Հա

Համայնք

04/02/2020 - 14:30

Նախաձեռնութեամբ «ՀՈՒՍԿ» հաստատութեան՝ դասախօսական երեկոյ՝ «Տարածաշրջանի օրւայ հարցերի վերլուծութիւնը եւ ապագայի հեռանկարը»

Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ փետրւարի 3-ին հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր հերթական դասախօսական երեկոյ: Օրւայ դասախօս էր հրաւիրւել «Ալամէ Թաբաթաբայի» համալսարանի քաղաքագիտութեան դասախօս դոկտ. Հոսէյն Դահեշեարը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ փետրւարի 3-ին հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր հերթական դասախօսական երեկոյ: Օրւայ դասախօս էր հրաւիրւել «Ալամէ Թաբաթաբայի» համալսարանի քաղաքագիտութեան դասախօս դոկտ. Հոսէյն Դահեշեարը:

Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, լսարանին ծանօթացրեց օրւայ դասախօսին, որի թեման էր «Տարածաշրջանի օրւայ հարցերի վերլուծութիւնը եւ ապագայի հեռանկարը»:

Դասախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ այն տագնապներին, որոնց դէմ յանդիպման է կանգնած տարածաշրջանը, դրանք ամփոփելով երեք գլուխների տակ՝ երկրներում եղած տագնապներ, միջտարածաշրջանային երկրների միջեւ տագնապներ, եւ տարածաշրջանի երկրների եւ արտատարածաշրջանային երկրների միջեւ տագնապներ: Նա համեմատական եզրեր անցկացրեց Մերձաւոր Արեւելքի, նաեւ բարգաւաճող երկրների, ի շարս արաբական աշխարհի որոշ երկրների եւ զարգացած երկրների քաղաքական կառոյցների եւ երկրների ղեկավարման համակարգերի միջեւ ընդգծելով, որ թէեւ տարածաշրջանի որոշ երկրներ, ի մասնաւորի վերջին ամեակների ընթացքում փորձել են ընդօրինակել զարգացած երկրների քաղաքական դրւածքները, կեանքի կոչելով խորհրդարան, կամ եռեակ ուժեր, սակայն դրանք միայն զարգացած երկրների այդ դրւածքների նման կառոյցների կաղապարներն են ընդօրինակել, որոնք սակայն զուրկ են այդ կառոյցների իրական բովանդակութիւնից: Այդ բնագաւառում նա նշեց, որ արեւմտեան երկրները իրենց քաղաքականութիւններով փշրել են արաբական աշխարհի համար ժամանակին թաբու համարւող անձանց, որի հետեւանքով այդ երկրների ժողովուրդների մօտ փլւել ու քայքայւել է շատ հաւատալիքներ եւ այսպիսով դիւրին է դառնում նման երկրներին գերիշխելը:

Իր ելոյթի ընթացքում դասախօսը անդրադարձաւ նաեւ նման երկրների տնտեսական ու մշակութային կառոյցներին ընդգծելով, որ այդ երկրներում տնտեսութիւնը հարստութիւն չի արտադրում, այսինքն այդ երկրները զուրկ են արդիւնաբերող տնտեսութիւնից, որի հետեւանքով այդ երկրներում բացակայում է միջին խաւը, որը զբաղւում է արդիւնաբերութեամբ, ուստի լինում են կամ հարուստ եւ կամ չքաւոր խաւեր: Նա նաեւ նմանօրինակ համեմատական եզրեր անցկացրեց այդ երկրների եւ զարգացած երկրների մշակութային դրւածքների մէջ նշելով, որ այդ երկրները փորձում են ներմուծել արեւմտեան կամ առաջադէմ երկրների մշակոյթը, առանց իրենցը արտադրելու: Նա կարեւորեց երկրների մօտ իրական եւ բազմաբովանդակ առաջընթացի կամքը եւ այդ հարցով լաւագոյն նմուշներից համարեց Չինաստանին, որը այդ կամքի դրսեւորմամբ այսօր իր ուրոյն տեղն ունի աշխարհի տնտեսութեան բնագաւառում:

Երեկոյին ներկայ էին «ՀՈՒՍԿ»-ի հայ եւ ոչ-հայ բարեկամներ, «Ալիք» հաստատութեան եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։