Հա

Համայնք

11/07/2020 - 15:00

Դոկտ. Վ. Ռաթէոսեան. «Բոլորն էլ կարող են նման իրավիճակում յայտնւել»

Այսօր կորոնավիրուսի հետ կապւած մեր հարցերին պատասխանում է վնասւածքաբան, ներքին հիւանդութիւնների բժիշկ դոկտ. Վահիկ Ռաթէոսեանը:

«ԱԼԻՔ» - Այսօր կորոնավիրուսի հետ կապւած մեր հարցերին պատասխանում է վնասւածքաբան, ներքին հիւանդութիւնների բժիշկ դոկտ. Վահիկ Ռաթէոսեանը: Բժիշկ մասնագէտը, ով այս չորս ամիսների ընթացքում անընդմէջ աշխատել է իր կլինիկայում եւ նոյնիսկ ընդունել կորոնավիրուսով վարակւած հիւանդների, մեզ հետ զրոյցում մատնանշեց մի կարեւոր հանգամանք, որ կանոնների խիստ պահպանման դէպքում վարակման վտանգ չի սպառնում,- «Ես արդէն չորս ամիս է, որ կորոնավիրուսի ժամանակահատւածում աշխատում եմ իմ կլինիկայում եւ այդ օրէնքներին խիստ հետեւում եմ ու ոչ մի վտանգ ինձ մօտ չկայ, նոյնիսկ այցելու հիւանդը վարակակիր է եղել»:

Բժիշկը աւելացնում է, որ իր փորձը եւ խորհուրդները, վստահ է, որ կը տան իրենց արդիւնքը. «Ես յոյսով եմ, որ կօգնի իմ նկատառումները մեր հայ հասարակայնութեանը»,- նշում է նա:

Անդրադառնալով վիրուսի վարակման եւ դրա հնարաւորութեան դէպքերին նա յաւելեց, որ,- «Կորոնավիրուսը մօտաւորապէս 80 տոկոս մարդկանց մօտ կարող է առանց հիւանդութեան նշանների անցնի, հիմնական խնդիրը, որ գոյութիւն ունի այդ 20 տոկոսի մօտ է՝ նրանց մօտ բարդութիւններ է առաջանում ուղեկցւող, կողմնակի հիւանդութիւնների պատճառով»:

Ինչպէ՞ս անհատը պաշտպանւի չվարակւելու համար, նա նշեց. «Սա շատ լաւ հարց է՝ կորոնավիրուսից պաշտպանւելու համար շատ կարեւոր է, որ մենք հասկանանք եւ ըմբռնենք, թէ ինչ է կատարւում, որպէսզի կարողանանք նաեւ պաշտպանւել: Վիրուսը անցնում է օդակաթիլային ճանապարհով, նստում է մակերեսների վրայ եւ երկար է դիմանում, հագուստի վրայ վիրուսը 4-ից 6 ժամ դիմակայում է: Ամենակարեւոր բանը, որ պէտք է արւի, դա դիմակ կրելն է, սա շատ կարեւոր գործօն է յատկապէս նրանց համար, ովքեր վարակակիր են: Երկրորդ կարեւորագոյն գործօնը, դա ձեռնոց հագնելն է կամ եթէ ոչ, ապա անընդհատ ձեռքերը լւանալը եւ ալկոհոլով հականեխելը:

Երրորդ գործօնը, որը շատ պակաս կարեւոր չէ, դա սոցիալական հեռաւորութիւնն է, որը պէտք է խիստ պահպանւի:

Շատ կարեւոր մի մատնանշում՝ վերը նշւած օրէնքների խիստ պահպանման դէպքում երբեք չէք վարակւի»:

Օրեր առաջ կորոնավիրուսից մահացած տիկնոջ դէպքին անդրադառնալով, նա խիստ դատապարտեց հասարակայնութեան սոցցանցերի անհիմն արձագանգները, նշելով որ. «Վերջին դէպքի հետ կապւած սխալ մօտեցում է դրսեւորւել եւ խիստ դատապարտելի է: Փոխանակ մահացածի հարազատներին հոգեպէս սատար լինելու, չի կարելի նւաստացնել, առանց այն էլ նրանք հիմա շատ ծանր վիճակում են: Անշուշտ՝ ես արդէն նշեցի, որ այս հիւանդութիւնը վիրուսային է եւ ցանկացած վիրուսի դէպքում մահացութիւն կարող է գրանցւել: Մահւան դէպքերը յատկապէս այս վիրուսի դէպքում անխուսափելի են: Ոչ ոք ապահովագրւած չէ, բոլորին էլ կարող է վտանգ սպառնալ, բոլորն էլ կարող են նման իրավիճակում յայտնւել»:

Զրոյցի աւարտին բժիշկը մէկ անգամ եւս կարեւորեց վերը նշւած կանոնների պահպանումը եւ յաւելեց, որ երբեք չի կարելի դատապարտել եւ արհամարհել վարակակիր հիւանդին կամ մահացածի հարազատներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։