Հա

Համայնք

18/12/2019 - 14:50

«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ կատարւեց դոկտ. Կարէն Խանլարեանի «Հայաստանի աշխարհագրութեան մեկնաբանութիւնը՝ հիմնւած իսլամական տեքստերի վրայ» գրքի շնորհանդէսը

Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ դեկտ. 17-ին, տեղի ունեցաւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հեղինակած «Հայաստանի աշխարհագրութեան մեկնաբանութիւնը՝ հիմնւած իսլամական տեքստերի վրայ» պարսկերէնով լոյս տեսած գրքի շնորհանդէս-քննարկումը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ դեկտ. 17-ին, տեղի ունեցաւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հեղինակած «Հայաստանի աշխարհագրութեան մեկնաբանութիւնը՝ հիմնւած իսլամական տեքստերի վրայ» պարսկերէնով լոյս տեսած գրքի շնորհանդէս-քննարկումը:

«ՀՈՒՍԿ»-ի կենտրոնատեղիում կազմակերպւած շնորհանդէսի սկզբում Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը անդրադառնալով դոկտ. Խանլարեանի հեղինակած գրքին ընդգծեց, որ այն արդիւնքն է հեղինակի եռամեայ աշխատանքների եւ յոյս յայտնեց, որ մօտ ապագայում լոյս տեսնի երկրորդ հատորը եւս: Նա նշեց նաեւ, որ դոկտ. Խանլարեանը պաշտօնապէս նշանակւել է Իսլ. Ազատ համալսարանի ներկայացուցիչը՝ Հայաստանում համալսարանի մասնաճիւղը հիմնելու համար: Նա ապա ներկայացնելով օրւայ բանախօս, Իսլամական հանրագիտարան հիմնադրամի գիտխորհրդի անդամ դոկտ. Ալի Ալիբաբիին, հրաւիրեց նրան անդրադառնալու գրքի մասին: Նա, որ մանրամասն ուսումնասիրել էր դոկտ. Խանլարեանի գիրքը ընդգծեց, որ այն գնահատման արժանի է այն առումով, որ հեղինակը ներկայացրել է իսլամական այն աղբիւրները, որոնք հիջրեթի 3-րդից 14-րդ դարերի ընթացքում անդրադարձել են Հայաստանի մասին եւ կարեւորեց այն հանգամանքը, որ գրքի հեղինակը նոյնիսկ վկայակոչել է օսմանցի պատմաբաններին եւ աշխարհագրագէտներին, որոնք վերջին դարերի ընթացքում անդրադառնալով Կովկասի աշխարհագրութեանը անդրադարձել են ժամանակի Հայաստանի կարգավիճակին: Նա նաեւ մատնանշեց գրքում առկայ մի քանի խնդիրների մասին, յոյս յայտնելով, որ յաջորդ տպագրութեան ժամանակ որոշ բացթողումները կը կարգաւորւեն:

Գրքի հեղինակ դոկտ. Խանլարեանի գրքի մասին հրաւիրւեց իր տեսակէտը փոխանցելու աստղագէտ-պատմաբան դոկտ. Հոսէյնին, ով բարձր գնահատեց դոկտ. Խանլարեանին եւ հրատարակւած գիրքը այն առումով, որ նոր հայեացքով եւ կատարեալ ճշգրտութեամբ եւ անաչառօրէն է մէջբերում կատարել բոլոր աղբիւրներից եւ նման գրքի առկայութիւնը կարեւոր աղբիւր համարեց:

Վերջում հրաւիրւեց դոկտ. Խանլարեանը, ով կարեւորեց գրքի քննարկման արդիւնքում նկատւած բացթողումները եւ անդրադառնալով գրքի հրատարակման նպատակների մասին ընդգծեց, որ երկու դրդապատճառներից ելնելով է հեղինակել նման աշխատութիւն: Նախ, որպէս մասնագիտական մօտեցում եւ այն, որ պանթուրքիստ պատմաբանները հերքում են հայոց հազարամեայ պատմութիւնը, եւ ընդհանրապէս Հայաստանի աշխարհագրական գոյութիւնը եւ միւս կողմից մերժում են հայկական աղբիւրները, որոնք անդրադառնում են հայ ժողովրդի պատմութեանը: Նա աւելացրեց, որ այդ հանգամանքներից ելնելով ուսումնասիրել է հէնց մուսուլման պատմաբաններին, լինեն նրանք իրանցի, արաբ կամ օսմանցի եւ նրանց ուսումնասիրութիւններից մէջբերումներ կատարել, որպէսզի ոչ հայ լսարանը եւս ծանօթանայ Հայաստանի պատմական տւեալներին, ըստ ոչ հայ պատմաբանների եւ կուլ չգնայ պանթուրքիստական քարոզչութիւններին ու նկրտումներին:

Դոկտ. Խանլարեանը վերջում իր հետ ունեցած զրոյցի ընթացքում երախտագիտութիւն յայտնեց գրքի մեկենաս Յովսէփ Աւետեանին, ով իր հանգուցեալ հօր Լեմուէլ Աւետեանի յիշատակին հոնարարն է հանդիսացել գրքի: Նա ընդգծեց. «Ես խոնարհւում եմ Լեմուէլ Աւետեանի յիշատակի առջեւ, ով տարիներ ոչ միայն մեր համայնքում, այլ ամենուր զբաղւել է ազգային հասարակական եւ բարեգործական աշխատանքներով, յօգուտ հայոց մեծ երազանքի իրականացման, եւ կիրառել է բազմաթիւ քայլեր, որոնք շարունակում են իր որդիները՝ Յովսէփ, Հարմիկ եւ դուստրը Հայնուշ Աւետեանները»:

Միջոցառմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները եւ ոչ-հայ մտաւորականներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։