Հա

Համայնք

04/11/2019 - 13:50

Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ՝ դասական երեկոյ հայ եւ պարսկալեզու հանդիսատեսի ներկայութեամբ

«Մեծ պատիւ է Կոմիտասին նւիրւած գեղարւեստական միջոցառմանը ելոյթի առիթ ունենալը: Յատկապէս, երբ խօսքը գնում է այնպիսի մեծութեան մասին, ինչպիսին հայ երգի Մաշտոցն է»: Իր յուզումը դժւարութեամբ զսպելով դիմեց հանդիսականներին մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը երաժշտական երեկոյթի իր եզրափակիչ խօսքերով:

Դոկտ. Ասգարի.

«Կոմիտասի մշակած ժողովրդական երգերը նոյն շրջանի համայնապատկերի դերում են»

 

«ԱԼԻՔ» - «Մեծ պատիւ է Կոմիտասին նւիրւած գեղարւեստական միջոցառմանը ելոյթի առիթ ունենալը: Յատկապէս, երբ խօսքը գնում է այնպիսի մեծութեան մասին, ինչպիսին հայ երգի Մաշտոցն է»: Իր յուզումը դժւարութեամբ զսպելով դիմեց հանդիսականներին մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը երաժշտական երեկոյթի իր եզրափակիչ խօսքերով:

Երէկ, կիրակի նոյեմբերի 3-ին, Կոմիտասի 150-ամեակին նւիրւած դասական երեկոյին, որը տեղի էր ունենում Հայ ակումբի դահլիճում, ներկայ հանդիսականների շարքերում աչքի ընկնող գիտական դէմքերի եւ անւանի արւեստագէտների ու արւեստի գործիչների կողքին, ներկայ էին՝ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Միջոցառումը Փերիոյ Կրթասիրաց միութեան Թեհրանի մասնաճիւղի նախաձեռնութիւնն էր, որտեղ ելոյթով հանդէս եկաւ «ՊՈԼԿԱ» լարային գործիքների քառեակը՝ Լարա Նազարեանի (ջութակ), Ֆարնազ Դարայիի (երկրորդ ջութակ), Ֆարնազ Բաջւարի (Ալթօ), եւ Բարան Այազիի (թաւջութակ) մասնակցութեամբ: Նշենք, որ նւագախմբի տարիքային միջինը հազիւ թէ լրացնի 17-ը:

Պատանի երաժիշտների կատարմամբ հնչեցին Ասլամազեանի վերամշակմամբ Կոմիտասի թւով 6 ստեղծագործութիւն, որոնցից իւրաքանչիւր համարի աւարտին հանդիսավար Արփի Ալավերդեանը հանդիսականներին էր ներկայացնում յաջորդ ստեղծագործութեան մասին տւեալներ:

Օրւայ բանախօս՝ Թեհրանի գեղեցիկ արւեստների համալսարանի դասախօս, Երեւանի կոնսերւատորիայի շրջանաւարտ դոկտ. Ասգարին հայերէնով սկսած իր ելոյթով ողջունեց հանդիսատեսին, միաժամանակ նշելով, որ Կոմիտասի մասին հարկաւոր է խօսել հէնց հայերէն, բայց, քանի որ հանդիսականների շարքերում կան նաեւ պարսկալեզու ներկաներ, իր ելոյթը ներկայացրեց պարսկերէն լեզւով:

Դոկտ. Ասգարին կարեւորելով նման միջոցառումների տեղն ու դերը Իրանի ժողովրդին նման մեծութիւնների հետ ծանօթացնելու գործին, նշեց, որ իզուր չէ, եթէ Կոմիտասին հայ երգի Նարեկացի են անւանել, չէ որ հէնց Կոմիտասն էր, որ ազգագրագէտի իրական դերում հանդէս եկաւ եւ հայ ժողովրդի համայնապատկերը ներկայացնող երգերը կորստից փրկեց:

Նա նոյն կապակցութեամբ առաջարկեց նախաձեռնել՝ Կոմիտասին նւիրւած գիտաժողով-փառատօն, որտեղ հնարաւոր կը լինի կոմիտասագէտների կողքին գիտական ուսումնասիրութիւնների ու յօդւածների յայտով ներկայ լինի իրանական կողմը:

Ծրագրի աւարտին Փերիոյ Կրթասիրաց միութեան նախագահ՝ Գասպար Ամիրխանեանը շնորհակալական խօսքի ընթացքում մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ձեռքով դոկտ. Ասգարիին նւիրեց նոյն միութեան ջանքերով հրատարակւած պատմագիր Ստեփանոս Երէցի «Հանգիտագիրք»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։