Հա

Համայնք

23/04/2020 - 13:50

Հաւատարիմ մեր նահատակների արիւնոտ կտակին

105 տարի առաջ թշնամին արմատախիլ արեց մեր ժողովուրդը իր հայրենի հողից ու այն աւերակի վերածեց այն միամիտ հաւատքով, որ հայը մոռանալու է իր հայրենիքը. մեծապէս սխալեր էր եւ սխալւում է, հայը չի մոռացել եւ մոռանալու չէ իր դրախտանման հայրենիքը, որովհետեւ նա ամբողջական գիտակցութիւնը ունի իր պատմութեան, իր հայրերի կեանքի, մշակութային ժառանգութեան եւ գիտակցութեամբ ապրում է խորհուրդը իր պահանջատիրութեան:

«Եթէ քեզ մոռանամ, ո՜վ Երուսաղէմ, թող աջ ձեռքս կտրւի.

Լեզուս չորանայ եթէ քեզ չյիշեմ Երուսաղէմ,

Եթէ քեզ իմ ուրախութեան գագաթնակէտը չդարձնեմ»:

(Սղ. 137 (136)):

 

Ապրիլ ամիս է, բնութեան ծաղկազարդման, կանաչաւետութեան, նոր կեանքի աւետիսի ամիս է, օծուն Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհուրդով: Ամէն տեղ լուսաւոր յաղթանակի տօն է, որը իւրաքանչիւր քրիստոնեայ մարդուն եւ բնականաբար հայ քրիստոնեայի սիրտը անմեկնելի ուրախութեամբ հեղեղում է:

Այսպէս էր հայակեանքը 105 տարիներ առաջ. աւելի անարատ ու անապական ուրախութեան եւ ցնծութեան զգացումներով պայծառափայլ, որովհետեւ հայը իր Զատիկը տօնում էր իր հայրենի հողի վրայ, որտեղ բնութիւնը իր կանաչազարդութեամբ, բացւած կարմիր ու դեղին կակաչներով կարծես ողջ դաշտերը գորգապատել էր կարմիր ու դեղին գորգերով:

Խաղաղ ու խաղաղաբոյր ապրիլեան մի գիշեր չլուսաբացւեց, վերածւեց բանաստեղծի բառերով «անայգաբաց գիշեր», ողջ հայաշխարհը վերածւեց դժոխքի, դժոխածին մարդակերպ գազանների կողմից.-

Գիշեր մը յանկարծ…

Հայ պատմութեան մէջ, այս մութն այգաբաց

Չունեցաւ երբեք…

«Ծնաւ կոտորա՛ծ,

Ապրիլ քսանչորս,

Եփրատ ու Դեր Զոր,

Վազող արհաւիրք:

Եւ ծնաւ արցունք,

Արիւն ու մոխիր,

Միլիոններով սո՛ւգ,

Ու հայ տարագիր

Ու հա՛յ ցանուցիր

Կարօ՛տ հայրենի:

Եւ ծնաւ Սփիւռք,

Առկայծ հայ հոգի,

Պանդխտութեան գերի:

 

Եւ ահա հարիւր հինգ տարիներ են անցել այդ չարաղէտ ու մահասարսուռ թւականից, սակայն ցեղասպանութեան ենթարկւած ժողովրդի զաւակներն ու թոռները այսօր աշխարհով մէկ ոտքի են կանգնած, իրենց աչքերի մէջ դրախտավայր հայրենիքի տեսիլքը, արար աշխարհի եւ յատկապէս ոճրագործ ու ցեղասպան թուրքին ասում են. «Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիւ վկաներով ենք շրջապատւած, դէն գցենք ամէն խոչընդոտ եւ մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտութեամբ է պաշարում մեզ եւ համբերութեամբ պայքարենք մեզ ներկայացող փորձութիւնների դէմ» (Եբ. 12:1):

«Պայքարենք մեզ ներկայացող փորձութիւնների դէմ»: Այո, փորձութիւն է անտարբերութիւնը մեր նահատակների արիւնոտ կտակի նկատմամբ:

Փորձութիւն է հայերէն լեզւի նկատմամբ մեր անհոգութիւնը եւ չյիշել Եղեռնի օրերի կմախք դարձած հայ մայրը, որ իր կրծքի կաթի եւ հացի փոխարէն աւազի վրայ աբգ-ն սովորեցնում էր իր որդուն:

Փորձութիւն է մեր քրիստոնէական, առաքելաշաւիղ ու կենսապարգեւ հաւատքի հանդէպ անտարբեր մնալ եւ չյիշել որ «Եկեղեցին հայկական ծննդավայր է հոգւոյս»:

Փորձութիւն է չիմանալ ու չսովորել մեր պատմութիւնը, որ լի է արիութեան գործերով:

Փորձութիւն է մեր ամէն մի րոպէն չապրել տեսիլքով մեր հայրենիքի:

Փորձութիւն է մեր կեանքի եւ առաքելութեան դաւանանքը չդարձնել մեր հողերի վերատիրանալու կամքը եւ դրանց սիրոյն չթուլանալը մեր պահանջատիրական պայքարի մէջ:

Փորձութիւն է չապրել խորհուրդովը աստւածաշնչեան վեհափառ Արարատին, որ իբրեւ պահապան կանգնել է Արարատեան դաշտում ի պաշտպանութիւն մեր հայրենի հողի:

Այս բոլոր փորձութիւնների դէմ «համբերութեամբ պայքարելու» ուխտի օր է 24 Ապրիլը:

