Հաշւած օրեր են մնացել Իրանի Իսլ. Հանրապետութեան 13-րդ նախագահական ընտրութիւններին՝ յունիսի 18-ին: Իրանի նախագահական ընտրութիւնների կապակցութեամբ «Ալիք» օրաթերթը կազմակերպել էր հանդիպում՝ «Նախագահական ընտրութիւններում ժողովրդի զանազան խաւերի առաւելագոյն մասնակցութիւնը ապահովելու առումով ԶԼՄ-ների դերը» խորագրով:
«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հաշւած օրեր են մնացել Իրանի Իսլ. Հանրապետութեան 13-րդ նախագահական ընտրութիւններին՝ յունիսի 18-ին: Իրանի նախագահական ընտրութիւնների կապակցութեամբ «Ալիք» օրաթերթը կազմակերպել էր հանդիպում՝ «Նախագահական ընտրութիւններում ժողովրդի զանազան խաւերի առաւելագոյն մասնակցութիւնը ապահովելու առումով ԶԼՄ-ների դերը» խորագրով:
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպւած հանդիպումը, որին ներկայ էին Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների բաժնի պատասխանատուները, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ազգային մարմինների ու իշխանութեան ներկայացուցիչները, մեկնարկեց Իրանի Իսլ. Հանրապետութեան պետական հիմնով:
Ապա կազմակերպիչ յանձնախմբի անունից ներկաներին ողջոյնի խօսք ուղղելով «Ալիք»-ի կայքէջի խմբագիր Արամ Շահնազարեանը ով միաժամանակ միջոցառման հաղորդավարն էր ընդգծեց, որ երկրում անցկացւող ընտրութիւններին ժողովրդի մեծամասնութեան մասնակցութիւնը ապահովում է երկրի ազգային շահերը, ներքին անվտանգութիւնը, որոնք միջազգային բեմում երկրի հզօր դրսեւորման ապացոյցն են:
Նա նշեց ներկայ պայմաններում, երբ Իրանի Իսլ. Հանրապետութեան թշնամիները, ի մասնաւորի՝ ԱՄՆ-ը եւ սիոնիստական ռեժիմը փորձում են ամէն գնով սահմանփակել Իրանի մանեւրելու կարողականութիւնը տարածաշրջանում եւ միջազգային շրջանակներում, առաջիկայ ընտրութիւնները կարող են իրենց անվերապահ դերը ունենալ երկրի ապագայի արտաքին քաղաքականութեան ընթացքի եւ երկրի ազգային շահերը ապահովելու հարցում:
Միջոցառմանը «Ալիք» հաստատութեան անունից ելոյթ ունեցաւ Սուրիկ Աբնուսեանը, ով կարեւորելով ընտրութիւններին մասնակցութիւնը ընդգծեց, որ մասնակցելով ընտրութիւններին մենք եւս մասնակից ենք դառնում մեր ճակատագրի կերտմանը եւ նշեց, որ միայն կենսունակ համայնքներն են կարող գոյատեւել այս աշխարհում:
Նա ընդգծեց. «Միջոցառումը հիմնականում երկու նպատակ է հետապնդում. Նախ՝ առաջարկութիւններ ներկայացնել ընտրութիւններում ժողովրդի մեծամասնութեան մասնակցութիւնը ապահովելու համար եւ երկրորդ՝ ապացուցել Իրանի համայն ժողովրդի բոլոր շերտերի միասնականութիւնը, քանզի մենք բոլորս իրանցիներ ենք եւ Իրանը մեր հայրենիքն է»:
Իրանի եւ Իրանի նախագահական ընտրութիւնների կարեւորութիւնից ելնելով, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդներին կոչ է ուղղել ժողովրդին խրախուսել մասնակցել ընտրութիւններին: Այդ առիթով Վեհափառ Հայրապետի կոչը ընթերցեց Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, իսկ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մասնակցութեան կոչը ընթերցեց Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը:
Ապա հրաւիրւեց արտայայտւելու Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխատանքների եւ հաւաքականութիւնների գերատեսչութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցով տեղակալ Ալի Ալիփուրը, ով ողջունելով «Ալիք»-ի նախաձեռնութիւնը, կարեւորեց ԶԼՄ-ների դերը ժողովրդի մեծամասնութեան մասնակցութիւնը ապահովելու եւ թշնամի ու մեծապետական ուժերի ԶԼՄ-ների բացասական դերը չէզոքացնելու առումով:
Օրւայ առիթով ելոյթի հրաւիրւեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով կարեւորեց նախագահական ընտրութիւնների սեմին 90-ամեայ անցեալով «Ալիք»-ի նախաձեռնութիւնը եւ ընդգծեց ԶԼՄ-ների դերը ընտրութիւններին մասնակցութիւնը ապահովելու եւ պարզաբանելու հարցով: Նա նշեց, որ ընտրութիւնները քաղաքական առումով ապացուցում են իւրաքանչիւր հասարակութեան ժողովրդի իրազեկութիւնը եւ նրա զգայնութիւնը իրենց իշխող համակարգի նկատմամբ, իսկ ներքին բնագաւառում ընտրութիւնները դրսեւորում են ազգային կամքը եւ արտաքին բեմում ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը ապացուցում է երկրի հզօրութիւնը:
Վերջում հրաւիրեալներին առիթ տրւեց արտայայտւելու եւ առաջարկութիւններ ներկայացնելու: Այս բաժնում արտայայտւեցին Քաղխորհուրդների երկու հայ թեկնածուներ՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանն ու ճրտգ. Մելինդա Ղարիբեանը:
Ձեռնարկը աւարտւեց համեստ հիւրասիրութեամբ: