Հա

Համայնք

12/04/2021 - 13:50

Կատարւեց «Ս. Թադէի վանքի յուշանամականիշի» շնորհանդէսը

Երէկ առաւօտեան Թեհրանի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում շնորհադէսը կատարւեց «Ս. Թադէի վանքի յուշանամականիշի»:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ առաւօտեան Թեհրանի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում շնորհադէսը կատարւեց «Ս. Թադէի վանքի յուշանամականիշի»:

Թանգարանի տնօրէն՝ Ալիս Շահմուրադեանի կողմից ներկաներին ողջոյնի ու բարիգալստեան խօսքի փոխանցումից եւ թանգարանի ու շնորհանդէսի մասին բացատրութիւններից յետոյ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ՝ Աշոտ Սինանեանը: Սրբազան Հօր պատգամի մէջ ընդգծւել էր, որ Իրանն ու Հայաստանը, որպէս տարածաշրջանի ամենահին երկրները ունեն հարուստ մշակոյթով ժողովուրդներ եւ բարեկամական յարաբերութիւններ, որի լաւագոյն վկան է Ատրպատականում, Ս. Թադէոս Առաքեալի վանքի, Ս. Ստեփանոս նախավկայի վանքի եւ Ծործորի վանքի պահպանման համար տարւած աշխատանքները, որոնք համարւում են քրիստոնէութեան ու հայ ժողովրդի արժէքաւոր գանձեր: Պատգամի այլ բաժնում նշւած էր. «Սա այն պայմաններում է, երբ հարեւան երկիր Թուրքիայի միջոցով աւերւել են հայ ժողովրդին ու քրիտոնէութեանը պատկանող դարաւոր անցեալով շատ եկեղեցիներ»:

Միջոցառմանը Իրանի փոստի ազգային ընկերութեան գլխաւոր տնօրէն եւ կապի նախարարի տեղակալ՝ Սոբհանի Ֆարը, կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան-Հայաստան նմանօրինակ համատեղ միջոցառումներին՝ երկու երկրների բարեկամական կապերը ընդլայնելու առումով: Նա ընդգծեց, որ նամականիշի շնորհանդէսը եւ մի խօսքով նամականիշը հասարակութիւնների ու ժողովուրդների միջեւ մշակութային դեսպանն ու խորհրդանիշն է:

Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի ու Հայաստանի միջեւ փոստի վաղեմի անցեալին եւ Իրանի պատրաստակամութիւնը յայտնեց երկու երկրների միջեւ փոստի ցամաքային ու օդային փոխանակումները վերսկսելու առումով:

Միջոցառմանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, իր գնահատանքի խօսքը ուղղեց Իրանի պետական այրերին, մասնաւորապէս Իրանի Մշակոյթի ժառանգութեան պահպանման նախարարութեանը եւ Կապի ու տեխնոլոգիայի նախարարութեանը, որոնք իրենց ուշադրութեան կենտրոնում են պահում Հայաստանի հետ բարեկամական եւ համագործակցային յարաբերութիւնների բարձր մակարդակը: Դեսպանը կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում հայկական պատմական եկեղեցիների ու վանքերի գոյութիւնը դրանք որակելով երկու երկրների բարեկամութեան խորհրդանիշը, եւ ընդգծեց. «Հայ-իրանական միջպետական յարաբերութիւնը խարսխւած են երկու ժողովուրդների հազարամեայ, դարաւոր ջերմ բարեկամական կապերի վրայ: Միջոցառումը կարող է շատ գեղեցիկ ուղերձ լինել ամբողջ աշխարհին ու մեր տարածաշրջանի երկրներին: Մեր երկու ժողովուրդների ու մեր երկու երկրների բարեկամութիւնը, միջկրօնական, հանդուրժողականութիւնը ու ջերմ վերաբերմունքը, մարդկային ու ժողովուրդների համակեցութեան լաւագոյն օրինակներից մէկն է»:

Միջոցառմանը ներկաներին խօսք ուղղեց Իրանում Թանգարանների ազգային կոմիտէի՝ ԻԿՕՄ-ի նախագահ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ «Արտակ Մանուկեան» թանգարանում իրականացւած միջոցառումներին ընդգծելով, որ Իրանը սրբազան երկիր է եւ աշխարհում ամենաշատ թւով եկեղեցիները գտնւում են Իրանում եւ Իրանում եկեղեցիների կենտրոնի հիմնադրումը՝ մշակութային ժառանգութեան վերահսկողութեամբ բացայայտ վկան է Իրանում բոլոր կրօնների մշակութային ժառանգութիւնների նկատմամբ եղած յարգանքի: Նա գնահատանքով անդրադարձաւ «Արտակ Մանուկեան» եւ ներկայիս թանգարանում տարւող աշխատանքների մասին, կարեւորելով թանգարանի սկզբնաւորման օրից իր աշխատանքը իրականացնող Իրանում Եկեղեցիների կենտրոնի տնօրէն Շեռլի Աւետեանին եւ թանգարանի ներկայի պատասխանատու Ալիս Շահմուրադեանին:

Միջոցառման աւարտին ձեռամբ Իրանի փոստի ազգային ընկերութեան գլխաւոր տնօրէնի, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցչի շնորհանդէսը կատարւեց նամականիշի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։