Print this page
09/01/2021 - 13:20

«Դուլաբ»-ի գերեզմանատանը վնասներ չի հասցւել, դժգոհութիւններ կան վերահսկողական մեխանիզմի ոչ պատշաճ ապահովման հարցով». Արա Շահվերդեան

Թեհրանի «Դուլաբ» գերեզմանատանը վնասներ հասցւելուն ուղղւած տարածւած տեղեկատւութեան ստուգման նպատակով յունւարի 7-ին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ շինարարական յանձնաժողովի անդամ Արա Շահվերդեանը, նոյն յանձնաժողովին անդամակցող իր գործընկերոջ՝ Էղբալ Շաքերիի հետ այցելել է Թեհրանի «Դուլաբ» գերեզմանատուն:

«alikonline.ir» - Թեհրանի «Դուլաբ» գերեզմանատանը վնասներ հասցւելուն ուղղւած տարածւած տեղեկատւութեան ստուգման նպատակով յունւարի 7-ին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ շինարարական յանձնաժողովի անդամ Արա Շահվերդեանը, նոյն յանձնաժողովին անդամակցող իր գործընկերոջ՝ Էղբալ Շաքերիի հետ այցելել է Թեհրանի «Դուլաբ» գերեզմանատուն. հաղորդում է YJC.ir-ը։

Այցի ընթացքում ներկայ են եղել Թ.Հ.Թ. Թեմական խորհրդից ներկայացուցիչներ, Իրանի պատմական ժառանգութիւնների կենտրոնում եկեղեցիների եւ համաշխարհային ժառանգութիւնների պահպանման հարցերով կենտրոնի տնօրէնը, Թեհրանի գերեզմանատների վերանորոգման եւ բարեկարգման հարցերով յանձնակատար-պատասխանատուները, ինչպէս նաեւ՝ «Բեհեշտ Զահրա» կազմակերպութեան շինարարական հարցերով պատասխանատուները։

Վերանորոգման գործընթացին անդրադառնալով Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի ղեկավար Շերլի Աւետեանը լրագրողների հետ զրոյցի ընթացքում մտահոգութիւն է յայտնել գերեզմանատան վերանորոգման պրոցեսում երկկողմ վերահսկողական մեխանիզմների բացակայութեան հարցով։

Իսլ. խորհրդարանի շինարարական յանձնաժողովի անդամ Էղբալ Շաքերին ողջունելով, վերանորոգումներին յատկացւած բիւջէի տրամադրման փաստը՝ նշել է, որ գերեզմանատները եւ, առհասարակ, դրանց պահպանման անհրաժեշտութեան խնդիրները հասարակական հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր են։

Նա նաեւ հերքել է գերեզմանատանը վնասներ հասցւելու մասին տարածւած լուրերը՝ շեշտելով, որ այդ տեղեկատւութիւնը հաստատելու հիմքեր եւ փաստեր չկան:

Վերանորոգումների համար կատարւած աշխատանքները բարձր գնահատելով Արա Շահվերդեանն, այնուամենայնիւ, դժգոհութիւն է յայտնել պատմամշակութային նշանակութիւն ներկայացնող միջավայրի նկատմամբ քաղաքապետարանի եւ պատմական ժառանգութիւնների պահպանման կենտրոնի վերահսկողական մեխանիզմի ոչ լիարժէք մակարդակի ապահովման համար:

Նա նաեւ նկատել է, որ պատմամշակութային նշանակութեան կառոյցների պահպանման հարցով, այդ թւում՝ «Էբն է Բաբէւէյ» եւ «Թախթ Ֆուլադ»-ի համար նոյնպէս կարող են էական մտահոգութիւններ առաջանալ։

Արա Շահվերդեանը նաեւ նշել է, որ վերահսկողական մեխանիզմի պակասի հարցը ներկայացրել է պատմշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար դոկտ. Ալի Ասղար Մունէսեանին:

Մունէսեանին յղած իր նամակի տեքստին անդրադառնալով, Շահվերդեանը նշել է. «Այնտեղ շեշտադրել եմ պատմամշակութային նշանակութիւն ներկայացնող միջավայրի, մեր պատմական ինքնութեան պահպանման կարեւորութեան, տւեալ պարագայում՝ «Ղաջար»-ի շրջանին վերաբերող «Դուլաբ» գերեզմանատան պահպանման կարեւորութեանը, եւ դրա վերանորոգման պրոցեսի ընթացքում տեղ գտած բացթողումներին»:

Նշելով, որ վերանորոգումների պրոցեսում բացակայում է յատուկ խնամքի միջոցառումների ապահովումը պատգամաւորը յաւելել է, որ բարեկարգման աշխատանքների կազմակերպումը իրականացւել է ֆինանսական միջոցների պակասի պայմաններում:

Հէնց այդ պատճառով էլ, Արա Շահվերդեանի հաւաստիացմամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը դիմել է Թեհրանի քաղխորհրդի, Թեհրանի 14-րդ շրջանի եւ «Բեհեշտ Զահրա» կազմակերպութեանը, որոնց հետ կայացել է համապատասխան պայմանաւորւածութիւն:

Արդիւնքում, նրա խօսքով՝ նշւած ինստիտուտները համաձայնւել են, օգտւել գերեզմանատների վերականգման համար իրենց յատկացւած բիւդջէի հաշիւներից:

Նա նաեւ տեղեկացրել է, որ գերեզմանատան վերանորոգման ֆինանսաւորման շուրջ 70 տոկոսն, արդէն իսկ իրականացւել է:

Արա Շահվերդեանը բարձր գնահատելով կատարւած աշխատանքները, յաւելել է, որ վերանորոգման հետ կապւած նախագիծը հաստատւել է, դեռեւս 1383 թւականին՝ Թեհրանի քաղխորհրդի նիստի ընթացքում։

Սակայն, այն, Արա Շահվերդեանի խօսքով՝ չի գործադրւել Ահմադինեժադի քաղաքապետութեան, եւ այլ քաղաքապետերի պաշտօնավարման օրօք:

Արա Շահվերդեանը նաեւ անդրադարձել է «Դուլաբ» գերեզմանատան յարակից «Արամանէ» հրապարակի անւանափոխման  հետ կապւած նախագծին՝ նշելով, որ 1347 թւականից պահպանւած փաստաթղթերի համաձայն հրապարակի անւանումը հէնց «Արամանէ» է եղել:

Հրապարակի անւանափոխման հետ կապւած նախագծի պատճառները պարզելուն ուղղւած քայլեր է ձեռնարկել՝ հարցադրումներ ուղղելով Թեհրանի քաղխորհրդի ղեկավար Մոհսէն Հաշեմի Ռաֆանջանին։

«Ռաֆսանջանիին յղած նամակում քաղխորհրդի ղեկավարին խնդրել եմ ներկայացնել անւանափոխման հետ կապւած  պատճառները»,- նշել է Շահվերդեանը՝ նկատելով, որ դրա պատճառները դեռեւս պարզ չեն։

«Թէկուզ հնարաւոր է տրամաբանական բացատութիւններ լինեն նախագծի հետ կապւած»,- նկատել է նա՝ այնուամենայնիւ, յաւելելով, որ անւանափոխման հետ կապւած նախագիծը կարող է մերժւել:

Յարակից լուրեր