ որբերի գորգը» գրքի պարսկերէն եւ հայերէն տարբերակների շնորհանդէսը:

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, մայիսի 18-ի երեկոյեան, Թեհրանի «Արտակ Մանուկեան» թանգարանում ՀՃՃՄ-ի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ դոկտ. Յակոբ Մարտին Տէրեանի հեղինակած «Նախագահ Քալին Քուլիջը եւ հայ որբերի գորգը» գրքի պարսկերէն եւ հայերէն տարբերակների շնորհանդէսը:

Գիրքը անգլերէնից պարսկերէնի է թարգմանել Կարինէ Յարութիւնեանը, իսկ հայերէնի է թարգմանել Արմենուհի Բադալեանը: Գիրքը լոյս է տեսել Հայ մշակոյթի հիմնարկութեան (ԱՄՆ) նախաձեռնութեամբ:

Միջոցառման մեկնարկը տրւեց ՀՃՃՄ-ի վարչութեան նախագահ Վարուժան Եդգարեանի խօսքերով: Նա գրքի հրատարակման աշխատանքների համար ներկայ վարչութիւնից բացի, բարձր գնահատեց նոյն միութեան նախկին շրջանի վարչութեանը:

Օրւայ առիթով ելոյթներով հանդէս եկան Սեդա Թարվերդեանը եւ Գրիգոր Ղազարեանը: Առաջին բանախօսը «Հայ որբերի գորգի» գիրքը ներկայացնելով որպէս անուրանալի փաստարկ ծանրացաւ գրքի առանձանայատկութիւնների վրայ:

Գրիգոր Ղազարեանը ներկայացնելով գրքի մասին իր ուսումնասիրած ուղղւածութիւնը լսարանի հետ կիսւեց «Կանանց դերը ցեղասպանութեան ընթացքում» ուղղութեամբ:

Գրքի հայերէն եւ պարսկերէն տարբերակների շուրջ թարգմանիչների ելոյթներին յաջորդեց միջոցառման կապակցութեամբ Սրբազան Հօր օրհնանքի խօսքերն ու պատգամը:

Սրբազան Հայրը կարեւորելով Ցեղասպանութեան մասին նորանոր փաստերով աշխարհի հետ կիսւելու աշխատանքները իր եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանի անունից պատրաստակամութիւն յայտնեց գրքի հրատարակմանը հարկաւոր արտօնագրի ձեռքբերման գործում համարժէք քայլեր ձեռնարկելը:

Թ. Հ. Թ. առաջնորդը նշեց նաեւ, որ նոյն որբանոցի սաներից մի քանիսը անցնելով եկեղեցական կեանքի, ծառայել են հայ ժողովրդին: Նա այստեղ յիշելով Ներսէս ծ. վրդ. Բաղդիկեանին (1961 -1965 թ.) նշեց, որ նա եւս եղել է նոյն որբանոցի որբերից, ով հետագայում անցնելով եկեղեցական կեանքի, Նոր Ջուղայի թեմում ծառայել է որպէս թեմակալ առաջնորդ:

Ծրագրի ընթացքում գեղարւեստական կատարումներով ելոյթներ ունեցան Մեղրի Բադալեանը (ասմունք) եւ Երազ Բանդարին (երգ):

Միջոցառման աւարտին Սրբազան Հօր ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին գրքի թարգմանիչներին եւ օրւայ բանախօսներին, ինչպէս նաեւ ՀՃՃՄ-ի նախորդ շրջանի վարչութեան ներկայացուցիչներին:

Մանրամասնութիւնները տեսնել մեր առաջիկայ համարներից մէկում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։