Հա

Համայնք

12/03/2020 - 12:10

Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները

Այս օրերին ողջ աշխարհը բռնւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժոյգի նման, արշաւում է, ամէն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները ի տես եւ ի լուր այս նոր տեսակ Աժդահակի հնարաւոր ամէն միջոցի են դիմում նրա առթող վնասը նւազագոյնի իջեցնելու։

Այս օրերին ողջ աշխարհը բռնւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժոյգի նման, արշաւում է, ամէն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները ի տես եւ ի լուր այս նոր տեսակ Աժդահակի հնարաւոր ամէն միջոցի են դիմում նրա առթող վնասը նւազագոյնի իջեցնելու։

Ի շարս տասնեակ երկրների Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւս անմասն չէ այս Աժդահակ հիւանդութիւնից, որի հետեւանքով հազարաւորներ վարակւել են եւ հարիւրաւորներ էլ մահացել։ Միջազգային լրատւամիջոցները ուղղակի եւ անուղղակի ահազանգ են հնչեցնում եւ թելադրում, յորդորում բոլորին նախազգուշական միջոցների դիմել ինքնապաշտպանութեան համար։

Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնն ու պատկան պատասխանատու կառոյցներն ու այրերը իրենց գերագոյնը ի գործ են դնում որպէսզի կարողանան ոչ միայն առաջքը առնել այս հիւանդութեան տարածման, այլ մանաւանդ որքան հնարաւոր է բուժումը վարակւածներին իրագործել։

Իրանահայ համայնքը եւս Թեհրանում, Սպահանում, Թաւրիզ եւ Ուրմիում իր ղեկավարութեան առաջնորդութեամբ աշխատում է իր հաւատացեալներին հեռու պահել այս հիւանդութիւնից։

Թեհրանում մեր ազգային իշխանութիւնը՝ Պատգամաւորական Ժողովի դիւանը, Թեմական Խորհուրդը իր բոլոր օժանդակ կառոյցներով գործի է լծւած այս ուղղութեամբ, որպէսզի կարողանայ առաջքը առնել այս հիւանդութեան եւ մեր ժողովրդին զերծ պահել դրանից։ Սակայն մարդ ենք եւ որեւէ մէկ րոպէին կարող է մեզանից որեւէ մէկը վարակւել, հետեւաբար պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ պէտք է գործել։

Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամւոր Դկտ. Կարէն Խանլարեանը շնորհակալ մի արշաւով ժողովուրդը լուսաբանելու եւ անհրաժեշտ բացատրութիւններով նրան զգաստութեան հրաւիրեց։ Թեմական Խորհուրդը Բժշկական Միութեան պատրաստած պրոշիւռը տպեց եւ բաժանեց եւ կեանքի կոչեց յատուկ շտապ. Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ՝ Տիար Հերւիկ Եարիջանեանը իր գործարար ընկերներով գնահատելի աշխատանք է տանում, նիւթական միջոցներով անհրաժեշտ օժանդակութեամբ ժողովրդի մտահոգութիւնը նւազեցնելու։

Մենք մեր Կրօնական եւ Թեմական Խորհուրդների հետ խորհրդակցութեամբ առկախեցինք եկեղեցական բոլոր արարողութիւնները, ներառեալ կիրակի եւ ուրբաթ օրերի Ս. պատարագն ու Մեծ պահոց շրջանին տեղի ունենալիք Արեւագալի եւ հսկումի հոգեպարար արարողութիւնները, մի բան, որ բաւական ծանր եղաւ մեզ համար, առաւել թելադրեցինք մեր ժողովրդի զաւակներին որ ննջեցեալների թաղման եւ կամ քառասունքի, տարելիցի առիթով զգուշանան հաւաքւելուց եւ այդ առիթներով փոխան հոգեպատառի եւ հոգեճաշի նւիրատւութիւններ անել բարեսիրական միութիւններին եւ հաստատութիւններին։ Այս առիթով մեր թելադրանքն է մեր միութիւններին, որ որքան կարելի է հաւաքներից հեռու մնալ։

Այս բոլորը ասում ու գրում ենք սիրելի ժողովուրդ առ ի գիտութիւն եւ նկատառում. սակայն պիտի իմանաք որ բաներ կան, որոնց լուծումը մեր ձեռքումն է, իսկ բաներ էլ կան որոնց լուծումը մեզանից վեր է։ Ահա այս պարագային բոլորս կոչւած ենք հետեւելու պետական պատասխանատուների յորդորներին, անշեղօրէն գործադրել մեր եւ մեր ազգային իշխանութեան թելադրութիւններն ու յորդորները։

Ի վերայ այսր ամենայնի որպէս հաւատացեալ քրիստոնեաներ պարտինք աղօթքով մենք մեզ զօրացնել, վերանորոգել մեր հաւատքը եւ վառ յոյսով ապրել մեր կեանքը։ Դառն փորձութեան մի շրջան է, որի միջից անցնում ենք։ Որպէս ժողովուրդ յաճախ դիմագրւած են նման դժւարութիւններ, ենթարկւած են չարչարանքների եւ հալածանքների, մահւան ձորի մէջ ենք անցել, եւ սակայն երբէք չենք յուսահատւած, ընդհակառակը հաւատքով ժայռացած դիմադրել ենք։ Հաւատում ենք, որ այս փորձանքն էլ անցնելու է։

Այս առիթով մեր կոչն է մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ շարունակ եւ անձանձրոյթ աղօթեն վստահ լինելով, որ Աստւած լսելու է մեր ձայնը։ Աղօթենք միմեանց համար, մեր ծննդավայր Իրանի եւ իր ժողովրդի, ինչպէս նաեւ մեր պատմական հայրենիքի, Արցախի եւ ողջ աշխարհի համար. մի մոռացէք, որ աղօթքը բուժիչ զօրութիւն ունի եւ հաւատացեալները հոգով իրար է կապում։

Սաղմոսերգու մարգարէն երգում է.-

Օրհնաբանի՛ր Տիրոջը, ով իմ անձ, եւ մի՛ մոռացիր նրա բոլոր պարգեւները.

Նա է, որ քաւում է բոլոր մեղքերդ, բժշկում բոլոր հիւանդութիւններդ.

Նա է, որ քո կեանքը փրկում է կորստից եւ իր սիրով ու գթութեամբ պարուրում քեզ.

Նա է, որ իր բարիքներով լցնում է քո կեանքը, այնպէս, որ արծիւների պէս միշտ երիտասարդ մնաս. (Սղ. 103(102)։2-5)։

Աստւած պահապան լինի բոլորիս:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

9 մարտ 2020

Թեհրան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։