Հա

Համայնք

17/02/2020 - 08:10

Տեառնընդառաջի տօնակատարութիւն եւ երեխաների ընծայում՝ Թեհրանի եկեղեցիներում

Առաքելական եկեղեցում այդ օրը Տեառնընդառաջի տօնը, տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ եւ ծնողները իրենց նորածին զաւակներին եկեղեցի են բերում որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն:

Քրիստոսի Ծննդից (յունւարի 6) 40 օր յետոյ գալիս է Տեառնընդառաջը։ Գալով տօնի անւանման, ասենք, որ այս տօնը (40 օրւայ մանուկ Քրիստոսի տաճար ընծայումը) մեր ժողովրդի մէջ յայտնի է Տեառնընդառաջ եւ Տրնդէզ անւանումներով։ Ըստ աւանդութեան երբ Մարիամը Մանուկ Քրիստոսին բերեց Տաճար ընծայելու, դեռ մարդիկ քնած էին՝ լուսաբացից առաջ, անցնում էր քաղաքի փակւած Ոսկէ Դռների մօտով. Դռները բացւում են մեծ աղմուկով եւ ժողովուրդը ճրագներով գալիս է իրենց ընդառաջ... այս պատճառով էլ Տօնը կոչւում է Տեառնընդառաջ՝ Տիրոջը ընդ առաջ։

Իսկ Տրնդէզի իմաստը հետեւեալն է։ Սուրբ Գրիգոր Տաթեւացիի մօտ կը գտնենք բառի իմաստը՝ Տէրը ընդ էս դուռը անցաւ, որ զարմանք էր պատճառել թէ փակ դռնից ինչպէս էր անցել։ Չմոռանանք, որ Տաթեւացի Եռամեծ սուրբը յայտնի է նաեւ որպէս լեզւաբան, կը հանդիպենք բառերի բազում վերլուծումների իր գործերի մէջ։

Տեառնընդառաջը անւանակոչութեան տօնն է՝ Սիմոն, Սիմէոն, Ծերուն, Հրաչ, Հրաչուհի, Հրանդ, Հրանդուհի, Հրայր, Փայլակ, Կայծակ եւ Շանթ անունը ունեցողների:

Տեառնընդառաջը (Տրնդէզը) ամենատարածւած եւ ժողովրդականութիւնը վայելած տօներից է: Այս տօնը յատուկ են նշւում այն ընտանիքներում, որոնք նշանւած, նոր ամուսնացած կամ նորածին զաւակներ ունեն:

Տօնի ժողովրդական աւանդոյթներից այսօր պահպանւել են՝ խարոյկավառութիւնը, փոխինձի, բուրսաղի եւ տօնի յատուկ նպարեղէնների պատրաստումը, որը իւրայատուկ բոյր ու գոյն է պարգեւում տօնական սեղանին:

Առաքելական եկեղեցում այդ օրը Տեառնընդառաջի տօնը, տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ եւ ծնողները իրենց նորածին զաւակներին եկեղեցի են բերում որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն:

Այս առիթով, հինգշաբթի՝ 13 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը:

Արարողութեանը ներկայ էին երիտասարդ ծնողներ, իրենց զաւակներին ընծայելու Ս. Տաճարին, նաեւ հաւատացեալների հոծ բազմութիւն:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Նշելի է արարողութեան ընթացքում նաեւ կատարւեց Անդաստանի, մոմավառութեան հոգեպարար արարողութիւնը եւ մանուկների ընծայումը:

Սրբազան Հայրը քարոզի ընթացքում անդրադարձաւ տօնի խորհրդին եւ ամփոփ կերպով անդրադարձաւ աւետարանական հատւածին (Ղուկ. 2,25-27):

Այնուհետ Սրբազան Հայրը իր խօսքը ուղղելով ներկաներին ասաց՝ «Գնահատում եմ ձեզ բոլորիդ, որ ձեր մանուկներին եկեղեցի էք բերել ընծայելու Աստծուն: Ես շատ ուրախ եմ որ տեսնում եմ այս մանուկներին եկեղեցու մէջ, ուրախ եմ, որ այսօր նրանք ընծայւում են Աստծուն եւ առաւել ուրախացայ երբ լսեցի մանուկների ճիչը եւ լացը եկեղեցում, որեւհետեւ մանկան լացը եկեղեցում օրհնութիւն է եւ յոյսի նշույլ հանդէպ ապագային: Իմ Հայրական գնահատանքը եւ Աստւածային օրհնութիւնը ձեզ բոլորիդ»:

Նորածին երեխաները, որոնք տաճար ընծայւեցին, Սրբազան Հօրից ստացան մէկական օրհնւած խաչ:

Արարողութեան աւարտին, Սրբազան Հօր ձեռամբ վառւեց աւանդական խարոյկը, այնուհետեւ հաւատացեալ ներկայ բազմութիւնը ուրախութեամբ ցատկեցին խարոյկի վրայից։

Այդ ուրախ առիթով, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը պատրաստել էր համեստ հիւրասիրութեան սեղան, որն օրհնւեց Սրբազան Հօր ձեռամբ, ապա հիւրասիրւեցին եկեղեցու բակում հաւաքւած ժողովուրդը: 

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։