Յիշենք Սաղմոսերգուի խօսքը ուղղւած Երուսաղէմին: Ահա թէ Բաբելոն գերիութեան եւ պանդխտութեան մէջ ապրող եբրայեցի ժողովրդի բանաստեղծը ինչ է գրում.-

Ամէն անգամ, երբ նայում էինք Բաբելոնի

Գետափին, լալիս էինք Սիոնը մտաբերելով,

Մեր քնարները կախւած այնտեղ գետափի ուռիներից:

Մեզ գերութեան տանողները մեզնից երգ էին պահանջում,

Մեզ խոշտանգողները ստիպում էին, որ ուրախացնենք իրենց,

«Սիոնի երգերից երգեցէք մեզ»,- ասում էին նրանք:

Օտար հողի վրայ ինչպէ՞ս կարող ենք

Տիրոջը նւիրւած երգ երգել:

Եթէ քեզ մոռանամ, ո՜վ Երուսաղէմ, թող աջ ձեռքս կտրւի,

Լեզուս չորանայ, եթէ քեզ չյիշեմ, Երուսաղէմ,

Եթէ քեզ իմ ուրախութեան գագաթնակէտը չդարձնեմ:

(Սղ. 137 (136) 1-6):

 

Որքա՜ն յուզիչ, սիրտն ու հոգին ալեկոծող ու տագնապեցնող խօսքեր են սաղմոսերգուի այս բառերը, որոնք ցոյց են տալիս պանդխտութեան մէջ ապրող քնարերգուի անկեղծ ու անապական հայրենասիրութիւնը, կարօտը եւ ուխտը հաւատարմութեան:

Հաւատարմութիւնը ծնունդն է հաւատքի, աներկբայ եւ հաստատում հաւատքի, որովհետեւ «Հաւատ ասում է առաքեալը նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդէպ յոյս ունենք, եւ համոզւած լինել այն բաներին, որոնք չեն երեւում: Արդ այսպիսի մի հաւատով էր, որ անցեալ ժամանակների մարդիկ ընդունւեցին Աստծու կողմից» (Եբ. 11:1-2):

105 տարի առաջ թշնամին արմատախիլ արեց մեր ժողովուրդը իր հայրենի հողից ու այն աւերակի վերածեց այն միամիտ հաւատքով, որ հայը մոռանալու է իր հայրենիքը. մեծապէս սխալեր էր եւ սխալւում է, հայը չի մոռացել եւ մոռանալու չէ իր դրախտանման հայրենիքը, որովհետեւ նա ամբողջական գիտակցութիւնը ունի իր պատմութեան, իր հայրերի կեանքի, մշակութային ժառանգութեան եւ գիտակցութեամբ ապրում է խորհուրդը իր պահանջատիրութեան:

105 տարի առաջ իրագործւած Ցեղասպանութեամբ հայը զրկւեց իր կեանքի ամենաթանկ իրականութիւնից, իր հայրենիքից, իր հողից, սարից, լեռից, դաշտից, մի խօսքով այն ամէն ինչից որ հայրերի քրտինքով եւ արիւնով էր նւիրականացած: Հայրենիքի կորուստով կորան նաեւ ճարտարապետական, մշակութային այն կոթողներն ու կառոյցները, որոնցից մնացած աւերակները դեռեւս հիացմունքի առարկայ են:

105 տարի առաջ հրէշ թշնամին մեզ ջարդեց, ցեղասպանութեան ենթարկեց, զրկելով մեզ մեր պատմական հայրենիքից առանց անդրադառնալու, որ ճիշտ է ինքը մարդկանց սպանում է, սակայն հոգին չի կարող եւ հայը հոգու զօրութեամբ իր հայրենիքի տեսիլքով ապրեցաւ ու ապրում է եւ այսօր փառք Աստծու այդ պատմական հայրենիքի մի մասը իր Արցախով ազատ ու անկախ է եւ հաւատում ենք, որ այդ հայրենիքը ապագային լինելու է մեկնակէտը ամբողջական հայրենիքի ձեռքբերման:

Սաղմոսերգու մարգարէի հետ մենք էլ կրկնում ենք.

«Եթէ քեզ մոռանամ, ո՜վ Հայաստան, 

Թող աջ ձեռքս կտրւի,

Լեզուս չորանայ, եթէ քեզ չյիշեմ, Հայաստան,

Եթէ քեզ իմ ուրախութեան գագաթնակէտը չդարձնեմ:

 

Այո՛ սիրելի հայորդիներ, այս պէտք է լինի մեր ուխտը հաւատարմութեան եւ այս հաւատարմութեամբ շարունակելու ենք մեր պահանջատիրական պայքարը, մինչեւ ծագիլը նոր արշալոյսի, որի ոտնաձայնը լսում եմ, բանաստեղծ Անդրանիկ Ծառուկեան իր խօսքը ուղղելով Արարատին իբրեւ խորհրդանիշը մեր գրաււած հողերին ասում է.-

Պիտի փշրենք մեզ իրարմէ անջատող

Ճակատագրին սեւ պատնէշները բոլոր,

Պիտի հասնինք մեր ջուրերուն ու հողին

Ամենասուրբ՝ ըրած կարօտը շեփոր

Պիտի հասնինք թէ արեւներն իսկ փըլին,

Եւ ճամբաներն ըլլան դժոխք ու արիւն.-

Պիտի հասնինք կատարիդ:

……………………….

Եւ հաւատա՛ կրանիդիայ, ով Աստւած,

Սրբազա՛ն լեռ, հաւատա՛, թէ կը հասնենք,

Մենք կը հասնենք կատարիդ…:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

Ապրիլ 2020

Թեհրան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։