Հա

Համայնք

30/05/2020 - 14:15

Հանրապետական մաղթանք Ս. Սարգիս եկեղեցում Հայաստանի Հանրապետութեան 102-ամեակի առիթով

Սրանից 102 տարիներ առաջ հայ ժողովուրդը Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում մղած գոյամարտերում հիմքը դրեց Անկախ Հայաստանի պետականութեան:

«Մայիս 28-ը խորհրդանշեց հայ ժողովրդի վերածնունդը»

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Սրանից 102 տարիներ առաջ հայ ժողովուրդը Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում մղած գոյամարտերում հիմքը դրեց Անկախ Հայաստանի պետականութեան:

Երկամեայ, սակայն ներկայի երկու Հանրապետութիւններ՝ Հայաստանի ու Արցախի անկախ Հանրապետութիւնների հիմքը հանդիսացող Մայիսեան յաղթանակի 102-ամեակի առիթով, երէկ՝ մայիսի 29-ի առաւօտեան՝ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցւեց ս. պատարագ եւ հոգեհանգստեան արարողութիւն նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով քանի ամսեայ դադարից յետոյ, Մայիս 28-ի առիթով իրականացած առաջին եկեղեցական արարողութեանը եւ ս. պատարագին, իրենց մասնակցութիւնն էին բերել՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան անցեալ նստաշրջանի եւ ներկայի պատգամաւորները, Իրանում, ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանատան անձնակազմը, Հ.Յ.Դ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը, «Ալիք» հաստատութեան, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» օրաթերթի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Ս. պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդի ձեռամբ օրհնւեց Հայաստանի Հանրապետութեան Եռագոյն դրօշը եւ երգչախումբը հնչեցրեց «Մեր հայրենիք» օրհներգը, որից յետոյ Սրբազան Հայը իր քարոզի ընթացքում ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետութեան ծնունդը՝ Մայիսի 28-ը, մեր նորագոյն պատմութեան եւ 20-րդ դարի մեր պատմութեան մեծագոյն հրաշք դէպքը եղաւ, եւ ոչ թէ՝ դէպքերից մէկը, այն եղաւ եզակի հրաշք դէպքը, որը խորհրդանշեց մեր ժողովրդի վերածնունդը:

Սրբազան Հայրը յիշատակեց. «Հայոց Ցեղասպանութիւնից երեք տարի անց, մեր ժողովուրդը վերստին կեանքի կոչւեց, ինքը իր ձեռքով իր վերածնունդը կերտեց, ուրիշ ոչ ոքու միջամտութեամբ կամ օգնութեամբ, երեք ճակատամարտերում ժողովուրդը առանձին էր մնացած անարգ թշնամու դիմաց եւ ոչ ոք օգնութեան ձեռք չմեկնեց»: Թեմակալ առաջնորդը նշեց. «Երբ այսօր հաւաքւած ենք տօնելու Մայիսի 28-ը, որպէս մեր ազգի հպարտութեան, ապրելու եւ գոյատեւելու խորհրդանիշ եղած տօն, մեզ մնում է ոչ միայն խոնարհւել սրբազնաշունչ նահատակների յիշատակի առջեւ, այլ մեզ մնում է լաւագոյնս ուսումնասիրել, ճանաչել մեր պատմութիւնը, այն պատմութիւնը, որ մեր կեանքի կենսագրութիւնն է, այն պատմութիւնը, որ մեր ժողովրդի կեանքն է, որպէսզի դրանով ներշնչւենք ու զօրանանք: Մայիս 28-ը մեր պատմութիւնն է, մեր լեզուն է, մեր հաւատքն է»: Ս. պատարագի ընթացքում Սրբազան Հայրը ընթերցեց «Հանրապետական մաղթանքը», իսկ պատարագի աւարտին թեմակալ առաջնորդի միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ Ղարաքիլիսէի, Բաշ Ապարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցող ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար: Կրօնական արարողութեան ընթացքում եկեղեցում պատւի էին կանգնել Հ. Մ. Մ. «Նայիրի», Հ. Մ. «Սիփան» միութիւնների եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան սկաուտները:

Յաւարտ կրօնական արարողութեան եկեղեցու բակում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։