Հա

Համայնք

09/10/2018 - 14:30

Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում

Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր մարմիններ՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը համայնքին լսելու եւ իրենց տարած աշխատանքները համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել են հանդիպումների շարան Թեհրանի երեք քաղաքամասերում: 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր մարմիններ՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը համայնքին լսելու եւ իրենց տարած աշխատանքները համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել են հանդիպումների շարան Թեհրանի երեք քաղաքամասերում: Նման քայլի մտայղացման համար կարելի է դրդապատճառ համարել հետեւեալ երկու հիմնահարցերի գլխի տակ ամփոփւած հարցերը՝ «Երկրում առաջացած տնտեսական տագնապի ազդեցութիւնը մեր համայնքում եւ հետագայ անելիքները», «Եկեղեցի, դպրոց, ազգային «Ա. Աւետիսեան» բուժարան, Նոր Բուրաստան գերեզմանատուն եւ ազգային այլ կառոյցների գործունէութիւն, դրանց բարեկարգման եւ բարելաւման համար տարւած եւ առաջիկայ քայլերը եւ առկայ մտահոգութիւնները»:

Ահաւասիկ այս հիմնահարցերի շուրջ համայնքի հետ կիսւելու եւ համայնքի կառուցողական առաջարկները եւ նոյնիսկ թերութիւնների մասին քննադատութիւնները ունկնդրելու եւ դրանց վերահասութիւն տալու նպատակով առաջին հանդիպումը իրականացաւ երէկ, հոկտ. 8-ի երեկոյեան, Զէյթուն քաղաքամասի «Սուքերեան» սրահում, որը ի դէպ շատ էլ բազմամարդ չէր:

Որպէս սկիզբ, նոյն քաղաքամասից ՊԺ-ի պատգամաւորներ Արտոյտ Զոհրաբեանը, Շաքէ Աւետեանը եւ դոկտ. Էդւին Քեշիշեանը ներկայացրեցին Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի կողմից երկարաժամկէտ ծրագիր ճշտած ուղեգիծ-հայեցակարգից որոշ գլուխներ: Հայեցակարգ, որը Թեմական խորհրդին հնարաւորութիւն է տալիս աշխատելու ելնելով համայնքային հիմնահարցերից: Հարցեր, որոնք առնչւում են դպրոցների կարգավիճակին, եկեղեցիներին, ազգային կառոյցներին ու միութիւններին, կալւածներին, ազգային բուժարանին, Բուրաստանին, ԿՕՄ-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանին, բարեսիրական կենտրոններին եւ այլն:

Ապա ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը անդրադառնալով կազմակերպւած հերթական հանդիպումների նպատակներին, ընդգծեց, թէեւ հայեցակարգը իրենից ենթադրում է զանազան բաժինների, սակայն հիմնականում ներկայացւել են այն գլուխները, որոնք ներկայ առօրեայ կեանքում շօշափելի են մեզ համար եւ ընդգծեց հանդիպման հիմնական օրակարգն է՝ երկրի տնտեսական տագնապի ազդեցութիւնը մեր համայնքում եւ մեր անելիքները:

Նա աւելացրեց. «Ազգային իշխանութեան գոյութեան դրդապատճառը համայնքին ծառայելն է, որի համար կեանքի են կոչւել զանազան մարմիններ, որոնց նպատակն է անել հնարաւորինը: Ահաւասիկ պիտի փորձենք Ձեր առաջարկներով եւ Ձեր տեսակէտներով նախաձեռնել հնարաւորը, որպէսզի մեր համայնքի անդամները շատ չտուժեն»: ՊԺ-ի ատենապետը ընդգծեց, որ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը մանրամասն եւ վիճակագրական տւեալներով ներկայացնելու է նշեալ գլուխների տակ իրականացւած քայլերը եւ լսարանին դիմեց, որպէսզի զեկոյցը ունկնդրելուց յետոյ ներկայացնի առաջարկութիւններ, քննադատութիւններ եւ նոյնիսկ արտայայտւի բացթողումների ու սխալների մասին եւ նշեց, որ կարելի է արտայայտւել նաեւ իրականացւած դրական քայլերի մասին, որոնք էլ աւելի խրախուսիչ կը հանդիսանան հետագայ քայլերի իրականացման համար:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը մանրամասն տւեալներով ներկայացրեց տարւած աշխատանքները եւ այն դժւարութիւնները, լինեն դրանք հարկային, բիւջետային, տնտեսական, որոնք յատկապէս վերջին շրջաններում խոչընդոտում են մշակած, որոշ ծրագրերի իրականացմանը: Նա անդրադարձաւ ազգային մարմինների աշխատանքներին, կառոյցների պահպանման համար յատկացւող հսկայ ծախսերին, ազգային իշխանութիւն-պետութիւն եւ այլ կենտրոնների հետ ծաւալւած աշխատանքներին, որոնք իրականանում են համայնքի անդամների սիրայօժար աշխատանքների արդիւնքում: Թեմական խորհրդի ատենապետը անդրադարձաւ նաեւ ազգապատկան կալւածների իրավիճակին, եւ նշեց. «Մեր նպատակն է որքան հնարաւոր է վնասազերծել այդ կալւածները, եւ ըստ հնարաւորին դրանք դարձնել հասոյթաբեր, որոնց հասոյթը ներկայ ծախսերի դիմաց շատ էլ մեծ թիւ չի կազմում»: Անդրադառնալով դպրոցների իրավիճակին ընդգծեց, որ ներկայ պայմաններում աշակերտների թւային քիչ պատկերի եւ հսկայ ծախսերի բերումով, ելք ու մուտքի պատկերը խիստ անհամապատասխան է:

Զեկոյցներից յետոյ ներկաները ուղղեցին իրենց հարցերը, կապւած կրթական ոլորտին, կալւածային հարցերին եւ այլն:

Անհրաժեշտ է ընդգծել, որ նման հերթական հանդիպումները էլ աւելի կարդիւնաւորւեն, եթէ համայնքը աւելիով իր մասնակցութիւնը բերի եւ հարցումները հնչեն ժողովրդի եւ ոչ թէ ՊԺ-ի անդամ պատգամաւորների կողմից, որոնք իրենց տեսակէտները արծարծելու համար ունեն ՊԺ-ի ժողովները:

Յարակից լուրեր

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի հարցազրոյցը կորոնավիրուսի տարածման վերաբերեալ
    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի հարցազրոյցը կորոնավիրուսի տարածման վերաբերեալ

    Ստորեւ ներկայացնում ենք Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հանրութեան հետ կապի հարցազրոյցը Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի հետ։

  • Դեսպան Զոհուրին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Դեսպան Զոհուրին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին երէկ՝ մարտի 27-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակին եւ ճգնաժամին դիմակայելու նպատակով Թեմական խորհուրդը իր աշխատանքները շարունակում է հետեւեալ կարգով՝

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակը եւ ճգնաժամը նկատի ունենալով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կիրակի, թւականիս մարտի 8-ին գումարւած նիստում յանգել է հետեւեալ որոշումների՝

  • Համատեղ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում
    Համատեղ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը նկատի ունենալով Իրանում օրըստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը, հիւանդների թւի աւելացումը եւ տիրող առողջապահական ճգնաժամը, կազմակերպել են համատեղ խորհրդակցական հանդիպում, վիրուսի կանխարգելման համար աշխատանքներ համակարգելու եւ նախաձեռնելու մտադրութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։