Հա

Համայնք

18/02/2020 - 14:30

Արա Շահվերդեան. «Քւէարկէք յանուն մեր ժողովրդի եւ համայնքի»

11-րդ շրջանի խորհրդարանական ընտրարշաւը մօտենում է իր թէժ օրերին: Այդ շրջագծում երէկ, փետրւարի 17-ի երեկոյեան կազմակերպւել էր թեկնածու Արա Շահվերդեանի ժողովրդական հանդիպումը Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում: Մեծ թւով ներկաների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպմանը, հրաւիրւած էին ազգային մարմինների, միութիւնների ներկայացուցիչներ, ազգային ու հասարակական գործիչներ:

Ժողովրդական հանդիպում՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնում

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրարշաւը մօտենում է իր թէժ օրերին: Այդ շրջագծում երէկ, փետրւարի 17-ի երեկոյեան կազմակերպւել էր թեկնածու Արա Շահվերդեանի ժողովրդական հանդիպումը Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում: Մեծ թւով ներկաների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպմանը, հրաւիրւած էին ազգային մարմինների, միութիւնների ներկայացուցիչներ, ազգային ու հասարակական գործիչներ: Իսլ. խորհրդարանական ընտրութիւններին մասնակցութեան անհրաժեշտութեան եւ թեկնածուին հովանաւորելու մասին ելոյթներով հանդէս եկան «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ թեկնածու Արա Շահվերդեանը: Միջոցառումը, որի հաղորդավարն էր Արա Շահնազարեանը, ընդգծեց խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութիւնը հրաւիրելով օրւայ դասախօսներին:

«Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանը յետադարձ հայեացք նետեց Իրանի խորհրդարանի կազմաւորման գծով իրանահայ համայնքի անվերապահ դերակատարութեանը, սկսած Իրանի Սահմանադրական շարժման օրերից, որը վերադառնում է 1906 թւականին: Նա անդրադարձաւ Իրանի Սահմանադրական շարժման տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անժխտելի դերակատարութեան մասին, որը համահունչ էր գաղափարական հէնքից, որի արդիւնքում իրանահայութիւնը Սահմանադրական շարժման խորհրդարանում ներկայացրեց երկու պատգամաւորներ՝ մէկը Ատրպատականից եւ միւսը Թեհրանից: Նա պատմականը ներկայացնելով, ընդգծեց, որ Իրանում, եթէ խորհրդարանի հիմք է դրւել, դրա մէջ իր մեծ դերն է ունեցել հայ ժողովուրդը, ուստի մեր իրաւունքն է, որ մենք ունենանք երկու պատգամաւորներ, դա մեր պատմական իրաւունքն է, որին մենք նւաճել ենք, ուստի չպիտի նահանջել այդ իրաւունքից, որը հեշտ չի ստացւել, հետեւաբար անհրաժեշտ է մասնակցել ընտրութիւններին: Նա նշեց, որ Իրանի հզօրացումը եւ կայունութիւնը ուղղակիօրէն մեր ազգային շահերից է բխում: Նա ժողովրդին յորդորեց մասնակցեն ընտրութիւններին եւ թեկնածուի բարձր քւէի հարցով կենտրոնանալ մէկ թեկնածուի վրայ:

Հանդիպմանը ներկաներին խօսք ուղղեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ով իր շնորհակալութիւնը յայտնեց ժողովրդին, որոնք երկու շրջան իրենց ձայնն են վստահել իրեն, որպէս պատգամաւոր, ընդգծելով. «Աշխատանքների յաջողութիւնը ժողովրդի ձեռքբերումն է, իսկ անյաջողութիւնների համար անձամբ պատասխանատւութիւն եմ կրում»: Նա նշեց, որ որպէս հայ համայնք պէտք է կատարենք մեր քաղաքացիական պարտքը Իրանին եւ ամրագրենք մեր սահմանադրական իրաւունքները: Նա ընդգծեց, որ հզօր եւ կայուն Իրանը ամուր կռնակ եւ յենարան է իրանահայութեան համար: Նա ապա անդրադարձաւ իր ընտրութիւններից հրաժարւելու իր առողջական դրդապատճառների մասին, եւ ընդգծեց, որ ելնելով թեկնածու Արա Շահվերդեանի մարդկային, հասարակական կարողականութիւններից, հետեւողականութիւնից եւ ազգային խորը գիտակցութիւնից, աւելի հեշտ է ընդունել թեկնածութիւնից հրաժարւել:

Վերջում բարձրախօսը տրամադրւեց 11-րդ շրջանի Իսլ. խորհրդարանի թեկնածու Արա Շահվերդեանին, ով իր շնորհակալութիւնը յայտնելով մեծ թւով ներկաներին եւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեանը սրահը տրամադրելու համար, հակիրճ գծերով ներկայացրեց իր կենսագրական տւեալները եւ ազգային, հասարակական, միութենական եւ պետական օրգաններում իր զբաղեցրած հանգամանքները: Նա խոստացաւ, որ պատգամաւորի հանգամանքը ժողովրդի կողմից իրեն վստահւելու դէպքում շարունակելու է իր նախորդ շրջանների պատգամաւորների ուղին եւ ներկայացրեց իր ծրագրերը, որոնք ամփոփւած են երեք հիմնական գլուխների տակ՝ «Ռազմավարական սկզբունքներ», «Երկրի մասշտաբով իր նպատակները»՝ ի շարս նպաստել Իրան-Հայաստան ռազմավարական նշանակութեան յարաբերութիւնների ընդլայնմանը, շարունակել գործընթացը Իրանի իշխանութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչման ուղղութեամբ, եւ այլ հանգամանքներ եւ «Համայնքային մասշտաբով նպատակներ», այդ թւում կարգաւորել հայոց դպրոցների ֆինանսական խնդիրները, շարունակել Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի, «Արարատ» մարզաւանի եւ այլ միութիւնների հարցերին հետամուտ լինելը, նպաստել հայոց դպրոցների գիտա-կրթական մակարդակի բարելաւմանը եւ նմանօրինակ շատ խնդիրներ:

Թեկնածու Արա Շահվերդեանը խօսքը ուղղելով ներկաներին, խրախուսեց անպայման մասնակցել փետրւարի 21-ի (էսֆանդի 2) խորհրդարանական ընտրութիւններին, նշելով՝ «Քւէարկէք յանուն մեր ժողովրդի եւ համայնքի»:

Վերջում ներկաները հնչեցրին հարցումներ, ներկայացրին առաջարկներ եւ տեսակէտներ:

Միջոցառմանը ներկայ էին՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախորդ շրջանների պատգամաւոր ճրտգ. Վարդան Վարդանեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ներկայ եւ անցեալ շրջանների պատասխանատուներ եւ ազգայիններ, համալսարանների դասախօսներ, մտաւորականներ եւ երիտասարդներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։