Հա

Համայնք

28/01/2020 - 14:20

Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան նախաձեռնութեամբ՝ նշւեց ՀՀ Բանակի կազմաւորման 28-ամեակը

Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը, յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի իւրաքանչիւր երկրում, ուր Հայաստանի Հանրապետութիւնը ունի դեսպանատուն եւ դիւանագիտական ներկայացուցչութիւն:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը, յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի իւրաքանչիւր երկրում, ուր Հայաստանի Հանրապետութիւնը ունի դեսպանատուն եւ դիւանագիտական ներկայացուցչութիւն:

Իրանում, Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 27-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 28-ամեակին:

Հայաստանի եւ Իրանի պետական հիմներով մեկնարկած միջոցառմանը, հրաւիրւած էին Իրանի Իսլ. Հանրապետութեան պետական գերատեսչութիւնների եւ զինեալ ուժերի տարբեր զօրամիաւորների ներկայացուցիչներ, Իրանում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ճաղարեանը, Իրանում Էստոնիայի պատւոյ հիւպաստոս Արմէն Մութաֆեանը, Իրանում հաւատարմագրւած եւ Հայաստանի բարեկամ երկրների դեսպանութիւնների դիւանագիտական եւ ռազմադիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներ, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանում Հայ կաթողիկէ հոգեւոր առաջնորդ Սարգիս Դաւիթեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Թեհրանի եւ Նոր Ջուղայի հայոց թեմերի ազգային իշխանութեան ներկայացուցիչները եւ Թեհրանի հայոց թեմի ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան ռազմական կցորդ գնդապետ Արթուր Ազնաւուրեանը: Ելոյթներում ողջոյնի խօսքեր հնչեցին ՀՀ Բանակի 28-ամեակի առիթով եւ նրանց խօսքերում ընդգծւեց բանակի մարտունակութիւնը՝ երկրի անվտանգութիւնը ապահովելու առումով:

Իր ելոյթի ընթացքում, ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը ողջունելով ՀՀ Բանակի 28-ամեակը ներկաներին նշեց, որ անցեալ տարիներին Հայաստանի Բանակը լաւագոյնս է իրականացրել իր պարտականութիւնները, մեր երկրին պարգևելով խաղաղութիւն եւ անվտանգութիւն: Դեսպանը կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան-Հայաստան բարեկամական սերտ յարաբերութիւններին, ընդգծելով որ նման յարաբերութիւնները նպաստում են տարածաշրջանի անվտանգութեանն ու խաղաղութեանը:

 

ՀՀ դեսպանութեան կցորդ գնդապետ Արթուր Ազնաւուրեանն ողջունելով Հայոց Բանակի 28-ամեակը եւ հիւրերի ներկայութիւնը ընդգծեց, որ անցեալ տասնամեակներում Հայաստանի զինեալ ուժերը լաւագոյս եւ բարձր պատասխանատւութեամբ են իրականացրել իրենց պարտաւորութիւնները եւ յանձնառութիւնները: Նա ընդգծեց, որ այդ առումով կարեւորագոյն քայլերից են եղել հետեւեալները, որ ՀՀ Բանակը իր գործողութիւններով կասեցրել է թշնամու յարձակողական միտումները՝ Հայաստանի եւ Արցախի հարցով: Նա հաւաստեց, որ Արցախի հակամարտութեան կարգաւորումը չունի զինւորական կարգաւորման տարբերակ եւ Հայաստանի Բանակը իր քայլերով փորձել է երաշխաւորել խաղաղութիւնն ու անվտանգութիւնը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի հարցով եւ ապահովել ժողովրդի անդորրը, այլ նաեւ փորձում է իր դրական դերակատարութիւնը դրսեւորել տարածաշրջանային խաղաղութեան գծով: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանի զինեալ ուժերի արդիականացմանը եւ նորանոր զէնքերով ու տեխնոլոգիաներով օժտւելուն, նշելով որ բանակը բարձրացրել է իր ռազմունակութիւնը, օգտւելով արդի տեխնոլոգիաներ: Գնդապետը ընդգծեց, որ ՀՀ զինեալ ուժերը սերտ համագործակցութիւն է դրսեւորել բարեկամ երկրների բանակների հետ եւ ՀՀ Բանակը օժտւած է բարձր կարողականութեամբ ու պատրաստւածութեամբ մասնագէտներով:

Միջոցառմանը ցուցադրւեց Հայաստանի Բանակի մարտունակութիւնը պատկերող տեսաֆիլմ եւ հնչեց բանակի օրհներգը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։