Print this page
22/09/2019 - 10:30

Ուխտագնացութիւն Սարի-Գորգան

Հինգշաբթի, 19 սեպտեմբեր 2019-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր հովւական այցելութիւնները շրջաններում, Խաչվերացի տօնի ուրախ առիթով այցելեց Սարի եւ Գորգան հայ համայնքին: Նոյն առիթով տելի ունեցաւ երկօրեայ ուխտագնացութիւն, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

Հինգշաբթի, 19 սեպտեմբեր 2019-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր հովւական այցելութիւնները շրջաններում, Խաչվերացի տօնի ուրախ առիթով այցելեց Սարի եւ Գորգան հայ համայնքին: Նոյն առիթով տելի ունեցաւ երկօրեայ ուխտագնացութիւն, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

Սրբազան Հօրը ընկերակցում էին տեղի այցելու հովիւ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Սարի քաղաքի մուտքին Սրբազան Հօրը դիմաւորելու էին եկել տեղի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամները։ Սրբազան Հայրը մի պահ հանգստանում է հոգաբարձութեան ատենապետ՝ պրն. Յովիկ Մատթէուսեանի բնակարանում, որտեղ Սրբազան Հօրը միացան Թեմական խորհրդի անդամներ՝ Հարմիկ Աւետեանը եւ Վահէ Թարոյեանը:

Դրանից յետոյ Սրբազան Հայրը ուղղւեց դէպի համայնքի «Արարատ» սրահը, որտեղ հաւաքւել էին սարիեցիները հիւընկալելու Սրբազան Հօրը եւ նրա հետ գողտրիկ ժամանակ անցկացնելու։

Երեկոյեան Սրբազան Հայրը հրաժեշտ առնլով սարիեցիներից ճանապարհւեց դէպի Գորգան։ Քաղաքի կենտրոնում Սրբազան Հայրը դիմաւորւեց Գորգանի եւ Ղորուղի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների եւ նրանց ընտանեկան պարագաների կողմից եւ ապա առաջնորդւեց դէպի պանդոկ։

Ուրբաթ, 20 սեպտեմբերի առաւօտեան ժամը 10։30-ին Ղորուղի Ս. Աստւածածին մատուռում տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. պատարագ։ Պատարագիչն էր թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը։ Պատարագի ընթացքին սեղանին սպասարկեց արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանը եւ Անանիա կիսասարկաւագ Յարութիւնեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց՝ ուխտագնացութեան յատուկ երգեցիկ խումբը, ղեկավարութեամբ՝ տիկ. ՕՖիկ Մելիքեանին։

Սրբազան Հայրը պատարագի սկզբին բացատրեց՝ «Ամէն տարի Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով ուխտի էինք գալիս այստեղ: Այս տարի մտածեցինք թէեւ մատուռի անունը Աստւածածին է, նաեւ Խաչվերացի տօն է եւ Խաչվերացը նոյնքան մեծ տօն է. ուրեմն այս տարւայ ուխտագնացութիւնը կազմակերպւեց Խաչվերացի տօնի առիթով»: Ապա անդրադառնալով սուրբ Խաչի խորհրդին աւելացրեց՝ «Խաչը կեանքի խորհուրդ է եւ այս կեանքը՝ սէր, զոհողութիւն եւ նւիրում է. Խաչը պատւանդանւած է Աստծոյ առ մարդկութիւն ունեցած սիրոյ վրայ»:

«Սէրը քրիստոնէական հասկացողութեամբ այն է, որ մարդ ինքն իրենից ինչ որ բան տալիս է ուրիշին: Քրիստոսն այդ սիրով մարդկութինը սիրեց եւ նրան իբրեւ ապացոյց իր կեանքը նւիրեց»,- յաւելեց Սրբազան Հայրը:

«Քրիստոսի եկեղեցին տարին 3 առիթներով մեծ տօներ է նշանակել Քրիստոսի Խաչի փառաբանանքի համար՝ Խաչի Գիւտի, Խաչի Երեւման եւ Խաչի Վերացման տօները: Կայ Խաչի 4-րդ տօնը, Վարագայ Խաչի տօնը, որը կարծես մեր խաչին տօնն է»: «Մեր եկեղեցու տօները, մեզ համար գեղեցկագոյն առիթ են, որպէսզի մենք մեզ նորոգենք, լիցքաւորենք, որ կարողանանք շարունակել մեր ելքը իբրեւ հայ»,- ասաց Սրբազան Հայրը:

Ապա գնահատանքի խօսք ուղղեց բոլորին, ի մասնաւորի ուխտաւորներին նաեւ շրջանի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան եւ ժողովրդին, որոնք այդ մատուռը պահպանում են:

Պատարագի աւարտին պարտէզում կատարւեց աւանդական Անդաստան եւ ռեհանի օրհնութիւն եւ ապա ներկաները առիթ ունեցան տեսակցելու Սրբազան Հօր հետ եւ զրուցելու։

Աւարտին, պարտէզում ուխտաւորների ու ներկաների հետ մտերմիկ մթնոլորտում զրուցելուց եւ շփւելուց յետոյ, երեկոյեան Սրբազան Հայրն եւ ուխտաւորները հրաժեշտ տալով սարիեցիներին ու գորգանցիներին վերադարձան Թեհրան։ 

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