Հա

Համայնք

19/12/2018 - 14:05

Պատգամաւորական ժողովի 2018-ի վերջին նիստը՝ համայնքային հարցերի քննարկում եւ կանոնագրի երկու կէտերի բարեփոխում

16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը 32 պատգամաւորների վաւերական ձայնով, որը ընթացքում աճ արձանագրեց, կայացաւ երէկ երեկոյեան դեկտ. 18-ին ազգային առաջնորդարանի դահլիճում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը 32 պատգամաւորների վաւերական ձայնով, որը ընթացքում աճ արձանագրեց, կայացաւ երէկ երեկոյեան դեկտ. 18-ին ազգային առաջնորդարանի դահլիճում:

Աւելի քան չորս ժամ տեւած եւ երկու հատւածում գումարւած նիստը զբաղւեց հինգ օրակարգերով: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ ժողովը սկսեց իր աշխատանքը: Ժողովին հիւրաբար ներկայ էր Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը:

Նախատեսւած օրակարգով ժողովը ունկնդրեց Կրօնական խորհրդի վերջին իննը ամիսների ամփոփ տեղեկագիրը, որը ներկայացրեց խորհրդի ատենադպիր Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, կապւած համայնքի եկեղեցա-կրօնական աշխատանքներին: Ամփոփ տեղեկագրի ընթերցումից յետոյ պատգամաւորների հարցերին, որոնք առնչւում էին նաեւ կիրակնօրեայ դպրոցների աշխատանքները այժմէականացնելու եւ աղանդաւորների նկատմամբ քայլերի կիրառման եղանակներին, պատասխանեց Սրբազան Հայրը:

Յաջորդ գլխի տակ Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժան Յովհաննիսեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց խորհրդի եւ յարակից մարմինների աշխատանքների մասին: Զեկոյցում խօսւեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի տարած աշխատանքների եւ ինչ որ պետական հիմնարկի կողմից ԿՕՄ-ին յատկացւած նպաստի մասին, որ արդէն տրամադրւել է կարիքաւորներին: Անդրադարձ եղաւ ազգային «Ա. Աւետիսեան» բուժարանի հարցով օրերս ծագած դժւարութիւններին, որպէս «բարեգործական հաստատութեան» կարգավիճակ ունեցող, որի հետեւանքով մի շարք խոչընդոտներ են ստեղծւել եւ Թեմական խորհուրդը հաւաստիացրեց, որ հարցին հետամուտ է նոյնիսկ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը: Խօսւեց նաեւ ազգապատկան մի քանի կալւածների, ինչպէս Սուլթանի տարածքի եւ Զանգ տարածքի իրավիճակների վերաբերեալ, ինչպէս նաեւ ազգային կառոյցների եւ եկեղեցիների շինարարական աշխատանքների, նաեւ «Արտակ Մանուկեան» թանգարանի բարեյաջող աշխատանքի եւ ընթացքի մասին: Անդրադարձ եղաւ Հայաստանի առաջիկայ Համահայկական խաղերին համայնքի մասնակցութեան վերաբերեալ, նշւեց որ Իրանահայ արհեստաւորների միութեան շնորհիւ Նոր Բուրաստան գերեզմանատունը օժտւել է նոր մեքենայով, զեկուցւեց նաեւ հարկային խնդիրների եւ թեմի շրջանների կարգավիճակի մասին: Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ֆինանսական ծախսերի ամփոփ զեկոյցը ներկայացրեց խորհրդի նիւթականի պատասխանատու Վարդգէս Եադիգարեանը, անդրադառնալով ազգային կրթօջախների, ի բացառեալ մի քանիսի, արձանագրած բացերին եւ հինգ միլիարդ ռիալ հսկայ բացի մասին:

ՊԺ-ի երկրորդ բաժնում, Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ քննարկւեց թեմիս կանոնագրութեան թիւ 31 յօդւածը կապւած Պատգամաւորական ժողովի պատգամաւորների թւային պատկերի մասին եւ որոշւեց նւազագոյն թւային պատկերը 45-ից իջեցնել 41-ը:

Յաջորդ կանոնագրային բարեփոխումը հետեւեալն էր, որ ՊԺ-ի կանոնագրքում բացակայում է «մանկապարտէզ» բառը, որի չգոյութիւնը ինչ որ խնդիրներ է ստեղծում, այդ առումով ժողովը միաձայնութեամբ հաստատեց բառի յաւելումը:

Նշւեց նաեւ, որ 2019-ի փետրւարի վերջերին աւարտւելու է գործող Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի աշխատանքային երկամեայ ժամանակաշրջանը եւ ընտրւելու է նոր խորհուրդ, առ այդ սպասւում է այլ նիստ, ուր մանրամասն քննարկւելու է երկամեայ գործունէութիւնը:

Վերջում ՊԺ-ի ատենապետը անդրադարձաւ մի շարք ընդհանուր մտահոգութիւնների՝ ինչպէս դպրոցներում կրօնական դաստիարակութեան կողքին ազգային դաստիարակութեան անհրաժեշտութեանը, որոնք գալիս են մէկը միւսին լրացնելու:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է հեռատես լինել եւ յստակ ծրագրեր մշակել, հակառակ դէպքում մեծ դժւարութիւնների դիմաց ենք կանգնելու:

Յարակից լուրեր

  • Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը. Ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների երկամեայ ծրագրերը
    Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը. Ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների երկամեայ ծրագրերը

    Երէկ, նոյեմբերի 12-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը շարունակւելու է նաեւ այսօր: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յետվիրահատական ապաքինման շրջանը անցկացնելու բերումով ներկայ չէր երէկւայ նիստին եւ նրան էր փոխարինել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

  • Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն
    Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն

    Ս. թ. չորեքշաբթի, մայիսի 22-ին, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի եւ Ներքին գործերի նախարարութեան կողմից լիազօրւած տկն. Սէյէդիի ներկայութեամբ, կայացրեց Կրօնական, Թեմական խորհուրդների եւ ապա Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները, որոնց արդիւնքում՝ առաջիկայ երկու տարիների համար թեմի բարձրագոյն գործադիր մարմիններն ընտրւեցին հետեւեալ անձնակազմերով.

  • Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ
    Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ

    Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը սոյն թւականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին իր  հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի աշխատանքային զեկոյցները եւ թէժ քննարկումների աւարտին ժողովի կողմից կեանքի կոչւած Բանաձեւային յանձնախումբը ի մի բերեց երկու խորհուրդների եւ մարմնի գործունէութեան շուրջ քննարկումները:

  • Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին
    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին

    Թւականիս ապրիլի 30-ից մեկնարկել է Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 16-րդ շրջանի հերթական նիստը, որը շարունակւեց նաեւ երէկ մայիսի 1-ին մինչեւ ուշ երեկոյ:

    Այս անգամ Պ. Ժ.-ի նիստերը՝ իրենց բնոյթով, տարբերւում էին նախորդներից, քանզի գործող Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը աւարտում էին իրենց երկամեայ աշխատանքային շրջանը եւ համայնքը օժտւելու է նորընտիր գործադիր իշխանութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։