Հա

Համայնք

07/04/2021 - 13:30

Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ

Ամէն անգամ, երբ գրիչը ձեռքս առած ուզում եմ մօր մասին ինչ որ բան գրել, դժւարանում եմ մի բան գրել, ոչ թէ որովհետեւ գրելիք չկայ կամ չեմ կարող գրել, այլ պարզապէս նրա համար, որ այնքան բան կայ գրելիք մօր, մօր տիպարի եւ մայրութեան նւիրական գաղափարի մասին, որ չգիտես որտեղից սկսել եւ որտեղ վերջակէտ դնես։ Այո՛, մայրութեան խորհուրդը անսահման է եւ անհուն եւ մենք հունաւոր էակներս դժւարանում ենք բառերով, թանձրացեալ ձեւով այն արտայայտել։

Ամէն անգամ, երբ գրիչը ձեռքս առած ուզում եմ մօր մասին ինչ որ բան գրել, դժւարանում եմ մի բան գրել, ոչ թէ որովհետեւ գրելիք չկայ կամ չեմ կարող գրել, այլ պարզապէս նրա համար, որ այնքան բան կայ գրելիք մօր, մօր տիպարի եւ մայրութեան նւիրական գաղափարի մասին, որ չգիտես որտեղից սկսել եւ որտեղ վերջակէտ դնես։ Այո՛, մայրութեան խորհուրդը անսահման է եւ անհուն եւ մենք հունաւոր էակներս դժւարանում ենք բառերով, թանձրացեալ ձեւով այն արտայայտել։

Սիրելի՛ մայր, սո՛ւրբ ես ու պաշտելի, դրա համար մեր հաւատքի աղբիւրը հանդիսացող Աստւածաշունչ մատեանը իր առաջին էջերից սկսեալ յիշեցնում է մեզ աստւածադիր ու աստւածահաճ օրէնքը. «Պատւիր քո հօրն ու մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստւած տալու է քեզ» (Ելք. 20։12)։

Մեր Տէրն ու Փրկիչը իր երկրաւոր կեանքի ամենատառապեալ ու դառն պահերին իսկ չմոռացաւ իր մօրը եւ խաչի վրայ բազկատարած մտահոգ իր մօր ապագայով, երբ տեսնում է նրան եւ իր սիրած աշակերտին, որ կանգնած էր նրա մօտ, ասաց մօրը.

- Մայր, ահա քո որդին։

Իսկ իր սիրելի աշակերտին էլ ասաց.

- Ահա քո մայրը։

Ինչ գեղեցիկ, ներշնչող եւ դաստիարակիչ երեւոյթ. Աստւածորդին իր երկրաւոր կեանքի վերջին րոպէներին մօր խնամատարութիւնը յանձնում է իր ամենասիրելի աշակերտներից Յովհաննէս Աւետարանչին։ Որքան թելադրական է եւ օրինակելի։ Վստահաբար Քրիստոս զգացել էր իր մօր սիրոյն մեծութիւնը, որով Աստւածամայրը ողողել էր իր շրջապատը նրան մղելով այնպիսի զոհողութիւնների, որոնք միայն իրեն էին յատուկ։ Քրիստոս խաչի վրայից հաստատեց մօր, մայրական սիրոյ ինքնուրոյնութիւնը, երբ վերջին անգամ փնտրեց նրան.«Ո՞ւր ես մայր իմ». մարդ էակը իր կեանքի տագնապալի պահերին փնտրում է իրեն ամենասիրելի էակին։

Մայրը ընտանիքի, տան սիւնն է, որ տունը ջերմ օջախի է վերածում։ Համօ Սահեանն իր խօսքը մօրը ուղղելով գրում է.-

Տանս ճրագն էիր եւ ծուխն էիր տանս,

Դու իմ միակն էիր, ինչպէս Հայաստանս։

Հայ մայրը, Խրիմեան Հայրիկի բառերով, տան թագուհին է, որ իր թագաւոր ամուսնու հետ տունը վերածում է ծաղկեալ, շէն ու բարգաւաճ փոքրիկ այգեստանի։

Հայ մայրը իր զաւակներին հաւատքի, հերոսութեան, քաջութեան եւ հաւատարմութեան օրինակն է։ Փառանձեմ թագուհին, Վարդանանց պատերազմից յետոյ յայտնւած նահատակւած եւ գերեվարւած նախարարների «Տիկնայք փափկասունք» սքանչելի խմբակը, հետագայ դարերի գեղեցկագոյն օրինակը հանդիսացան հայ կնոջ իրական պատկերը ներկայացնող։

