Հա

Համայնք

31/12/2019 - 13:10

«Սադերաթ» բանկի գործադիր տնօրէնը «Ալիք» այցելեց

Իրանական «Սադերաթ» բանկի գործադիր տնօրէնը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երէկ, երկուշաբթի, դեկտ. 30-ին այցելեց «Ալիք» օրաթերթ եւ հանդիպելով հաստատութեան պատասխանատուներին ծանօթացաւ հայալեզու լրատւամիջոցի կերտած պատմութեանն ու մեդիադաշտում ունեցած հնարաւորութիւններին:

«ԱԼԻՔ» - Իրանական «Սադերաթ» բանկի գործադիր տնօրէնը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երէկ, երկուշաբթի, դեկտ. 30-ին այցելեց «Ալիք» օրաթերթ եւ հանդիպելով հաստատութեան պատասխանատուներին ծանօթացաւ հայալեզու լրատւամիջոցի կերտած պատմութեանն ու մեդիադաշտում ունեցած հնարաւորութիւններին:

Հանդիպմանը դոկտ. Հոջաթօլլահ Սէյէդիին ընկերակցում էին «Սադերաթ» բանկի հասարակայնութեան հետ կապերի վարչութեան տնօրէնն ու նոյն վարչութեան տեղակալը, ինչպէս նաեւ բանկի մամուլի հետ կապերի պատասխանատուն:

Ներկայացնելով թերթի պատմութիւնը եւ հայ համայնքի իրազեկման գործում ունեցած կարեւորութիւնն ու դերը Սուրիկ Աբնուսեանը յոյս յայտնեց, որ «Սադերաթ» բանկի գործադիր տնօրէնի կատարած այցով նոր սկիզբ կը դրւի կողմերի միջեւ համագործակցութեան հաստատման եւ զարգացման գործում:

Իսլ. խորհրդարանում իրանահայութեան նախկին պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանն իր ուրախութիւնը յայտնեց նման հանդիպման կապակցութեամբ, եւ կարեւոր համարելով այն, նշեց, որ երկու կողմերն էլ իրենց փորձագիտական ոլորտներում հանդիսանում են պատմութեան առաջիններից ու երկարամեայ ցենզ ունեն: «Իրանահայ համայնքը միշտ է զգացել իր մուսուլման եղբայրների դրսեւորած բարի կամքը եւ մասնակից է եղել իր երկրի՝ սիրելի Իրանը կառուցելու եւ զարգացնելու աշխատանքներին»: Նա յաւելեց. «Սակայն, երբեմն համայնքն իր կենսունակութիւնը դրսեւորելու գործում հանդիպել է դժւարութիւնների, ինչը յաղթահարելու համար զգացել է նիւթական միջամտութեան, օգնութեան կարիք, որը պէտք է կատարւի պետական օրգանների ու կառոյցների միջոցներով, որպէսզի հնարաւոր լինի միասին առաջ անցնել եւ շարունակել ծառայել երկրին»,- յաւելեց Ռոբերտ Բեգլարեանը:

Դոկտ. Սէյէդին «Ալիք» կատարած այցի կապակցութեամբ նշեց, որ այցից առաջ փորձել է ուսումնասիրել թերթի պատմութիւնը, ինչը հիացմունքի առիթ է դարձել նրա համար, քանի որ մինչեւ այդ տեղեակ չէր, թէ հայալեզու այս թերթն իր վաղեմութեամբ հանդիսանում է Իրանի երկրորդ ցենզաւոր ու դեռ գործող օրաթերթը. ««Ալիք»-ի հետ համագործակցութիւնը կը լինի այն լաւ բաներից մէկը, որը կարծես գալիս է Ամանորի հետ»,- նշեց նա:

«Սադերաթ» բանկի գործադիր տնօրէնը անդրադառնալով կրօնների երկխօսութեան կառուցողական դերին, նշեց, որ դա վաղուց է եղել Իրանի ժողովրդի մշակոյթի մի մասը, որով միշտ ենք եղել ականատեսը՝ փոխադարձ յարգանքի դրսեւորման փաստի, ինչով այլադաւան համայնքները կողք-կողքի ապրելով երաշխաւորել են խաղաղ համակեցութեան կենսակերպը:

«Հպարտ եմ, որ Իրանն ու իրանցիները դեռ հազարամեակներ առաջ են ողջունել տարբեր կրօնների հետեւորդների իրաւունքները եւ այդպիսի կառուցողական երկխօսութեան նախաձեռնողն է եղել»,- յաւելեց դոկտ. Սէյէդին միաժամանակ թերթի հնարաւորութիւնները գնահատելով որպէս՝ հայ հասարակութեան հետ շփւելու առիթներից լաւագոյնը:

Հանդիպման ընթացքում իրանական մամուլի պատմութեան մէջ հայերի ունեցած դերի մասին խօսելով «Սադերաթ» բանկի հասարակայնութեան հետ կապերի տնօրէնը անդրադարձաւ «Պայման» հանդէսին, այն կարեւոր քայլ համարելով իրանցիներին ու համայն հայութեանը միմեանց ծանօթացնելու գծով:

Հանդիպման աւարտին կողմերը միմեանց յուշանւէրներր յանձնելով, նշանակալից դարձրեցին այցը:

Ուշագրաւ էր «Սադերաթ» բանկի գործադիր տնօրէնի «Ալիք»-ին յանձնած յուշանւէրը, որը աուտիզմ ունեցող երեխաների ձեռամբ նկարած մի կտաւ էր: Նա կտաւը յանձնելիս նշեց, «Տայ Աստւած՝ բոլորիս գործերը լինեն իմաստալից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։