Հա

Համայնք

08/02/2020 - 14:30

Նահատակների յիշատակին նւիրւած մեծարման արարողութիւն՝ Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում, փետրւարի 6-ին, որը Իրանում նահատակների մեծարման օր է, երեկոյեան իւրայատուկ արարողութիւն էր կազմակերպւել Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում, ի յիշատակ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի և յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների:

«ԱԼԻՔ»,Կ. Դ. - Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում, փետրւարի 6-ին, որը Իրանում նահատակների մեծարման օր է, երեկոյեան իւրայատուկ արարողութիւն էր կազմակերպւել Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում, ի յիշատակ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի և յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների: 14 տարի է ինչ, իւրաքանչիւր տարի այս արարողութիւնը կազմակերպւում է որեւէ կրօնական փոքրամասնութեան գերեզմանատան նահատակների բաժնում: Իրանի բանակի նւագախումբը նախ հնչեցրեց Իրանի պետական հիմնը, որից յետոյ բացման խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանը: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ նահատակների հոգու խաղաղութեան համար, որից յետոյ ներկաներին խօսք ուղղեց Սրբազան Հայրը: Իր ելոյթի ընթացքում թեմակալ առաջնորդը ընդգծեց. «Ահա մէկ անգամ եւս հաւաքւած ենք այս նւիրական վայրում, ուր հանգչում են մեր անմահանուն նահատակները, մի կողմից մեր յարգանքի տուրքը ընծայելու նրանց եւ միւս կողմից էլ ուխտելու պահել ու պահպանել նւիրական այն արժէքները, որոնց համար նրանք իրենց կեանքը տւին:Մեր կրօնական համոզումների ու քրիստոնէական հաւատքի ուսուցումների համաձայն, նահատակութիւնը խորհուրդ է, որ մարդկային կեանքին իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն է տալիս»: Միջոցառմանը օրւայ հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանը լսափողի մօտ հրաւիրեց Թեհրան նահանգի քաղաքների նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի գլխաւոր տնօրէն Աբդօլլահ Մորթազաւին: Նա մեծարելով բոլոր նահատակների յիշատակը ընդգծեց, որ բոլոր իրանցիները միասնական եւ մէկ մարդու նման միշտ իրենց ակտիւ ներդրումն են բերել Իրանի պատմութեան բոլոր փուլերում եւ սրբազան ութամեայ պաշտպանութեան տարիներին նւիրաբերել իրենց զաւակների արիւնը: Նա նաեւ ընթերցեց Վալի Ֆաղիհի ներկայացուցիչ, հանր. նախագահի տեղակալ եւ նահատակների ու անձնուրացների հիմնարկի գլխաւոր տնօրէն հոջ. Շահիդիի պատգամը:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Թեհրանի նահանգապետ Մոհսենի Բանդփէյը, ով ընդգծեց, որ սրբազան պաշտպանութեան տարիներին Իրանում Աստւածային կրօնների բոլոր հետեւորդները, այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ որեւէ գերուժ չհամարձակւի ներխուժել Իրանի վրայ: Նա աւելացրեց, որ Իրանի ժողովրդի զգօն կեցւածքով չէզոքացւում են երկրի դիմաց ծառացած բոլոր դաւադրութիւններն ու մարտահրաւէրները:

Ծրագրի ընթացքում մեծարւեցին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքներից մէկը, որպէս խորհրդանիշը բոլոր նահատակների: Հայ նահատակներից գնահատագիր յանձնւեց նահատակ Վիգէն Կարապետեանի զառամեալ մօրը:

Արարողութեան ընթացքում բանակի ուղղաթիռի միջոցով ծաղիկներ թափւեց նահատակների շիրիմների վրայ, իսկ միջոցառման աւարտին թեմակալ առաջնորդի եւ պետական բոլոր այրերի միջոցով ծաղիկներ տեղադրւեցին նահատակների շիրիմների վրայ: Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները, հոգեւոր առաջնորդները, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հիմնարկի տնօրէն Միրդեհղանը, նահատակների հիմնարկի յարակից բաժինների պատասխանատուներ եւ նահատակների ընտանիքներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։