Ոչ միայն հնագոյն եւ միջին դարերը հայ կնոջ անձնազոհութեան, նւիրումի, բարեգործութեան եւ նահատակութեան վկայարաններն են, այլ մեր վերջին աւելի քան երկու հարիւր տարիների պատմութիւնը լուսաւոր վկայարանն է հայ կնոջ կեանքի եւ սխրագործութեան։ Մեր ժողովրդի ազատագրական պայքարի պատմութիւնը վկայում է հայ կնոջ, հայ մօր դերակատարութեան, հայ ֆիդայու կողքին իր արի եւ քաջ կեցւածքին։ Դեռեւս Արցախեան ազատագրական պայքարի օրերին հայ կինը իր ամուսնու կողքին էր, հայ մայրը իր որդու, իր եղբօր աջակիցն ու քաջալերողն էր։ Ճիշտ է անմահանուն բանաստեղծ Պարոյր Սեւակը, երբ երկնում է.-

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը…

Ծով լռութեա՜մբ, համբերութեամբ.

Երկինք պարզած սիւն են դարձել այս ձեռքերը

Որ չփլի իր տան սիւնը՝

Որդին կռւից դառնայ տուն:

Արցախեան վերջին պատերազմում հայ մայրը իր որդուն, եղբօր, ամուսնուն, հարազատի նահատակութեան, անհետ կորուստի, վիրաւորւելու, անդամահատւելու դառնութիւնը ապրեց ու շարունակում է դեռ ապրել։ Թշնամու թակարդում յայտնւած հայ մայրը, հայ կինը հերոսաբար ու համբերութեամբ տառապանքը կրելու ախոյեանը հանդիսացաւ։

Հայ մայրը իր էութեամբ յուշարարն է եղել մեր անցեալի կեանքի, արժէքների, հայրենի գիւղի ու ամէն ինչին, որ մեզ կապում էր հայրենի մեր երկրին, բանաստեղծի բառերով.-

Երբ որ լուռ ես ու նստած, շալ մը ձգած ուսերուդ,

Իլիկն է, որ կը մանես հին օրերու յուշերուդ,

Կը յիշես տունն հայրենի, ճամբաները արեւառ

Ուրկէ անցած ես թեթեւ՝ հովերուն հետ բռնած պար։

 

Ու կը պատմես, թէ ինչպէս արեւն այնտեղ ուրիշ էր,

Ծաղիկներուն, խոտերուն համն ու հոտը ուրիշ էր,

Էն մեր վանքին, լեռան տակ զանգին ձէնը ուրիշ էր,

Ա՜խ, ուրիշ էր, ուրիշ էր, հացին համն իսկ ուրիշ էր։

Այո, սիրելի մայր դու էլ ուրիշ էիր եւ ես, քո ամէն ինչը ուրիշ է. աշխարհը իր հոգսերով ուրիշ է, բայց դու բոլոր «ուրիշ»-ների մէջ էլի ուրիշ ես ինձ համար, որովհետեւ քեզ յիշելիս վերյիշում եմ իմ լեզուն, պատմութիւնը, մօտիկ անցեալի հայրենի գիւղի կեանքը, որից անընդհատ պատմում էիր, մի խօսքով դու ինձ համար իմ Հայրենիքն էիր, ու հիմա, որ ֆիզիկապէս չկաս, քո յուշերդ ու յիշատակդ ինձ լալու չափ յուզում են, մայր իմ անուշ, մայր իմ քաղցր ու խոնարհ, մայր իմ սուրբ ու սրբազան։

Ննջեցէք խաղաղութեամբ սիրելի մայրեր, որովհետեւ ձեր անւան ու յիշատակի մէջ ամբողջ մի պատմութիւն վերակենդանանում ու դառնում են կեանքի ճանապարհ մեր նոր մայրերի, հերոսուհիների։

Ձեր տօնը շնորհաւոր թանկագին մայրեր։

Ու փոխան ծաղկի Սեւակեան այս բառերը ընդունեցէք իբրեւ անթառամ ծաղիկներ ընծայ ձեզ սիրելի եւ թանկագին մայրեր.-

Եկէ՛ք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած, սնած,

Մեզ աշխարհում շահած, պահած,

Մեզնից երբէք չվշտացած,

Փոշի սրբող, լւացք անող,

Անվերջ դատող, անվերջ բանող

Այս ձեռքերը,

Թող որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պէս

Խա՛ս ձեռքերը…

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

7 Ապրիլի, 2021

Թեհրան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։