Հա

Համայնք

11/12/2019 - 14:30

Նշւեց Իրանի Հայ Արհեստաւորների միութեան 25-ամեակը

Սրանից 25 տարի առաջ, 1994 թւականին, Թեհրանի հայոց թեմի հովանու ներքոյ հիմքը դրւեց իւրայատուկ մի միութեան, որը նախընթաց չունի Սփիւռքի այլ գաղթօջախներում՝ Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Սրանից 25 տարի առաջ, 1994 թւականին, Թեհրանի հայոց թեմի հովանու ներքոյ հիմքը դրւեց իւրայատուկ մի միութեան, որը նախընթաց չունի Սփիւռքի այլ գաղթօջախներում՝ Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը:

Յիշեալ միութիւնը իր կեանքի 25 տարիների ընթացքում չի խնայել իր կարելին ազգային–հասարակական կեանքում, ի շարս Հայ Դատի աշխատանքներին նպաստելը թէ՛ բարոյական, եւ թէ՛ նիւթական հնարաւորութիւններով: Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ պատերազմի տարիներին, հայ արհեստաւորը ռազմաճակատներում իր ներկայութեամբ կատարեց այնպիսի աշխատանքներ, որոնք գնահատանքի են արժանացել ժամանակի պետական ու զինւորական պատասխանատուների կողմից: Յետպատերազմեան տարիներին հայ արհեստաւորները իրենց արտադրանքներով, միշտ նպաստել են Իրանի տնտեսական վերելքին, որի վկան ժամանակին, հինգ տարի շարունակ միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւող ցուցահանդէսներն էին: Միութիւնը նաեւ իր ներդրումը չի խնայել Արցախում, որտեղ Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան հետ համագործակցաբար հիմնադրել է ծորակաշինութեան գործարան:

Նման միութեան 25-ամեայ բեղմնաւոր աշխատանքը գնահատելու եւ ներկայացնելու նպատակով, երէկ դեկտեմբերի 10-ի, երեկոյեան, միութեան «Արամ Մանուկեան» սրահում, որը ի դէպ միութեան ջանքերով է նման տեսքի բերւել, կազմակերպւել էր հանդիսութիւն, ներկայութեամբ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային-Կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Թովմաս Թովմասեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի, Իրանում ՀՀ դեսպանութեան խորհրդական Էդւարդ Խաչատրեանի, ազգային իշխանութեան, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչների եւ հայ արհեստաւորների:

Միջոցառման սկզբում, կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջոյնի խօսք ասելով, Ալենուշ Մովսիսեանը ներկայացրեց միութեան 25-ամեայ աշխատանքները: Իսկ Կարէն Մնացականեանի պատրաստած համապարփակ ֆիլմը մանրամասնօրէն ի ցոյց դրեց 25-ամեայ միութեան անցած ուղին: Հանդիսութեանը, երգչախմբային կատարումներով ելոյթ ունեցաւ «Հայ կին» միութեանը կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ:

Հանդիսութեանը գնահատանքի եւ երախտագիտական խօսքերով հանդէս եկան Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արա Շահվերդեանը, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը, իսկ յանձնախմբի կողմից Արա Շահնազարեանը, որոնք իրենց ելոյթների ընթացքում անդրադարձան հայ արհեստաւորի, եւ ի մասնաւորի՝ միութեան կարեւոր դերակատարութեանը:

Հանդիսութիւնը եզրափակւեց ընդունելութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։