Հա

Համայնք

26/12/2020 - 13:40

Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիի-ի այցը՝ հայկական կենտրոններ

Կառավարութեան խօսնակ եւ Հանր. նախագահի սոցիալական կապերի հարցերով օգնական դոկտ. Ալի Ռաբիին դեկտեմբերի 25-ին, Ամանորի եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան ու Մկրտութեան տօների նախաշեմին այցելել է Ս. Վարդանանց եկեղեցի, «Սահակեան» բարեսիրական կենտրոն եւ «Չիլոյեան» տարեցների խնամքի կենտրոն:

«ԱԼԻՔ» - Կառավարութեան խօսնակ եւ Հանր. նախագահի սոցիալական կապերի հարցերով օգնական դոկտ. Ալի Ռաբիին դեկտեմբերի 25-ին, Ամանորի եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան ու Մկրտութեան տօների նախաշեմին այցելել է Ս. Վարդանանց եկեղեցի, «Սահակեան» բարեսիրական կենտրոն եւ «Չիլոյեան» տարեցների խնամքի կենտրոն:

Հանդիպման ընթացքում դոկտ. Ռաբիին եւ իրեն ընկերակցող պատւիրակութեան անդամները ի շարս սոցապահովութեան նախարարի տեղակալ Սադեղիֆարը մօտկից հանդիպել են կենտրոնում բնակւողներին, շնորհաւորել տօների կապակցութեամբ, այնուհետեւ ծանօթացել կենտրոնների գործունէութեանը եւ իրականացւող աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում, դոկտ.Ռաբիին ընդգծել է. «Ես որպէս կառավարութեան ներկայացուցիչ դեկտեմբերի 25-ը շնորհաւորում եմ քրիստոնեայ հայրենակիցներին»: Նա աւելացրել է. «Թաւրիզից մինչեւ Սպահան ու Ուրմիա, երկրում ունենք փողոցներ, որոնց մէջ կան միաժամանակ եկեղեցի, մզկիթ, մեհեան եւ սինագոգ: Մեր քաղաքներն ու պողոտաները ապացոյցն են խաղաղ գոյակցութեան: Այսօրւայ աշխարհում, երբ դէմ-յանդիման ենք կանգնած պատերազմների, բռնութիւնների ու ծայրայեղականութեան, աշխարհը կարիք ունի մեր խաղաղ գոյակցութեան տարբերակի: Իրանում բոլոր Աստւածային կրօնների նկատմամբ յարգալից վերաբերմունք է դրսեւորւում»: Նա նաեւ իր պատրաստակամութիւնն է յայտնել համագործակցութիւնների ծաւալման եւ ընդլայնման ուղղութեամբ:

Դոկտ. Ռաբիի-ին հիւրընկալել են Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետ Մուշեղ Ծատուրեանը, «Չիլոյեան» կենտրոնի տնօրէն Վահէ Յովակիմեանը եւ Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։