Հա

Համայնք

19/02/2020 - 14:00

Արա Շահվերդեանի ժողովրդական հանդիպումը՝ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում

Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի քարոզարշաւը շարունակւելով, երէկ, փետրւարի 18-ին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահը լեփ-լեցուն էր այն հայրենակիցներով, ովքեր եկել էին ունկնդրելու Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի թեկնածու Արա Շահվերդեանին:

Վարդան Վարդանեան.

«Ձայնը կենտրոնացնել է պէտք մէկ թեկնածուի՝ Արա Շահվերդեանի վրայ»

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի քարոզարշաւը շարունակւելով, երէկ, փետրւարի 18-ին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահը լեփ-լեցուն էր այն հայրենակիցներով, ովքեր եկել էին ունկնդրելու Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի թեկնածու Արա Շահվերդեանին:

Միութեան անունից ներկաներին ողջոյնի խօսք ասելով Քարմէն Չհարմահալին ներկաներին խրախուսեց մասնակցելով փետրւարի 21-ին կայացող ընտրութիւններին, իրենց ձայնը վստահել Արա Շահվերդեանին:

Ապա բեմահարթակ հրաւիրւեցին, որպէս հաղորդավար Արա Գալստեանը, Իսլ. խորհրդարանում չորս շրջան Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Վարդան Վարդանեանը, գործող եւ երկու շրջանի պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, եւ 11-րդ շրջանի թեկնածու Արա Շահվերդեանը:

Նախ ցուցադրւեց տեսաֆիլմ, որի ընթացքում դոկտ. Կարէն Խանլարեանը հակիրճ գծերով ներկայացրեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորների եւ իր անցած ուղին:

Արա Շահվերդեանի շտաբի անունից հոծ բազմութեանը ողջունեց Արա Գալստեանը, բացատրութիւն փոխանցելով շտաբի աշխատանքների մասին:

Դոկտ. Կարէն Խանլարեանը ընդգծեց, որ թէեւ ինքն իր առողջական խնդիրներից ելնելով հրաժարւել է թեկնածութիւնից, սակայն դիւրին է գնացել այդ քայլին, որովհետեւ թեկնածուների մէջ է Արա Շահվերդեանը եւ ընդգծեց, որ ժողովրդի քւէն այն էներգիան է, որը փոխանցւել է բոլոր նստաշրջանի պատգամաւորներին, ընդհուպ հանգուցեալ Հրայր Խալաթեանից մինչեւ ներկայ, եւ իր հովանաւորութիւնը Արա Շահվերդեանին:

Թեկնածու Արա Շահվերդեանը իր գնահատանքը յայտնելով Հ. Մ. «Սիփան» միութեանը ընձեռած առիթի համար եւ ժողովրդին իր խուռներամ մասնակցութեան համար նշեց, որ իրանահայ համայնքը այն գիտակից համայնքներից է, որն իր ազդեցիկ մասնակցութիւնն ու ներդրումն է բերել ամենուր, որտեղ անհրաժեշտ է եղել սկսած Իսլ. յեղափոխութեան յաղթանակի օրերից մինչեւ այսօր:

Նա հակիրճ գծերով անդրադառնալով իր կենսագրական, տւեալներին ազգային-հասարակական, միութենական ու պետական կառոյցներում զբաղեցրած հանգամանքերին, ներկայացրեց իր ծրագրերի համայնապատկերը, ընդգծելով, որ հաւատարիմ մնալով Իսլ. խորհրդարանում նախորդ շրջանի պատգամաւորների անցած ուղուն, շարունակելու է նոյն համոզմամբ ու ուղիով եւ կաշխատի խորհրդակցաբար իրենց տրամաբանական աւարտին հասցնել անաւարտ մնացած համայնքային գործերը: Նա շնորհակալութիւն յայտնեց իրեն հովանաւորած բոլոր միութիւններին, անհատներին ու երիտասարդներին, որոնք օրեր է ինչ չեն խնայել իրենց կարելին:

Վերջում Իսլ. խորհրդարանում տարիներ պատգամաւորի հանգամանքը զբաղեցրած ճրտգ. Վարդան Վարդանեանը իր արտայայտութիւնների ընդմիջից վերհանեց քւէների բարձր տոկորով պատգամաւորներին ընտրելու կարեւորութիւնը եւ այդ խնդրի իրականցման համար անհրաժեշտ համարեց ձայները կենտրոնացնել մի թեկնածուի վրայ, որպէսզի քւէների բարձր տոկոսով անցնի խորհրդարան, որը հեղինակութիւն է հաղորդելու համայնքին եւս: Նա նշեց, որ թեկնածուների մէջ կայ Արա Շահվերդեանը, որին կարելի է վստահել պատգամաւորի հանգամանքը, ելնելով իր հետեւողական ու ազգային վարքագծից:

Հանդիպմանը ներկայ էին՝ «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Աւարտին ներկաների մօտ իր կատարումներով մեծ խանդավառութիւն ստեղծեց Արէն Սաֆարեանը, ժողովրդին խրախուսելով մասնակցել ընտրութիւններին եւ իրենց ձայնը վստահել Արա Շահվերդեանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։